Բժիշկները հաճախ միզածորանային խցանումը հայտնաբերում են նախածննդյան (պրենատալ) ստանդարտ գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիայի) ժամանակ, որը կարող է ցույց տալ զարգացող պտղի երիկամները, միզածորանները և միզապարկը:
Նման դեպքերում մեկ այլ գերձայնային հետազոտություն անցկացվում է ծնվելուց հետո՝ երիկամների վիճակը կրկնակի գնահատելու համար:
Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք միզածորանի օբստրուկցիա, ստորև հետազոտություններից և սքանավորումներից մի քանիսը կարող են օգտագործվել ախտորոշումը հաստատելու համար:
- Արյան և մեզի թեստեր. ձեր բժիշկը ստուգում է ձեր արյան և մեզի նմուշները վարակի նշանների և կրեատինինի առկայության համար: Կրեատինինի բարձր մակարդակն ահազանգ է այն մասին, որ ձեր երիկամները ճիշտ չեն գործում:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). ձեր որովայնի խոռոչի օրգանների ետևում գտնվող շրջանի գերձայնային հետազոտությունը (ռետրոպերիտոնեալ գերձայնային հետազոտություն) թույլ է տալիս ձեր բժշկին դիտել ձեր երիկամները և միզածորանները:
- Միզապարկի կաթետերիզացիա. ոչ լիարժեք կամ արգելափակված մեզի հոսքը ստուգելու համար ձեր բժիշկը փոքրիկ խողովակ (կաթետեր) է անցկացնում միզուկով, ներկանյութ է ներմուծում ձեր միզապարկի մեջ և միզելուց առաջ և միզելու ընթացքում անցկացվող ռենտգենով գնահատում ձեր երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը:
- Երիկամների միջուկային (նուկլեար) սքանավորում. ձեր բժիշկը կամ տեխնիկը ձեր ձեռքի երակից ներարկում են այսպես կոչված տրեյսեր, որը պարունակում է փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութ: Հատուկ տեսախցիկը հայտնաբերում է այդ նյութը, երբ այն մուտք է գործում ձեր երիկամներ, որից հետո՝ միզածորաններ և ստեղծում պատկերներ, որոնք ձեր բժիշկն օգտագործում է ձեր միզային համակարգը գնահատելու համար:
- Ցիստոսկոպիա. այս դեպքում ձեր միզուկով կամ փոքր կտրվածքով միզապարկի խոռոչում տեղադրվում է ազատ ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող փոքր խողովակ (ցիստոսկոպ): Օպտիկական համակարգը բժշկին թույլ է տալիս տեսնել միզուկի և միզապարկի ներսը:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. ԿՏ սքանավորումը միավորում է մի շարք ռենտգեն պատկերներ՝ արված բազմաթիվ տարբեր անկյուններից և իրականացնում ստացված տեղեկատվության համակարգչային մշակում՝ ձեր երիկամների, միզածորանի և միզապարկի խաչաձև հատած պատկերներ (շերտագրեր) ստեղծելու համար:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)․ որովայնի ՄՌՏ-ն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ ձեր միզային համակարգը կազմող օրգանների և հյուսվածքների մանրակրկիտ պատկերներ ստեղծելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024