Փորձեք պատկերացնել․ ինչ-որ մեկը կարողանում է կարդալ ձեր մտքերը կամ թափանցում է ձեր գլխի մեջ և ազդում մտքերի վրա:
Սա ընդամենը մի օրինակ է, թե ինչ կարող են զգալ փսիխոզով մարդիկ։ Փսիխոզով հիվանդ մարդն ունի դժվարություններ՝ կապված իրական աշխարհն ընկալելու և մեկնաբանելու հետ:
Փսիխոզի ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանիշները ներառում են հետևյալը:
- Աղճատված մտածողություն. սա այն վիճակն է, երբ մտքերը միմյանց ճիշտ չեն կապակցվում՝ առաջացնելով խառնաշփոթ: Մտածողությունը կարող է արագանալ կամ դանդաղել, նախադասությունները՝ դառնալ անորոշ, դժվար հասկանալի կամ վերածվել որևէ բովանդակություն չունեցող բառակույտի:
- Զառանցանքներ. անձը կարող է ունենալ համոզմունքներ, որոնք նույն մշակութային միջավայրում ապրող մեկ ուրիշի համար լինեն խիստ տարօրինակ, քանի որ կեղծ, իրականությանը չհամապատասխանող դատողություններ և ընկալումներ են: Զառանցանքը կարող է ստանալ տարբեր ձևեր, օրինակ՝ պարանոյա, երբ անձը համոզված է, որ իրեն հետևում են կամ իրեն ընտրել են, որ վնաս պատճառեն, մեծամոլական, երբ անձը համոզված է, որ օժտված է գերբնական ուժով կամ կարևոր կրոնական կամ քաղաքական կերպար է կամ դեպրեսիվ, երբ անձը հավատում է, որ ինքը մեղավոր է ծանր հանցագործության համար:
- Ցնորքներ (հալյուցինացիաներ). անձը կարող է տեսնել, լսել կամ զգալ այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ավելի հաճախ հանդիպում են լսողական (վերբալ) հալյուցինացիաները, երբ մարդը լսում է մարդու կամ այլ ձայներ, որոնք իրականում չկան:
- Խանգարված վարք. փիսխոտիկ անձը կարող է դառնալ հոգեշարժական գրգռված (աժիտացված) կամ իրեն պահել երեխայի պես, փնփնթալ, հայոյել կամ չպատասխանել շրջապատի մարդկանց: Նա կարող է դժվարությամբ կառավարել առօրյա կյանքը, օրինակ՝ հետևել անձնական հիգիենային:
- Ինքնավնասման կամ ինքնասպանության (սուիցիդային) մտքեր. փսիխոզով անձը կարող է ունենալ ինքնավնասման ցանկության զգացումներ: Սուիցիդային զգալի ռիսկը համարվում է բժշկական անհետաձգելի վիճակ։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն կամ մարդուն շտապ տեղափոխել մոտակա հիվանդանոց։
Երբեմն փսիխոզով մարդը կարող է գործել իրավիճակին ոչ համարժեք, օրինակ՝ ծիծաղել տխուր լուր լսելիս կամ առանց որևէ պատճառի բռնկվել և խիստ զայրանալ: Նույն կերպ, խիստ հուզական բռնկումը և հաջորդող ագրեսիան կարող են վտանգ ներկայացնել շրջպատի մարդկանց, ինչպես նաև հիվանդ անձի համար: Նման դեպքերում ևս անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն կամ մարդուն շտապ տեղափոխել մոտակա հիվանդանոց։
Փսիխոզի ախտանիշները կարող են կտրուկ նվազեցնել մարդու աշխատունակությունը՝ ազդելով նրա ուշադրությունը կենտրոնացնելու, հիշողության և որևէ բան նախագծելու վրա: Իսկ ցնորքները կարող են պատճառել սուր անհանգստություն և աժիտացիա:
Փսիխոզով մարդիկ դժվարությամբ են որևէ բան ընկալում և զգացմունքներով հաղորդակցվում: Նման վիճակը անձին կարող է դարձնել անտարբեր, սահմանափակել հետաքրքրությունների շրջանակը, ընկճել շարժառիթները և կտրել այլ մարդկանց հետ շփվելուց, ինչն էլ ի վերջո հասցնի ստիգմայի: Սովորական գործերը, օրինակ՝ ձեռքերը լվանալը, կարող է վերածվել մեծ իրադարձության:
Փսիխոզի ախտանիշների մեծ մասն, այնուամենայնիվ, կարելի է մեղմացնել կամ կտրուկ նվազեցնել բուժման միջոցով: Բուժումը թույլ է տալիս նաև վերահսկելի դարձնել հիվանդության ախտանիշները և տարբեր աստիճանով վերականգնել նրա առօրյա գործունեությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024