Իմացեք դեռահասների շրջանում ինքնասպանության (սուիցիդի) ռիսկի գործոնները, նախազգուշացնող նշանները և այն քայլերը, որ կարող եք ձեռնարկել՝ ձեր դեռահաս երեխային պաշտպանելու համար:
Ձեր դեռահասը ինքնասպանության վտանգի տա՞կ է: Տարբեր գործոններ, ինչպիսիք են առողջական, ընտանեկան և սոցիալական խնդիրները, կարող են որոշ դեռահասների շրջանում ավելի հավանական դարձնել սեփական կյանքին վերջ տալու փորձը: Իմացեք, թե ինչպես պարզել՝ արդյո՞ք ձեր դեռահաս երեխան ենթարկվում է ինքնասպանության մասին մտածելու վտանգին: Եվ պարզեք, թե ո՞ւր դիմել օգնության և բուժման համար:
Իմացե՛ք ավելին սուիցիդի և սուիցիդային մտքերի մասին:
Ի՞նչն է դեռահասներին հակված դարձնում ինքնասպանության հանդեպ
Բազմաթիվ դեռահասներ, ովքեր փորձում են իրենց կյանքին վերջ տալ կամ մահանում են ինքնասպանության պատճառով, ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Սա հանգեցնում է մի բարդ իրավիճակի, երբ նրանք դժվարությամբ են դիմակայում դեռահաս լինելու սթրեսին։ Նրանք կարող են խիստ դժվարին ժամանակներ ունենալ՝ կապված մերժման, ձախողման, բաժանումների, ուսումնական դժվարությունների կամ ընտանեկան խնդիրների հետ:
Եվ նրանք գուցե ի վիճակի չլինեն գիտակցելու, որ կարող են հիմնովին շրջել իրենց կյանքի ուղին: Նրանք նաև կարող են ամբողջությամբ չհասկանալ, որ ինքնասպանությունը կարճաժամկետ խնդրի անդառնալի արձագանքն է, այլ ոչ թե լուծումը:
Որո՞նք են դեռահասների ինքնասպանության ռիսկի գործոնները
Կարևոր է նշել, որ դեռահասները հաճախ հաղթահարում են սթրեսային առողջական, ֆիզիկական և կյանքի իրադարձություններն՝ առանց ինքնավնասման կամ ինքնասպանության փորձի:
Բայց լավ գաղափար է նաև իմանալ որոշ ռիսկային գործոնների մասին: Առողջական կամ ֆիզիկական խնդիրները, որոնք կարող են բարձրացնել ինքնասպանության ռիսկը, ներառում են հետևյալը՝
- հոգեկան խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը, բիպոլյար խանգարումը կամ հակադրության հրահրող խանգարումը
- սեռական հասունացման կամ երկարաժամկետ հիվանդության հետ կապված փոփոխություններ
- հոգեներգործուն նյութերի չարաշահման խանգարումներ:
Կյանքի հանգամանքները, որոնք կարող են մեծացնել ինքնասպանության ռիսկը, ներառում են հետևյալը՝
- տրամադրության խանգարումների, ինքնասպանության կամ այնպիսի արարքների ընտանեկան պատմություն (անամնեզ), որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության
- ընտանիքի անդամի կամ ընկերոջ ինքնասպանության ազդեցությանը ենթարկվելը (օրինակ՝ ականատես լինելը)
- ֆիզիկական (մարմնական) կամ սեռական բռնության պատմություն կամ բռնության կամ ծաղրանքի (բուլիինգի) ենթարկվելը
- ինքնասպանության միջոցների հասանելիություն, ինչպիսիք են զենքերը կամ դեղամիջոցները
- մտերիմ ընկերներին կամ ընտանիքի անդամներին կորցնելը կամ նրանց հետ հակասություններ ունենալը
- գենդերային խնդիրներ ունենալն այնպիսի ռիսկի գործոնների զուգակցմամբ, ինչպիսիք են ծաղրանքի (բուլիինգի) ենթարկվելը և ընտանեկան կամ սոցիալական հակասությունները
- որդեգրված լինելը:
Անցյալում ինքնասպանության փորձ կատարած երեխաները ևս ավելի բարձր ռիսկի տակ են:
Որո՞նք են այն նախազգուշացնող նշանները, որոնք կարող են հուշել դեռահասի ինքնասպանության մտքերի մասին
Նախազգուշացնող նշանները, որ դեռահասը կարող է մտածել ինքնասպանության մասին, ներառում են հետևյալը՝
- ինքնասպանության մասին խոսելը կամ գրելը, օրինակ՝ «ես սպանելու եմ ինձ» կամ «ես քեզ համար այլևս խնդիր չեմ լինի» արտահայտություններ անելը
- ավելի ու ավելի շատ ալկոհոլ կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործելը
- իրավիճակի հետ կապված անելանելիության, հուսահատության կամ անօգնականության զգացումներ
- ռիսկային կամ ինքնավնասող բաներ անելը
- անձնական իրերը հանձնելը կամ նվիրելն առանց հստակ, տրամաբանական պատճառի:
Որոշ այլ նախազգուշական նշաններ կարող են նմանվել դեռահասներին բնորոշ վարքագծերին, օրինակ՝
- նորմալ ռեժիմի փոփոխություններ, այդ թվում՝ կապված ուտելու կամ քնելու բնույթի հետ
- ավելի քիչ շփվող դառնալը և միայնակ մնալու ցանկությունը
- տրամադրության կտրուկ փոփոխություններ ունենալը։
Ինքնասպանության հակված դեռահասները նաև կարող են դրսևորել անհատականության փոփոխություններ կամ դառնալ խիստ անհանգիստ կամ դյուրագրգիռ, երբ զգում են վերը թվարկված որոշ նախազգուշական նշանները:
Իմացե՛ք ավելին ինքնասպանության նախազգուշացնող նշանների մասին:
Ի՞նչ պետք է անել, եթե կասկածում եք, որ ձեր դեռահաս երեխան ունի ինքնասպանության մղումներ
Եթե կարծում եք, որ տվյալ պահին ձեր դեռահաս երեխան վտանգի տակ է, անմիջապես զանգահարեք 911, ձեր շտապ օգնության համարին՝ 1-03 կամ ինքնասպանության թեժ գիծ:
Եթե կասկածում եք, որ ձեր դեռահաս երեխան կարող է մտածել ինքնասպանության մասին, անմիջապես խոսեք նրա հետ: Մի՛ վախեցեք «ինքնասպանություն» բառն օգտագործելուց։ Ինքնասպանության մասին խոսելը երեխայի գլխում ինքնավնասման մտքեր չի հրահրի:
Հարցրեք, թե ինչպես է զգում ձեր դեռահաս երեխան և ուշադրությամբ լսեք նրան: Մի՛ անտեսեք նրա խնդիրները: Դրա փոխարեն, վստահեցրեք ձեր երեխային ձեր սիրո մեջ: Հիշեցրեք և վստահեցրեք նրան, որ միասին կարող եք հաղթահարել այն ամենը, ինչ կատարվում է նրա կյանքում:
Նաև, ձեր դեռահաս երեխայի համար դիմեք բժշկական օգնության: Խնդրեք ձեր երեխայի բժշկին, որ ուղղորդի ձեզ:
Ձեր երեխայի բժիշկը կցանկանա հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են՝
- ձեր երեխան
- ծնողներ կամ խնամակալներ
- այլ մարդիկ, ովքեր մոտ են ձեր երեխայի հետ
- ուսուցիչներ և դպրոցական զեկուցագրեր
- նախկին բժշկական կամ հոգեկան առողջության գրանցումներ:
Ինքնասպանության զգացում ունեցող դեռահասները հաճախ ունեն մասնագետի օգնության կարիք՝ հոգեբույժ, հոգեբան կամ հոգեկան առողջության այլ լիցենզավորված մասնագետ:
Դուք կարող եք գտնել առողջապահական մասնագետ, ով բուժում է երեխաների հոգեկան առողջությունը: Կամ կարող եք գտնել մեկին, ով կցանկանա խոսել դեռահասի և ծնողների կամ ամբողջ ընտանիքի հետ:
Որոշ դեպքերում խնամակալների համար կարող է դժվար լինել տանն անվտանգ պահել ինքնասպանություն գործած դեռահասին: Դեռահասի բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են խորհուրդ տալ բուժում հիվանդանոցում կամ ինտենսիվ ամբուլատոր ծրագրով: Կամ նրանք կարող են առաջարկել օգնության համար դիմել ճգնաժամային արձագանքման ծառայություններ:
Ինչպե՞ս կարող եմ կանխարգելել դեռահասի ինքնասպանությունը
Դուք ինքներդ կարող եք քայլեր ձեռնարկել՝ ուղղված ձեր դեռահաս երեխայի պաշտպանությանը: Ահա որոշ օրինակներ:
- Զրուցեք հոգեկան առողջության և ինքնասպանության մասին․ մի՛ սպասեք, որ ձեր երեխան դիմի ձեզ: Հարցրեք, թե ինչ խնդիր է առաջացել, եթե ձեր դեռահաս երեխան տխուր է, անհանգիստ, ընկճված կամ կարծես ներքին պայքարի մեջ է: Լսեք և առաջարկեք ձեր աջակցությունը:
- Ուշադրություն դարձրեք. ինքնասպանության մասին մտածող դեռահասները հաճախ նախազգուշացնող նշաններ են ցույց տալիս։ Լսեք, թե ինչ է ասում ձեր երեխան և հետևեք, թե ինչպես է նա վարվում: Երբեք մի՛ վերագրեք ինքնասպանության վտանգները որպես դեռահասների դրամայի դրսևորում:
- Ձգտեք կանխել շատ մենակ մնալը․ խրախուսեք ձեր դեռահաս երեխային ժամանակ անցկացնել աջակցող ընկերների և ընտանիքի հետ:
- Վերահսկեք և խոսեք սոցիալական մեդիայի օգտագործման մասին․ հետևեք ձեր դեռահաս երեխայի սոցիալական մեդիայի ակտիվությանը: Սոցիալական մեդիան կարող է արժեքավոր աջակցություն տալ դեռահասներին, բայց նաև կարող է վնասաբեր ազդեցությունների ենթարկել նրանց: Նման օրինակներից են բուլիինգը, բամբասանքների տարածումը, այլ մարդկանց կյանքի մասին անիրատեսական տեսակետները և հասակակիցների ճնշումը: Եթե ձեր դեռահաս երեխան վիրավորված կամ վրդովված է սոցիալական ցանցերի գրառումներից կամ հաղորդագրություններից, խրախուսեք նրան, որ խոսի ձեզ հետ կամ մեկ այլ վստահելի չափահասի կամ ուսուցչի հետ: Դպրոցում կապվածության և աջակցության զգացումը կարող է ուժեղ պաշտպանիչ ազդեցություն ունենալ:
- Խրախուսեք առողջ ապրելակերպը. օգնեք ձեր դեռահաս երեխային, որ ճիշտ սնվի, ֆիզիկապես ակտիվ լինի և բավականաչափ քնի:
- Աջակցեք բուժման ծրագրին․ եթե ձեր դեռահաս երեխան բուժում է ստանում ինքնասպանության վարքագծի համար, կարող է ժամանակ պահանջել ավելի լավ զգալու համար: Օգնեք նրան, որ ճշտորեն հետևի նշանակված բուժմանը: Նաև խրախուսեք երեխային մասնակցելու այնպիսի միջոցառումների, որոնք կարող են օգնել վստահության վերականգնմանը և այլոց հետ առողջ փոխհարաբերությունների հաստատմանը:
- Վերահսկեք դեղամիջոցները․ որոշ դեռահասներ կարող են ավելի շատ ինքնասպանության մտքեր կամ վարք ունենալ հակադեպրեսանտներ կոչվող դեղամիջոցներ ընդունելիս: Սա տարածված չէ, բայց ռիսկն ավելի բարձր է դեղամիջոցի ընդունումը սկսելուց հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում կամ դեղաչափը փոփոխելիս: Այնուամենայնիվ, հակադեպրեսանտներն ավելի հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնեն ինքնասպանության ռիսկը, քանի որ կարող են բարելավել տրամադրությունը: Եթե ձեր դեռահաս երեխան հակադեպրեսանտ ընդունելիս ինքնասպանության մտքեր ունի, անմիջապես դիմեք այդ դեղամիջոցը նշանակած բժշկին կամ զանգեք շտապ օգնություն:
- Ապահով տեղում պահեք զենքերը, ալկոհոլը և դեղամիջոցները․ ինքնասպանության միջոցների հասանելիությունը կարող է դեր խաղալ, եթե դեռահասն արդեն ունի ինքնասպանության մտքեր:
Եթե անհանգստանում եք ձեր դեռահաս երեխայի համար, անկեղծ խոսեք նրա հետ և անմիջապես օգնության դիմեք:
Իմացե՛ք ավելին ինքնասպանության կանխարգելիչ քայլերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2024
Վերջին վերանայում՝ 22-05-2024