Գոտևորող հերպես. ինքնօգնություն
11-05-2018
2 րոպե

Գոտևորող հերպեսի բուժմանը զուգահեռ դուք կարող եք ինքներդ նպաստել հիվանդության ընթացքի մեղմացմանը
Ձեզ ներկայացող միջոցերը ոչ միայն կթեթևացնեն գոտևորող հերպեսի ախտանիշները, այլև կկանխարգելեն վիրուսի տարածումը:
- Մաշկի հերպեսային ցանավորված շրջանները պահեք հնարավորինս չոր և մաքուր:
- Մի փորձեք ձեռքերով կամ այլ կերպ «բացել» հերպեսային բշտերը կամ հեռացնել բացված ու չորացած բշտերի կեղևները: Այս ձևով դուք կնպաստեք բակտերիալ վարակի ավելացմանը և վերքերի սպիական փոփոխություններին:
- Լոգանքից կամ ցնցուղից հետո փաթաթեք ձեր մարմինը նուրբ մաքուր սրբիչով: Մի փորձեք տրորել ձեր մաշկը, հատկապես ցանավորման շրջանում:
- Խուսափեք սրբիչների (այդ թվում՝ լոգարանի սրբիչի) համատեղ օգտագործումից:
- Աշխատեք, որ ձեր մաշկի ախտահարված շրջաններին հպվեն միայն փափուկ բամբակե շորեր: «Ջրոտ» ցանը կարող եք փակել վերքերին չկպչող ստերիլ շերտերով:
- Բացված բշտիկների դեպքում մի օծեք այդ տեղամասի մաշկը որևէ քսուքով կամ գելով, հակառակ դեղպքում կարող եք մեծացնել երկրորդային բակտերիալ վարակման հնարավորությունը:
- Սառը կոմպրեսը, սառը ջրով լվացումը կամ սառույցը կարող են մեղմացնել մաշկային տհաճ զգացողությունները, ցավը և քորը: Սառույց օգտագործելիս փաթաթեք այն մաքուր բարակ սրբիչով: Օգտագործելուց հետո այդ (և մյուս) սրբիչները պետք է լվանալ տաք ջրով:
- Խուսափեք «բարձր» ռիսկի մարդկանց հետ շփվելուց՝ ջրծաղիկի պատվաստում չստացած հղիներ, թույլ իմունային համակարգով կամ մեծ տարիքով մարդիկ, մինչև 1 ամս. նորածիներ:
- Խուսափեք անմիջական մաշկային շփում պահանջող խաղերից և լողավազաններից:
Հոդվածը վերանայվել է՝ 13-10-2021