Ծայրամասային նեյրոպաթիան զարգանում է, երբ վնասվում են գլխուղեղից և ողնուղեղից դուրս տեղակայված նյարդերը (ծայրամասային կամ պերիֆերիկ նյարդեր):
Այս վիճակը հաճախ առաջացնում է թուլություն, թմրածություն և ցավ, սովորաբար՝ դաստակներում և ոտնաթաթերում: Այն նաև կարող է ազդել մարմնի այլ շրջանների և գործառույթների վրա, ինչպիսիք են մարսողությունը և միզարձակումը:
Ծայրամասային նյարդային համակարգը գլխուղեղից և ողնուղեղից, որոնք նաև կոչվում են կենտրոնական (ցենտրալ) նյարդային համակարգ, տեղեկատվություն (նյարդային ազդանշաններ) է ուղարկում մարմնի մնացած մասերին շարժիչ (մոտոր) նյարդերի միջոցով: Միևնույն ժամանակ, ծայրամասային նյարդերը զգացողական (սենսոր) նյարդերի միջոցով զգացողական տեղեկատվություն են ուղարկում կենտրոնական նյարդային համակարգ:
Ծայրամասային նեյրոպաթիան կարող է առաջանալ տրավմատիկ վնասվածքներից, վարակներից, նյութափոխանակության (մետաբոլիկ) խնդիրներից, ժառանգական պատճառներից և թունավոր նյութերի (տոքսինների) ազդեցությունից: Նեյրոպաթիայի ամենատարածված պատճառներից մեկը շաքարային դիաբետն է, որն առաջացնում է դիաբետիկ նեյրոպաթիա:
Ծայրամասային նեյրոպաթիա ունեցող մարդիկ սովորաբար ցավը նկարագրում են որպես ծակոց, այրոց կամ ծակծկոցներ ու թմրածություն: Որոշ դեպքերում ախտանիշները կարելի է բարելավել, հատկապես, եթե նեյրոպաթիայի պատճառը բուժելի հիվանդություն է: Դեղորայքը կարող է օգնել ծայրամասային նեյրոպաթիկ ցավի մեղմացմանը:
Իմացե՛ք ավելին դիաբետիկ նեյրոպաթիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 29-04-2024