Գոտևորող որքինը կամ գոտևորող հերպեսը (հերպես զոստեր) առաջանում է varicella-zoster վիրուսով՝ նույն այն վիրուսով, որն առաջացնում է ջրծաղիկ:
Յուրաքանչյուր ոք, ով ունեցել է ջրծաղիկ, կարող է ունենալ գոտևորող որքին: Ջրծաղիկից ապաքինվելուց հետո վիրուսը ներթափանցում է ձեր նյարդային համակարգ, ավելի ստուգ՝ ձեր գլխուղեղի և ողնուղեղի մոտ գտնվող նյարդային հանգույցներում և տարիներ շարունակ մնում «քնած»՝ ոչ ակտիվ վիճակում:
Երբեմն վիրուսը նորից ակտիվանում է և նյարդային ուղիներով շարժվում դեպի ձեր մաշկ՝ առաջացնելով գոտևորող որքին: Այնուամենայնիվ, ջրծաղիկ ունեցած ոչ բոլորի մոտ է զարգանում գոտևորող որքին:
Գոտևորող որքինի պատճառն անհասկանալի է: Դա կարող է պայմանավորված լինել վարակների նկատմամբ իմունիտետի նվազմամբ, երբ մարդիկ մեծանում են: Գոտևորող որքինն ավելի հաճախ հանդիպում է տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:
Varicella-zoster-ը վիրուսների խմբի մի մասն է, որը կոչվում է հերպեսի վիրուսներ: Սա նույն այն խումբն է, որը ներառում է հասարակ հերպես և սեռական (գենիտալ) հերպես պատճառող վիրուսները: Այդ իսկ պատճառով գոտևորող հերպեսը նաև հայտնի է նաև որպես հերպես զոստեր: Սակայն վիրուսը, որն առաջացնում է ջրծաղիկ և գոտևորող հերպես, նույն այն վիրուսը չէ, որն առաջացնում է հասարակ հերպես կամ սեռական հերպես, որը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է:
Արդյոք դուք վարակիչ եք
Գոտևորող որքինով հիվանդը կարող է varicella-zoster վիրուսը փոխանցել ցանկացած մարդու, ով պաշտպանված չէ ջրծաղիկից: Սա սովորաբար տեղի է ունենում հերպեսային ցանի բաց վերքերի հետ անմիջական շփման միջոցով: Այնուամենայնիվ, առաջին անգամ վարակվելուց հետո մարդու մոտ կզարգանա ջրծաղիկ, այլ ոչ թե գոտևորող որքին:
Ջրծաղիկը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ Քանի դեռ ձեր հերպեսային ցանը չի մաքրվել, դուք վարակիչ եք: Խուսափեք ֆիզիկական շփումից որևէ մեկի հետ, ով դեռ չի ունեցել ջրծաղիկ կամ չի ստացել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ: Սա վերաբերվում է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, հղի կանանց և նորածիններին:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուր ոք, ով երբևէ հիվանդացել է ջրծաղիկով, կարող է ունենալ գոտևորող որքին: Բազմաթիվ երկրներում չափահաների մեծ մասը ջրծաղիկ տարել է, երբ երեխա է եղել: Դա եղել է նախքան մանկական սովորական պատվաստումների առկայությունը, որն այժմ պաշտպանում է ջրծաղիկից:
Գործոնները, որոնք կարող են մեծացնել գոտևորող որքինի զարգացման ռիսկը, ներառում են հետևյալը:
- Տարիք. գոտևորող որքինի զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ: Հիվանդությունը սովորաբար առաջանում է 50-ից բարձր մարդկանց մոտ: Իսկ 60-ից բարձր տարիքի մարդիկ ավելի ծանր բարդություններ են զարգանում:
- Որոշ հիվանդություններ. այն հիվանդությունները, որոնք թուլացնում են ձեր իմունային համակարգը, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և քաղցկեղը, կարող են մեծացնել գոտևորող որքինի ռիսկտը:
- Քաղցկեղի բուժում. ճառագայթումը կամ քիմիոթերապիան կարող են թուլացնել ձեր դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ և նպաստել գոտևորող որքինի առաջացմանը:
- Որոշ դեղամիջոցներ. դեղորայքը, որը կանխում է փոխպատվաստված օրգանների պոկումը, կարող է մեծացնել գոտևորող որքինի ռիսկը: Ստերոիդների երկարատև օգտագործումը, ինչպիսին է Պրեդնիզոնը, նույնպես կարող է մեծացնել ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024