Գոտևորող որքինի կամ գոտևորող հերպեսի (հերպես զոստերի) ախտանիշները սովորաբար ընդգրկում են ձեր մարմնի մի կողմի միայն փոքր հատվածը (գոտի)։
Այս ախտանիշները կարող են ներառել՝
- ցավ, այրոց կամ ծակծկոց
- հպման նկատմամբ բարձր զգայնություն
- կարմիր հանգուցավոր ցան (էրիթեմային բծեր), որը սկսվում է ցավից մի քանի օր անց
- հեղուկով լցված բշտիկներ, որոնք բացվում են և վերածվում կեղևակալած էրոզիաների
- քոր:
Որոշ մարդիկ նաև ունենում են՝
- ջերմություն
- գլխացավ
- լույսի նկատմամբ բաձր զգայնություն
- հոգնածություն:
Ցավը սովորական գոտևորող որքինի առաջին ախտանիշն է: Որոշ մարդկանց մոտ ցավը կարող է ուժեղ լինել: Կախված ցավի տեղակայումից, երբեմն այն կարող է շփոթվել սրտի, թոքերի կամ երիկամների հետ կապված խնդիրների հետ: Որոշ մարդիկ զգում են հերպետիկ ցավ՝ առանց երբևէ ցան առաջանալու:
Առավել հաճախ, հերպետիկ ցանը զարգանում է որպես բշտիկների շերտագիծ, որը պտտվում է իրանի ձախ կամ աջ կողմում: Երբեմն հերպետիկ ցանը հայտնվում է մեկ աչքի շուրջ կամ պարանոցի կամ դեմքի մի կողմում:
Ե՞րբ դիմել բժշկին
Հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին, եթե կասկածում եք գոտևորող որքին, հատկապես հետևյալ իրավիճակներում:
- Ցավն ու ցանն առաջանում են աչքի մոտ։ Եթե չբուժվի, այս վարակը կարող է հանգեցնել աչքի անդառնալի վնասման:
- Դուք 50 և ավելի տարեկան եք: Տարիքը մեծացնում է բարդությունների ռիսկը։
- Դուք կամ ձեր ընտանիքից որևէ մեկը թուլացած իմունային համակարգ ունեք: Սա կարող է պայմանավորված լինել քաղցկեղով, դեղամիջոցներով կամ քրոնիկ հիվանդություններով:
- Ցանը տարածված է և ցավոտ։
Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024