Բժշկագիտական վերջին նվաճումների շնորհիվ փսիխոզը դարձել է առավել բուժելի, քան երբևէ:
Փսիխոզի բուժումը սովորաբար ներառում է դեղամիջոցները, հիվանդության վերաբերյալ կրթությունը, խորհրդատվությունը, ընտանեկան և գործնական օժանդակությունը: Ապօրինի թմրամիջոցներից հրաժարվելը, սթրեսը դիմակայելու վերաբերյալ գիտելիքները և դրանց գործնական կիրառումը կարող են նպաստել հիվանդության ախտանիշների կրկնման կանխարգելմանը:
Բուժումը կարող է պահանջել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների խումբ՝ կազմված հոգեբույժից, բուժքրոջից, հոգեբանից և զբաղվածության մասնագետից:
Փսիխոզի բուժման հիմնական սկզբունքները և մեթոդները ներառում են հետևյալը:
- Վաղ միջամտություն. առկա տվյալները վկայում են, որ որքան շուտ է հայտնաբերվում փսիխոզը և որքան շուտ են սկսվում բուժական միջոցառումները, այդքան արդյունքները դառնում են ավելի կայուն:
- Դեղամիջոցներ. փսիխոզով մարդուն սովորաբար նշանակում են հակափսիխոտիկ դեղամիջոցներ, որոնք փոփոխում են գլխուղեղի նեյրոմեդիատորների, այդ թվում՝ դոֆամինի հավասարակշռությունը: Սովորաբար հակափսիխոտիկների բուժական ազդեցությունը (օրինակ՝ ցնորքների կամ պարանոյայի մեղմացում կամ վերացում) զարգանում է բուժումը սկսելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն արդեն իսկ առաջին օրերին կարող են դիտարկվել ընդհանուր հանգստացնող և քնի որոշակի կարգավորման ազդեցությունները: Հակափսիխոտիկները զերծ չեն տարբեր կողմնակի ազդեցություններից, ուստի կարևոր է, որ անձը ստանա իր առողջական վիճակին և հիվանդությանն առավել համարժեք դեղեր:
- Հոգեբանական բուժում. փսիխոզով մարդկանց կարող են առաջարկվել հոգեթերապևտիկ (փսիխոթերապիա) տարբեր միջոցառումներ՝ օժանդակող հոգեթերապիա, կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, ընտանեկան թերապիա և ինքնօգնության խմբեր: Հոգեբանական բուժման մեթոդի ընտրությունն անհատական է: Հոգեթեևապևտիկ միջոցները սովորաբար մեկնարկում են դեղորայքային բուժման արդյունքները ստանալուց հետո:
- Համայնքային օժանդակող ծրագրեր. զարգացած երկրներում նման ծրագրերն օգնում են, որ փսիխոզով մարդիկ վերգտնեն իրենց գործնական հմտությունները և հասարակության մեջ իրենց դերը: Երկարատև փսիխոզով մարդիկ կարող են ուղեգրվել վերականգնողական ծրագիր (ռեաբիլիտացիա):
Սուր դեպքերում փսիխոզով մարդը կարող է հայտնվել ինքնավնասման կամ այլ մարդկանց վնասելու ռիսկի մեջ: Նման դեպքերում շատ կարևոր է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024