Գրադարան
Ծայրամասային նյարդերի հիվանդություններ

2 րոպե
Ծայրամասային կամ պերիֆերիկ նյարդերը ներառում են ձեր գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդերը։
Դրանց են պատկանում, օրինակ, ձեր դեմքի, վերջույթների և մարմնի նյարդերը։ Այս նյարդերը նյարդահաղորդչական կապ են ստեղծում մի կողմից գլխուղեղի և մյուս կողմից մկանների, մաշկի և ներքին օրգանների միջև։
Ախտահարվելիս ծայրամասային նյարդերը չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել նյարդահաղորդականությունը՝ աղճատելով կապը ձեր գլխուղեղի և մարմնի մյուս մասերի և ներքին օրգանների միջև։
Ծայրամասային նյարդերի ախտահարման հանրահայտ օրինակներից են՝
- ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետ և թերակտիվ վահանձև գեղձ (հիպոթիրեոզ)
- վիրուսային ծագման հիվանդություններ, օրինակ՝ Գիյան-Բարրեի համախտանիշ
- նյարդերը ճնշող հիվանդություններ, օրինակ՝ կարպալ (դաստակային) թունելի համախտանիշ
- աուտոիմուն հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)
- վարակներ, այդ թվում՝ վիրուսային, ինչպիսիք են գոտևորող որքինը, ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն-Բարի վիրուսը և ՄԻԱՎ-ը
- երիկամային գործունեության խանգարում, երբ նյութափոխանակության թունավոր արգասիքները կուտակվում են օրգանիզմում և ախտահարում ծայրամասային նյարդերը
- քաղցկեղներ, որոնք ճնշում կամ սեղմում են հարակից նյարդերը կամ ուռուցքներ, որոնք ծագում են անմիջապես նյարդային հյուսվածքից
- քաղցկեղի ճառագայթային թերապիա, որը կարող է վնասել ծայրամասային նյարդերը
- որոշ դեղերի (քիմիոթերապիա, նեյրոտոքսիկ դեղեր), արտադրական թույների (կապար, սնդիկ, մկնդեղ) և ալկոհոլի նեյրոտոքսիկ ազդեցություն։
Ծայրամասային նյարդերը նաև կարող են վնասվել ֆիզիկական վնասվածքի (տրավմաներ), վիրահատական վնասվածքի և շարունակական լարվածության պատճառով։ Որոշ մարդիկ կարող են ծնվել ծայրամասային նյարդերի հիվանդություններով։
Եթե ունեք ծայրամասային նյարդի ախտահարում, կարող եք նշել հետևյալ գանգատները կամ նշանները՝
- մկանային խնդիրներ, այդ թվում՝ թուլություն, մշտական ձգվածություն, ջղաձգումներ կամ մկանային ցնցումներ
- զգացողության խանգարումներ՝ ծակծկոցներ, թմրածություն, այրող բնույթի կամ սուր ցավ
- մաշկային գերզգայունություն
- ցածր արյան ճնշում։
Կախված նրանից, թե որ նյարդն է ախտահարվել, դուք կարող եք նշել նաև աղիների գործունեության խանգարումներ (օրինակ՝ փորլուծություն կամ փորկապություն), տաք միջավայրի անտանելիություն, արյան ճնշման փոփոխություններ, որը կարող է ուղեկցվել գլխապտույտով։
Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2019 վերանայվել է՝ 11-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: