Պոլիպներ
06-06-2020
2 րոպե

Պոլիպը ձեր մարմնի որևէ օրգանի վրա կամ ներսում տարբեր ծագման հյուսվածքային աճն է:
Պոլիպները սովորաբար աճում են լորձաթաղանթներից: Դրանց մեծ մասը բարորակ է, որը նշանակում է, որ դրանք քաղցկեղներ չեն: Սակայն, որոշ պոլիպներ չարորակ են կամ կարող են չարորականալ` անկառավարելի տարածվել դեպի շրջակա հյուսվածքներ կամ հեռավոր օրգաններ:
Պոլիպների տեսակները
Պոլիպները կարող են աճել՝
- լսողական անցուղու մեջ (աուրալ պոլիպներ)
- արգանդի պարանոցի վրա (պարանոցային կամ ցերվիկալ պոլիպներ)
- հաստ աղու լորձաթաղանթի վրա (հաստաղիքային պոլիպներ)
- քթի խոռոչի ներսում (քթային կամ նազալ պոլիպներ)
- կոկորդում (կոկորդային պոլիպներ)
- ստամոքսի լորձաթաղանթի վրա (ստամոքսային կամ գաստրիկ պոլիպներ)
- միզապարկում (միզապարկային պոլիպներ)
- արգանդի խոռոչում (արգանդային պոլիպներ)
Պոլիպների առաջացման պատճառները
Պոլիպներն առաջանում են որպես բջիջների ախտաբանական աճ: Հաճախ որևէ բացահայտ պատճառ չի հայտնաբերվում:
Պոլիպների ախտանիշները
Դուք կարող եք ունենալ պոլիպ և չիմանալ այդ մասին: Այլ դեպքերում կարող եք ունենալ որոշ ախտանիշներ, որոնք մեծամասամբ կախված են պոլիպի տեղակայումից (օրգանից): Մասնավորապես, պոլիպները կարող են առաջացնել՝
- աուրալ պոլիպները՝ լսողության կորուստ, ականջից արյունային արտադրություն
- ցերվիկալ պոլիպները՝ ոչ նորմալ հեշտոցային արյունահոսություն կամ առատ դաշտան
- հաստաղիքային պոլիպները՝ արյուն կղանքում, որովայնային ցավեր, փորկապություն կամ փորլուծություն
- քթային պոլիպները՝ մշտական հարբուխի զգացում, գլխացավեր կամ հոտառության կորուստ
- կոկորդային պոլիպները՝ ձայնի խռպոտություն, շնչառությանն ուղեկցող ամուկներ (ստրիդոր), որոնք զարգանում են օրերից մինչև շաբաթների ընթացքում
- արգանդային պոլիպները՝ անկանոն դաշտանային արյունահոսություն
- միզապարային պոլիպները՝ արյուն մեզում կամ ցավոտ ու հաճախացած միզարձակում
- ստամոքսի պոլիպները՝ վերորովայնային (ստամոքսի շրջանի) ցավեր ու լարվածություն, սրտխառնոց, փսխում և արյունահոսություն:
Պոլիպների ախտորոշումը և բուժումը
Պոլիպների բուժումը կախված է տեսակից:
Եթե բժիշկը կարծում է, որ ունեք պոլիպ, կարող է ձեզ առաջարկել բիոպսիա: Սա նշանակում է, որ բժիշկը լաբորատոր (մանրադիտակային) հետազոտության համար վերցնում է պոլիպից փոքր նմուշ:
Եթե պոլիպը դժվար մատչելի է, ձեզ կարող են առաջարկել էնդոսկոպիա՝ ինչպես բուն պոլիպը հայտնաբերելու, այնպես էլ բիոպսիայի համար:
Բուժումը կախված է՝
- պոլիպի բարորակ կամ քաղցկեղային բնույթից
- հայտնաբերված պոլիպների քանակից
- դրանց չափսերից:
Որոշ պոլիպներ որևէ բուժում չեն պահանջում: Մյուսները կարող են վիրահատությամբ հեռացվել: Որոշ դեպքերում պոլիպները հեռացվում են, որպեսզի նվազեցվի հնարավոր քաղցկեղի ռիսկը:
Պոլիպների կանխարգելումը
Եթե դուք ունեք պոլիպների վերաբերյալ ընտանեկան պատմություն, ապա ձեզ մոտ հյուսվածքային նման աճի ռիսկը բարձրանում է: Նման դեպքերում զրուցեք ձեր բժշկի հետ, որպեսզի ծանոթանաք հնարավոր կանխարգելման ուղիներին:
Բժիշկը կարող է առաջարկել պոլիպների կանոնավոր սքրինինգ:
Առողջ սննդակարգը, կանոնավոր վարժանքները և ծխելու դադարեցումը (եթե ծխող եք) կարող են կրճատել որոշ պոլիպների ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021