Շոկ
04-05-2019
3 րոպե

Շոկը սուր և ծանր ընթացքով, ընդհուպ՝ կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է որևէ արտակարգ ներգործությունից ։
«Արտակարգ» ներգործություն ասելով նկատի ունենք այնպիսի ազդեցությունը, որն իր արագահասությամբ, ուժով կամ հետևանքներով գերազանցում է օրգանիզմի հարմարվողական ունակությանը, հյուծում է նրա պաշտպանողական ռեսուրսները և հանգեցնում կենսական կարևոր օրգան-համակարգերի գործունեության հարաճուն խանգարման։ Օրգանիզմի նման ծայրահեղ վիճակը ստացել է «բազմաօրգանային անբավարարություն» անվանումը, քանի որ շոկի ժամանակ տուժում են կենսականորեն գրեթե բոլոր օրագն-համակարգերը՝ սրտանոթային, ուղեղ, երիկամներ, լյարդ և այլն։
Ինչպե՞ս է զարգանում շոկը
Շոկի զարգացման մեջ կենտրոնական դեր է խաղում տարբեր պատճառներից հյուսվածքների արյունամատակարարման ծանր խանգարումը (մազանոթային շրջանառությունը)։ Նման պայմաններում օրգանները և հյուսվածքները բավարար արյուն և արյան հետ՝ թթվածին չեն ստանում և զարգանում է հյուսվածքային թթվածնաքաղց (հիպօքսիա), որը չբուժվելու դեպքում կարող է բերել կենսականորեն կարևոր օրգանների կայուն ախտահարման և անգամ մահվան։
Շոկի տեսակները
Շոկը կարող է զարգանալ ծանր վնասվածքների (տրավմա), ջերմային հարվածների, սուր արյունահոսությունների, ալերգիկ ռեակցիաների, ծանր վարակների, թունավորման, ծանր այրվածքների և այլ պատճառներով։
Ելնելով առաջացման պատճառից և զարգացման մեխանիզմից, տարբերում են շոկի 4 հիմնական տեսակներ։
Հիպովոլեմիկ (փոքր ծավալի) շոկ
Հիպովոլեմիկ շոկն առաջանում է շրջանառող արյան ծավալի նվազեցման պատճառով։
Հիպովոլեմիկ շոկի հանրահայտ օրինակ է սուր առատ արյունահոսության պատճառով զարգացած հեմոռագիկ (արյունահոսային) շոկը։ Ընդ որում, արյունահոսությունը կարող է լինել ինչպես տեսանելի՝ արտաքին, այնպես է ոչ ակնհայտ՝ ներքին։
Մանկահասակ երեխաների մոտ հիպովոլեմիկ շոկի պատճառ կարող է դառնալ ջրազրկումը, որը մանկական օրգանիզմում կարող է արագորեն զարգանալ կրկնակի փսխումների և փորլուծության արդյունքում։
Հիպովոլեմիկ շոկի մյուս պատճառներից են այրվածքները, արտաքին միջավայրի սուր ազդեցությունները (օրինակ՝ ջերմահարություն), դիաբետիկ կետոացիդոզին և ոչ շաքարային դիաբետին ուղեկցող առատ միզարտադրությունը։
Հիպովոլեմիկ շոկը բնորոշվում է արագացած, թույլ, թելանման և հաճախացած սրտազարկով, կպչուն սառը և գունատված մաշկով, հաճախացած և մակերեսային շնչառությամբ, մարմնի ջերմաստիճանի նվազեցմամբ, զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ, բերանի չորությամբ և ծարավի զգացումով։
Կարդիոգեն (սրտային ծագման) շոկ
Կարդիոգեն շոկի պատճառը սրտի արտամղող (արդյունավետ կծկման) գործունեության կտրուկ վատթարացումն է, որը հայտնի է որպես սուր սրտային անբավարարություն։
Կարդիոգեն շոկն առավել հաճախ զարգանում է սրտամկանի ծանր վնասման՝ սրտամկանի ինֆարկտի ժամանակ։ Շոկի առաջացման այլ պատճառներից են սրտի ռիթմի ծանր խանգարումները (առիթմիաներ), կարդիոմիոպաթիաները կամ միոկարդիտները, կանգային սրտային անբավարարությունը, սրտի փականային հիվանդությունները և այլն։
Կարդիոգեն շոկը դրսևորվում է պարանոցի լծային երակների լեցունությամբ, թուլացած, թելանման կամ չշոշափվող անոթազարկով, սրտի ռիթմի խանգարումներով (հաճախ՝ տախիկարդիա) և զարկերակային ճնշման անկմամբ։
Օբստրուկտիվ (խցանման) շոկ
Օբստրուկտիվ շոկը զարգանում է խոշոր անոթների կամ բուն սրտի խցանման պատճառով։
Շոկի այս տեսակը կարող է զարգանալ սրտային տամպոնադայի, թոքային զարկերակների էմբոլիայի, լարման պնևմոթորաքսի, աորտայի սթենոզի և այլ ծանր հիվանդությունների ժամանակ։
Դիստրիբուտիվ (տեղաբաշխման) շոկ
Տեղաբաշխման շոկի զարգացման հիմքում ընկած է օրգանիզմում արյան ախտաբանական տեղաբաշխումը, որը բերում է հյուսվածքների ու բջիջների կողմից թթվածնի յուրացման խանգարման։ Այն ներառում է վարակային (սեպտիկ) շոկը (օրինակ՝ կանանց մոտ զարգացող տոքսիկ-շոկային համախտանիշ), անաֆիլակտիկ շոկը, ներզատական (օրինակ՝ թիրեոտոքսիկոզի, ադրենալ անբավարարություն) և նյարդածին շոկերը (օրինակ՝ ողնաշարի և ողնուղեղի վնասվածքներ բարձր մակարդակներում)։
Շոկի ախտանիշները
Շոկի ախտանիշները տարբերվում են՝ կախված առաջացման պատճառից և իրավիճակային այլ գործոններից։ Ավելի հաճախ շոկը դրսևորվում է հետևյալ նշաններով՝
- սառը և խոնավ-կպչուն մաշկ
- գունատված կամ մոխրագույն մաշկ
- հաճախացած և թույլ-թելանման անոթազարկ (պուլս)
- զարկերակային ճնշման անկում (հիպոտոնիա)
- հաճախացած և մակերեսային շնչառություն
- սրտխառնոց կամ փսխում
- լայնացած բբեր (միդրիազ)
- թուլություն կամ ուժասպառություն
- գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
- հոգեկան վիճակի կամ վարքի փոփոխություններ, օրինակ՝ տագնապ, աժիտացիա կամ շշմածություն
- միզարտադրության կրճատում (օլիգուրիա), իսկ ծանր դեպքերում՝ բացակայություն (անուրիա), որը պետք չէ խառնել միզարձակման դժվարացման հետ:
Շոկի առաջին օգնությունը
Եթե դուք կարծում եք, որ որևէ մեկի մոտ զարգացել է շոկ, առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Մինչև բժշկական անձնակազմի ժամանելը, փորձեք օգնել տուժող անձին։ Հիշեք, որ դուք կարող եք փրկել մեկ այլ մարդու կյանք։
Իմացե՛ք ավելին շոկի առաջին օգնության մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021