Առողջական խնդիրներ
Փսիխոզ

2 րոպե
Փսիխոզը հոգեկան գործունեության խանգարում է, որն ընթանում է իրական աշխարհի աղավաղված ընկալմամբ, ինչն էլ հանգեցնում է վարքաբանական կտրուկ շեղումների:
Փսիխոզով մարդիկ դժվարանում են մեկնաբանել շուրջն ընթացող դեպքերը և իրադարձությունները, ինչպես նաև խանգարված՝ շփոթված վիճակում է նրանց մտածողությունը: Փսիխոզով մարդիկ զգում են ցնորքներ (հալուցինացիա), օրինակ՝ լսում են ձայներ, որոնք իրականում գոյություն չունեն կամ ունենում զառանցանքներ՝ իրենց կամ շրջակա աշխարհի վերաբերյալ կեղծ համոզմունքներ:
Փսիխոզները կարող են պատճառվել որևէ հոգեկան հիվանդությամբ, օրինակ՝ շիզոֆրենիա, բիպոլյար խանգարում կամ ծանր դեպրեսիա: Փսիխոզ նաև կարող է զարգանալ ապօրինի թմրամիջոցների օգտագործման ժամանակ և ավելի հազվադեպ՝ որպես սթրեսային իրավիճակի պատասխան: Փսիխոզը մարդկանց վրա ազդում է տարբեր ձևով։
Ոչ հազվադեպ փսիխոզը կարող է ուղեկցել ոչ հոգեկան բնույթի մի շարք խանգարումներին՝ գլխուղեղի ախտահարմամբ ընթացող հիվանդություններ և վիճակներ (գանգուղեղային տրավմաներ, ուռուցք, էպիլեպսիա, ցրված սկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն, ինսուլտ, գլխուղեղի հիպօքսիա և այլն), վարակային և ծանր ինտոքսիկացիայով ընթացող հիվանդություններ (տենդ, մենինգիտներ և մենինգոէնցեֆալիտներ, մալարիա, սիֆիլիս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կարմրուկ և այլն), ծանր թունավորումներ և այլն:
Փսիխոզի պատճառները դեռևս մնում են անհայտ։ Այն չունի որևէ եզակի պատճառ, և հետազոտողները կարծում են, որ փսիխոզի զարգացման մեջ նշանակություն ունի կենսաբանական, ժառանգական, սոցիալական և միջավայրային գործոնների համակցությունը։ Սթրեսը և որոշ թմրամիջոցներ (օրինակ՝ մարիխուանա, ամֆետամիններ կամ ԼՍԴ) կարող են հանդես գալ որպես դրդապատճառներ և նպաստեն փսիխոզի առաջին դրվագի դրսևորմանը։
Փսիխոզի առաջին դրվագն ավելի հաճախ առաջանում է ուշ դեռահասության կամ վաղ չափահաս տարիքում։
Փսիխոզով մարդկանց բուժումը ներառում է դեղերը, հոգեբանական բուժումը և համայնքային օժանդակությունը, որոնք կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը: Բուժման շնորհիվ մարդիկ կարող են ապրել նորմալ կյանքով։ Զրուցեք բժշկի հետ, եթե կարծում եք, որ ունեք փսիխոզի ախտանիշներ։
Սուր փսիխոզով մարդը կարող է հայտնվել ինքնավնասման կամ այլ մարդկանց վնասելու ռիսկի մեջ։ Նման դեպքերում շատ կարևոր է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-07-2018 վերանայվել է՝ 19-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: