Միզածորանային օբստրուկցիայի կամ խցանման տարբեր տեսակներ ունեն տարբեր պատճառներ, որոնցից որոշներն առկա են ի ծնե (բնածին են):
Բնածին պատճառները ներկայացված են ստորև:
- Երկրորդ (կրկնվող) միզածորան. այս տարածված բնածին վիճակն առաջացնում է երկու միզածորանների ձևավորում նույն երիկամի վրա: Երկրորդ միզածորանը կարող է զարգանալ ամբողջությամբ կամ մասնակի: Եթե միզածորաններից որևէ մեկը ճիշտ չի գործում, մեզը կարող է վերադառնալ երիկամ և վնաս պատճառել:
- Խցանում (օբստրուկցիա) այնտեղ, որտեղ միզածորանը միանում է երիկամին կամ միզապարկին․ սա կանխում է մեզի վայրէջ արտահոսքը երիկամներից դեպի միզապարկ: Եթե խցանումը միզածորանի և երիկամի միացման տեղում է (ուրտետրոպելվիկ միացում), կարող է զարգանալ երիկամի այտուց և ի վերջո հանգեցնել երիկամային գործառույթի դադարեցման: Այս վիճակը կարող է լինել ի ծնե կամ զարգանալ մանկական տարիքին բնորոշ աճի շրջանում, ինչպես նաև առաջանալ վնասվածքի կամ սպիի հետևանքով, կամ, հազվադեպ դեպքերում, զարգանալ ուռուցքից: Եթե խցանվել է միզածորանի և միզապարկի միացման տեղը (ուրետերովեզիկալ միացում), մեզը կարող է վեր բարձրանալ՝ հասնելով երիկամներ:
- Ուրետերոցելե. եթե միզածորանը չափազանց նեղ է և չի ապահովում մեզի ամբողջական արտահոսքը, այս միզատար խողովակի վրա կարող է ձևավորվել փոքրիկ արտափքում կամ գրպանիկ, որն էլ կոչվում է ուրետերոցելե: Երբ ուրետերոցելեն առաջանում է, այն սովորաբար ի հայտ է գալիս միզածորանի այն հատվածում, որն ամենամոտն է միզապարկին: Սա կարող է արգելափակել մեզի հոսքը և առաջացնել մեզի վերադարձ դեպի երիկամ, որն էլ կարող է հանգեցնել երիկամների վնասման:
- Հետորովայնամզային (ռետրոպերիտոնեալ) ֆիբրոզ․ այս հազվադեպ խանգարումն առաջանում է, երբ որովայնի հետևում աճում է ֆիբրոզ (սպիական) հյուսվածք: Ֆիբրոզ թելերը կարող են աճել քաղցկեղային ուռուցքների կամ միգրենի բուժման մեջ օգտագործվող որոշ դեղամիջոցներ ընդունելու պատճառով: Դրանք շրջապատում և արգելափակում են միզածորանները, որի հետևանքով մեզը ետ է հոսում դեպի երիկամներ:
Այլ հնարավոր պատճառներ
Տարբեր պատճառներ՝ ինչպես միզածորանի ներսում (ներքին), այնպես էլ միզապարկից դուրս (արտաքին), կարող են հանգեցնել միզածորանի խցանման: Դրանցից են՝
- երիկամային քարեր
- քաղցկեղային և ոչ քաղցկեղային ուռուցքներ
- արյան մակարդուկներ
- այտուցված (մեծացած) ավշային հանգույցներ
- ներքին հյուսվածքի աճ, ինչպիսին է կանանց մոտ էնդոմետրիոզը
- միզածորանի պատի երկարաժամկետ այտուց, սովորաբար՝ այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են տուբերկուլոզը կամ շիստոսոմոզ կոչվող մակաբուծային վարակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024