Փսիխոզի ախտանիշները դրսևորվելուց հետո առաջին քայլը հոգեկան առողջության մասնագետին դիմելն է:
Սա կարող է իրականացվել բժշկի ուղեգրմամբ կամ ինքնուրուն (տեղեկացնելով նրան ձեր որոշման մասին):
Փսիխոզի գնահատումը
Փսիխոզի ախտորոշումը պահանջում է հոգեկան առողջության մանրակրկիտ գնահատում, որը հոգեբույժը կարող է կատարել խորացված հարցազրույցի միջոցով:
Ամենայն հավանականությամբ, հոգեբույժը նաև կցանկանա նախապես թույլտվություն ստանալուց հետո զրուցել պացիենտի ընտանիքի անդամների հետ, ովքեր կարող են տրամադրել ախտորոշման համար հույժ կարևոր տեղեկատվություն:
Հոգեկան առողջության գնահատման նպատակն է պարզել, թե՝
- արդյոք անձի մոտ առկա է փսիխոզ
- ինչ հավանական պատճառներ կարող էին առաջացնել տվյալ փսիխոտիկ վիճակը
- կան արդյոք հոգեկան հիվանդություններ, որոնք բերել են տվյալ վիճակի առաջացմանը
- ինչպիսին է անձի ընտանեկան պատմությունը (ժառանգականություն)
- ինչ հավանական ֆիզիկական հիվանդություններ կարող է ունենալ տվյալ անձը
- բուժման որ մեթոդը կարող է այդ անձի համար լինել լավագույնը:
Երբ ինչ-որ մեկի մոտ դրսևորվում է փսիխոզի դրվագ, նաև կարիք է առաջանում լիարժեք ստուգել նրա ընդհանուր առողջական վիճակը: Նման դեպքերում կարող են առաջարկվել՝
- թեստեր և հետազոտություններ, որոնց նպատակն է ստուգել արյան կենսաքիմիական տարբեր ցուցանիշները, հորմոնների մակարդակները, վարակների առկայությունը և այլն
- ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման հետազոտություններ
- գլխուղեղի պատկերային հետազոտություններ, օրինակ, ՄՌՏ՝ գլխուղեղի օրգանական հիվանդությունները ժխտելու համար, ինչպիսին է գլխուղեղի ուռուցքը:
Փսիխոզը բուժելի է, ուստի կարևոր է, որ հնարավորինս վաղ դիմվի հոգեբուժական որևէ ծառայության: Փսիխոզով մարդու բուժումը սկսվում է ախտորոշումից, ուստի որքան շուտ ախտորոշվեց հիվանդությունը, այդքան ավելի շուտ կմեկնարկեն բուժական միջոցառումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024