Միզածորանային խցանման բուժման նպատակն է հնարավորության դեպքում հեռացնել խցանման պատճառը կամ շրջանցել այն, որը կարող է օգնել երիկամների վնասման վերականգնմանը:
Բուժումը նաև կարող է ներառել հակաբիոտիկներ՝ ուղեկցող վարակների բուժման համար:
Դրենաժային (դատարկող) միջամտություններ
Միզածորանի խցանումը, որն առաջացնում է ուժեղ ցավ, կարող է պահանջել անհապաղ միջամտություն՝ ձեր օրգանիզմից մեզը հեռացնելու և խցանման հետևանքով առաջացած խնդիրները ժամանակավորապես վերացնելու համար: Ձեր բժիշկը (ուրոլոգը) կարող է խորհուրդ տալ հետևյալ միջամտություններից մեկնումեկը:
- Միզածորանի ստենտ, որը սնամեջ խողովակ է, որը տեղադրվում է միզածորանի ներսում՝ այն մշտապես բաց պահելու համար:
- Միջմաշկային (պերկուտանեոզ) նեֆրոստոմիա, որի ընթացքում բժիշկը ձեր մեջքի կողմից կատարված փոքր կտրվածքով խողովակ է տեղադրում երիկամի մեջ՝ այնտեղից մեզի ուղղակի արտահոսք ապահովելու համար:
- Միզային կաթետեր, որը միզուկով միզապարկի մեջ ներմուծված սնամեջ բարակ խողովակ է, որով կապ է ստեղծվում միզապարկի և արտաքին դրենաժային պարկի միջև։ Սա կարող է հատկապես կարևոր լինել, եթե ձեր միզապարկի հետ կապված խնդիրները նույնպես նպաստում են ձեր երիկամների վատ դատարկմանը:
Բժիշկը կբացատրի ձեզ, թե որ միջամտությունը կամ միջամտությունների զուգակցումն է լավագույն տարբերակը ձեզ համար: Դրենաժային միջամտությունները կարող են ձեզ ժամանակավոր կամ մշտական օգնություն տրամադրել՝ կախված ձեր վիճակից:
Վիրահատական միջամտություններ
Կան մի շարք վիրաբուժական միջամտություններ, որոնք օգտագործվում են միզածորանի խցանումները վերացնելու համար: Միջամտության տեսակը կախված է ձեր իրավիճակից:
Միզածորանի խցանման վիրահատությունը կարող է իրականացվել հետևյալ վիրաբուժական մոտեցումներից մեկնումեկի միջոցով:
- Էնդոսկոպիկ վիրահատություն. այս նվազագույն ինվազիվ միջամտությունը ներառում է միզուկի միջով լուսավորող խողովակի անցկացում դեպի միզապարկ և միզուղիների այլ հատվածներ: Վիրաբույժը կտրվածք է կատարում միզածորանի վնասված կամ խցանված հատվածի վրա՝ լուսանցքը լայնացնելու համար, այնուհետև միզածորանի մեջ տեղադրում է խոռոչավոր խողովակ (ստենտ)՝ այն մշտապես բաց պահելու համար: Այս միջամտությունը կարող է իրականացվել ինչպես ձեր հիվանդությունն ախտորոշելու, այնպես էլ բուժման համար:
- Բաց վիրահատություն. վիրաբույժը կտրվածք է կատարում ձեր որովայնի պատի վրա, որ անմիջականորեն հասնի միզածորանի խցանման շրջան, հեռացնի խցանման պատճառը և վերականգնի ձեր միզածորանի անցանելիությունը:
- Լապարոսկոպիկ վիրահատություն. այս մոտեցման դեպքում վիրաբույժը ձեր որովայնի պատին մեկ կամ մի քանի փոքր կտրվածք է անում, որ տեղադրի լուսավորող ծայրով փոքրիկ խողովակ, տեսախցիկ և միջամտության համար անհրաժեշտ այլ գործիքներ:
- Ռոբոտ-օժանդակող լապարոսկոպիկ վիրահատություն. վիրաբույժն օգտագործում է ռոբոտային համակարգ՝ լապարոսկոպիկ միջամտությունն ավելի ճշգրիտ և ավելի անվնաս դարձնելու համար։
Թվարկված վիրաբուժական մոտեցումների հիմնական տարբերությունը վիրահատությունից հետո ձեր վերականգնման ժամանակահատվածն է և միջամտության համար կատարվող մաշկային կտրվածքների քանակն ու չափը: Ձեր բժիշկը (ուրոլոգը) և դուք միասին կորոշեք ձեզ ցուցված միջամտության տեսակը և ձեր վիճակի բուժման լավագույն վիրաբուժական մոտեցումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024