Մեզի բջջաբանական կամ ցիտոլոգիական թեստի նպատակը մեզի նմուշում ոչ նորմալ բջիջներ հայտնաբերելն է:
Բժիշկները հաճախ մեզի բջջաբանական հետազոտությանը կարճ անվանում են մեզի ցիտոլոգիա:
Ի՞նչն են հետազոտում
Ինչպես հուշում է անվանումը, այս հետազոտում են մեզը, սակայն, ի տարբերություն մեզի ընդհանուր քննության, երբ ուսումնասիրվում է մեզի գույնը, թթվայնությունը, սպիտակուցների, կետոնային մարմինների (ացետոն), արյան բջիջների, աղերի, բյուրեղների, գլանակների և այլ ցուցանիշների առկայությունը, բջջաբանական հետազոտության նպատակը ձեր մեզում ոչ նորմալ բջիջներ հայտնաբերելն է:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Մեզի ցիտոլոգիան այլ հետազոտությունների հետ միասին նշանակվում է՝ ախտորոշելու միզուղիների քաղցկեղները, այդ թվում՝
- միզապարկի քաղցկեղ
- միզածորանի քաղցկեղ
- միզուկի քաղցկեղ:
Սովորաբար մեզի բջջաբանական թեստ խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն միզուղիների քաղցկեղի գանգատներ կամ նշաններ, օրինակ՝ մեզում արյուն (արյունամիզություն կամ հեմատուրիա):
Մեզի ցիտոլոգիան որպես հետազոտություն ավելի տեղեկատվական է դառնում մեծ և ավելի ագրեսիվ քաղցկեղներ հայտնաբերելիս: Հակառակ նշվածին, միզուղիների փոքր և դանդաղ աճող քաղցկեղների դեպքում բջջաբանական հետազոտությամբ որևէ օգտակար պատասխան կարող է և չստացվել:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Մեզի բջջաբանական թեստի համար պետք է վերցնել առավոտյան առաջին մեզը (բջիջները կարող են միզապարկում կուտակվել գիշերվա ընթացքում և հեռացվել առավոտյան առաջին մեզի հետ): Մեզը պետք է հավաքել միանգամյա օգտագործման ստերիլ տարայում:
Ինչպես մեզի ընդհանուր թեստի դեպքում, ցիտոլոգիական թեստի նախորդ օրը ևս խորհուրդ չի տրվում օգտագործել մեզի գունավորող մթերքներ կամ հեղուկներ (օրինակ՝ բազուկ, գազար և այլն):
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Մեզի բջջաբանական թեստն իրականացնում և պատասխանը գրում է բժիշկ-բջջաբանը (ցիտոլոգ): Հարցրեք լաբորատորիայում, թե երբ կարող եք ստանալ թեստի արդյունքը, որ այն ներկայացնեք ձեր բժշկին:
Տարբեր լաբորատորիաներ մեզի ցիտոլոգիայի պատասխանը ներկայացնում են տարբեր շարադրումներով, սակայն կան տերմիններ, որոնք օգտագործում են բոլորը: Դրանցից են՝
- անբավարար քանակի նմուշ. սա կարող է նշանակել, որ ցիտոլոգը չի հայտնաբերել բավարար քանակով բջիջներ կամ կան քիչ քանակով ոչ նորմալ բջիջներ և հետազոտությունը պետք է կրկնվի
- բացասական. սա նշանակում է, որ ձեր մեզի նմուշում քաղցկեղային բջիջներ չեն հայտնաբերվել
- ատիպիկ. սա նշանակում է, որ ձեր մեզի նմուշում հայտնաբերվել են նորմալից որոշ չափով տարբերվող բջիջներ, բայց ոչ այն չափի տարբերվող, որ մեկնաբանեն որպես քաղցկեղային բջիջներ
- կասկածելի. սա նշանակում է, որ հայտնաբերված ոչ նորմալ բջիջները կարող են լինել քաղցկեղային
- դրական. սա նշանակում է, որ մեզի նմուշում հայտնաբերվել են քաղցկեղային բջիջներ:
Մեզի ցիտոլոգիան առանձին վերցրած չի կարող հանդիսանալ քաղցկեղի ախտորոշման հիմք: Եթե մեզի նմուշում հայտնաբերվել են ատիպիկ կամ քաղցկեղային բջիջներ, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ ցիստոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) և այլն:
Լրացուցիչ տեղեկատվություն
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի մեզի թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք մեզի թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024