Ձեր բժիշկը, հավանաբար, կհարցնի ձեզ ձեր անձնական և ընտանեկան հիվանդության պատմության մասին:
Այնուհետև նա կարող է ձեզ առաջարկել հետազոտություններ և միջամտություններ, որոնք օգտագործվում են ոչ հոջկինյան լիմֆոման ախտորոշելու համար:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը շոշափում-ստուգում է այտուցված ավշային հանգույցները, այդ թվում՝ պարանոցի, թեւատակերի և աճուկների, ինչպես նաև շոշափում է ձեր որովայնը փայծաղի կամ լյարդի այտուցվածություն հայտնաբերելու համար:
- Արյան և մեզի թեստեր. արյան և մեզի թեստերը կարող են օգնել բացառելու վարակը կամ այլ հիվանդությունները:
- Պատկերային հետազոտություններ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ՝ ձեր օրգանիզմի այլ վայրերում լիմֆոմայի բջիջների նշաններ որոնելու համար: Դրանք կարող են ներառել համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
- Ավշային հանգույցների թեստ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավշային հանգույցի բիոպսիայի միջամտություն՝ լաբորատոր հետազոտության համար ավշային հանգույցի ամբողջական կամ մի մասի հեռացման համար: Լաբորատորիայում ավշային հանգույցների հյուսվածքի հետազոտությունը կարող է պարզել, թե ունեք արդյոք ոչ հոջկինյան լիմֆոմա և, եթե այո, ապա որ տեսակն է:
- Ոսկրածուծի թեստ. ոսկրածուծի բիոպսիայի և ասպիրացիայի միջամտությունը ներառում է ասեղի ներմուծում ձեր զստոսկրի մեջ՝ ոսկրածուծի նմուշ արտածծելու համար: Նմուշը ենթարկվում է լաբորատոր հետազոտման, որի ընթացքում ստուգվում է ոչ հոջկինյան լիմֆոմայի բջիջների առկայությունը:
- Գոտկային պունկցիա. եթե մտավախություն կա, որ լիմֆոման կարող է տարածվել ձեր ողնուղեղը շրջապատող հեղուկի մեջ (կոչվում է ողնուղեղային հեղուկ կամ լիքվոր), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ միջամտություն՝ հետազոտման համար նմուշառելու քիչ քանակով հեղուկ: Գոտկային պունկցիայի ժամանակ բժիշկը ձեր գոտկատեղից փոքրիկ ասեղ է ներմուծում ձեր ողնաշարային խողովակի մեջ:
Կախված ձեր իրավիճակից, ձեզ նաև կարող են խորհուրդ տալ այլ լրացուցիչ հետազոտություններ և ախտորոշիչ միջոցառումներ:
Ձեր բժիշկն օգտագործում է այս հետազոտություններից և միջամտություններից ստացված տվյալները՝ որոշելու ձեր ոչ հոջկինյան լիմֆոմայի ենթատեսակը և այն, թե որ բուժումները կարող են առավել արդյունավետ լինել: Գոյություն ունեն ոչ հոջկինյան լիմֆոմայի բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ հազվադեպ ձևեր, որոնք որոշ բժիշկներ գուցե երբեք չեն տեսել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ փորձառու բժշկի կողմից ձեր հյուսվածքային նմուշներ գնահատումը կարող է օգնել ավելի ճշգրիտ ախտորոշմանը: Եթե ձեր ախտորոշման հետ կապված որևէ մտահոգություն ունեք, մտածեք երկրորդ կարծիքի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024