Ուռուցքային մարկերները կամ օնկոմարկերները քիմիական միացություններ են, որոնք կարող են նորման գերազանցող մակարդակներով հայտնաբերվել քաղցկեղ ունեցող մարդկանց արյան, մեզի և այլ կենսանմուշների մեջ:
Թեև ուռուցքային (քաղցկեղային) մարկերներն ավեի հաճախ արտադրվում են քաղցկեղային բջիջների կողմից, օրգանիզմի առողջ բջիջները նույնպես կարող են արտադրել այս նյութերը: Օնկոմարկերները նաև կոչվում են բիոմարկերներ:
Ուռուցքային մարկերները և քաղցկեղը
Ուռուցքային մարկերների բարձր մակարդակը կարող է լինել քաղցկեղի նշան: Այլ հետազոտությունների հետ միասին ուռուցքային մարկերների որոշումը կարող է օգնել ձեր բժիշին ձեզ մոտ քաղցկեղի ախտորոշման և բուժման պլանի որոշման հարցում: Ուռուցքային մարկերներն ավելի հաճախ նշանակվում են հետևյալ նպատակներով։
- Բուժման որոշում. որոշ մարկերներ օգնում են բժիշկներին որոշելու, թե արդյոք պետք է վիրահատական և (կամ) ճառագայթային բուժումից հետո ավելացնել քիմիոթերապիա կամ իմունոթերապիա։ Այլ ուռուցքային մարկերներն օգնում են բժիշկներին ընտրելու այն դեղամիջոցը կամ դեղերի զուգակցումները, որոնք առավել լավ արդյունք կապահովեն:
- Բուժման հսկողություն. բժիշկները կարող են օգտագործել ուռուցքային մարկերների փոփոխությունները բուժման արդյունավետության գնահատման համար:
- Ապաքինման հավանականության կանխորոշում. ուռուցքային մարկերները կարող են օգնել բժիշկներին կանխագուշակելու քաղցկեղի ընթացքը և բուժման նկատմամբ պատասխանը: Այդ մարկերները կարող են նաև կանխորոշել հիվանդի ապաքինման հավանականությունը:
- Հիվանդության ախտադարձի (կրկնության) կանխորոշում և վերահսկում. ուռուցքային մարկերները կարող են օգտագործվել բուժումից հետո հիվանդության կրկնության հավանականությունը կանխորոշելու համար, որը կոչվում է ախտադարձ (ռեցիդիվ): Ուռուցքային մարկերների քանակների փոփոխություններին հետևելը կարող է դառնալ պացիենտի հսկողության ծրագրի մի մասը: Այն նաև կարող է քաղցկեղի վերադարձը հայտնաբերել ավելի վաղ, քան մյուս, օրինակ՝ պատկերային հետազոտությունները:
Ուռուցքային մարկերները նաև կարող են օգտագործվել քաղցկեղի նկատմամբ բարձր ռիսկ ունեցող մարդկանց սքրինինգի համար: Որոշ մարկերներ կարող են օգտագործվել նոր ախտորոշված քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն, միայն առանձին վերցրած որևէ ուռուցքային մարկերի արյան մեջ առկայությունը կամ բարձր մակարդակը քաղցկեղ ախտորոշելու համար բավարար չէ:
Ուռուցքային մարկերների սահմանափակումները
Ուռուցքային մարկերները բացարձակ հավաստի չեն։ Սովորաբար պահանջվում են այլ հետազոտություններ ևս, որ հնարավոր քաղցկեղի կամ քաղցկեղի ախտադարձի մասին ստացվեն ավելի համապարփակ տվյալներ։ Ուռուցքային մարկերների որոշ սահմանափակումների օրինակներ են՝
- քաղցկեղից բացի մեկ այլ հիվանդություն կամ առողջական խնդիր կարող է բարձրացնել մարկերների մակարդակները
- որոշ մերկերների մակարդակները կարող են բարձր լինել քաղցկեղ չունեցող մարդկանց մոտ
- մարկերների մակարդակները կարող են ժամանակի ընթացքում տատանվել՝ դժվարացնելով կայուն արդյունքների գնահատումը
- մարկերի մակարդակը կարող է չբարձրանալ, քանի դեռ քաղցկեղը շատ չի տարածվել, որը հիվանդության հայտնաբերումը, սքրինինգը կամ կրկնության վերահսկումը դարձնում են անօգուտ
- որոշ քաղցկեղներ չեն առաջացնում արյան մեջ հայտնաբերելի մարկերներ կամ չունեն հայտնի մարկերներ, ինչպես նաև որոշ մարդկանց մոտ անգամ մարկերներ արտադրող քաղցկեղների դեպքում այդ մարկերների մակարդակները չեն բարձրանում։
Ուռուցքային մարկերների թեստը
Ուռուցքային մարկերների որոշման համար ձեր բուժանձնակազմի անդամներից մեկը ձեզնից վերցնում է արյան կամ մեզի նմուշ։ Այդ կենսանմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ անալիզի համար։ Որոշ թեստեր պետք է կրկնվեն, քանի որ ուռուցքային մարկերների մակարդակները ամսե-ամիս կարող են փոփոխվել։ Սա կոչվում է «սերիական» (շարունակական) հետազոտություն։ Այլ լաբորատոր թեստերի նման, ուռուցքային մարկերի հավաստի թեստը պետք է լինի և՛ զգայուն և՛ սպեցիֆիկ։
- Սպեցիֆիկություն. կա հավանականություն, որ թեստի արդյունքը լինի կեղծ դրական։ Սա կարող է լինել այն դեպքում, երբ մարկերը կամ այն հայտնաբերելու համար օգտագործված թեստը բավարար սպեցիֆիկ չեն: Եթե հետազոտությունը բավարար սպեցիֆիկ չէ, արդյունքները կարող են ենթադրել ուռուցքի առկայություն կամ բուժմանը չենթարկվող աճ: Այս դեպքում առողջ մարդը կարող է անցնել ոչ անհրաժեշտ հետազոտություններ և սթրեսի ենթարկվել:
- Զգայունություն. եթե մարկերը կամ թեստը բավարար զգայուն չեն, թեստի արդյունքը կարող է լինել կեղծ բացասական: Այս դեպքում թեստի արդյունքը ենթադրում է ուռուցքի բացակայություն, թեև իրականում այն առկա է: Այլ դեպքում մարկերի մակարդակները կարող են ցույց տալ, որ քաղցկեղի բուժումն արդյունավետ է, մինչդեռ իրականում այդպես չլինի: Սա նշանակում է, որ միայն ուռուցքային մարկերի թեստ անցած մարդը կարող է չօգտվել լրացուցիչ հետազոտություններից կամ բուժումներից, որոնք կարող էին օգտակար լինել:
Ուռուցքային մարկերները և որոշ քաղցկեղները
Տարբեր ուռուցքային մարկերներ կարող են օգտագործվել տարբեր քաղցկեղների համար։ Նաև, բազմաթիվ քաղցկեղներ չունեն իրենց հատուկ մարկերները։ Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։
Բժշկին տրվող հարցեր
Նկատի ունեցեք այս հարցերը ձեր բժշկին տալու համար:
- Խորհուրդ տալի՞ս եք արդյոք, որ ես անցնեմ ուռուցքային մարկերների որոշման հետազոտություններ: Եթե այո, ապա ո՞ր թեստերը։
- Ո՞ր թեստերն եմ ես արդեն հանձնել։
- Ինչպե՞ս են կատարվում այդ թեստերը: Ի՞նչ հաճախականությամբ պետք է ես դրանք հանձնեմ։
- Կարո՞ղ եք բացատրել թեստի արդյունքները։
- Եթե ինձ մոտ հայտնաբերվեի ուռուցքային մարկերների ոչ նորմալ մակարդակներ, ի՞նչ կարող է դա նշանակել։ Ինչպե՞ս դա կազդի իմ բուժման վրա։
- Ինչպե՞ս կօգտագործվեն ուռուցքային մարկերների թեստերը իմ հսկողության շրջանում։
- Որտեղի՞ց կարող եմ լրացուցիչ տեղեկություն ստանալ ուռուցքային մարկերների մասին։
Լրացուցիչ տեղեկատվություն
Ուռուցքային մարկերների հետազոտության մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք ուռուցքային մարկերների մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024