Առողջական խնդիրներ
Գոտևորող հերպես

2 րոպե
Գոտևորող հերպեսը ցավոտ ցան է, որը հարուցվում է նույնանուն վիրուսով։
Գոտևորող հերպեսի մյուս անվանումներն են «գոտևորող որքին» կամ «հերպես զոստեր»։ Նաև, հայալեզու որոշ տեքստերում «հերպեսը» թարգմանված է որպես «տենդաբշտիկ»։
Հիվանդության հարուցիչը գոտևորող հերպեսի վիրուսն է՝ Varicella-Zoster Virus, որը նույն վիրուսն է, որն առաջացնում է մանկական ջրծաղիկ վարակը։ Երբ դուք վարակվում եք ջրծաղիկով, լավանալուց հետո վիրուսը կորցնում է իր ակտիվությունը և մնում ձեր գլխուղեղի և ողնուղեղի մոտ գտնվող նյարդահանգույցներում։ Տարիներ անց տարբեր գործոնների ազդեցությամբ վիրուսը դարձյալ վերաակտիվանում է՝ դրսևորվելով որպես գոտևորող հերպես։
Գոտևորող հերպեսը կարող է հանդիպել բոլոր տարիքներում, սակայն ավելի հաճախ գրանցվում է բարձր տարիքով չափահասների մոտ։
Գոտևորող հերպեսի ցանը ի հայտ գալուց հետո վերածվում է քոր եկող բշտիկների։ Ավելի հաճախ ցանը առաջանում է որպես բշտիկների մեկ շերտ («գոտի»), որը «պտտվում է» ձեր մարմնի կամ ձախ կամ աջ կեսում՝ դեմք, կրծքավանդակ, մեջք, որովայն կամ աճուկ։
Հիվանդությունը սովորաբար տևում է 2-6 շաբաթ: Հիվանդության ախտանիշները ետ են զարգանում մի քանի շաբաթվա ընթացքում։ Մարդկանց մեծ մասն իր կյանքի ընթացքում գոտևորող հերպեսով հիվանդանում է միայն մեկ անգամ, սակայն հազվադեպ կարող են գրանցվել հիվանդության կրկնակի կամ ավելի շատ սրացումներ:
Գոտևորող հերպեսի վաղ բուժումը կարող է կրճատել հիվանդության տևողությունը և նվազեցնել բարդությունների հավանականությունը։
Պատվաստումը կարող է նվազեցնել վարակի ռիսկը, մեղմացնել ախտանիշները և նվազեցնել բարդությունների ռիսկը։
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2018 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: