Վիտամին B12-ը մասնակցում է արյան բջիջների՝ ձևավոր տարրերի արտադրությանը, ինչպես նաև ապահովում է նյարդերի նորմալ գործունեությունը։
Վիտամին B12-ը հայտնի է նաև որպես կոբալամին:
Ի՞նչն են հետազոտում
Այս թեստի միջոցով չափվում է արյան մեջ վիտամին B12-ի մակարդակը։ Սովորաբար, միաժամանակ հետազոտվում է նաև ֆոլատը։
Մենք այս վիտամինը ստանում ենք այնպիսի սննդամթերքներով, ինչպիսիք են՝ միս, թռչնամիս, ծովամթերքներ, կաթ, պանիր և ձու։
Վիտամին B12-ը կենսական նշանակություն ունի արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրության, բջիջների և հյուսվածքների վերականգնման (ռեգեներացիա), ինչպես նաև նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Ձեր բժիշկը կարող է վիտամին B12-ի թեստ առաջարկել հետևյալ դեպքերում՝
- սակավարյունության (անեմիայի) առկայության և տեսակի գնահատում
- մինչև հղիությունն առողջության ընդհանուր ստուգում
- նյարդային գործունեության գնահատում
- սնուցման վիճակի ստուգում (հատկապես, եթե հումակեր եք)
- հոգեկան վիճակի կամ վարքագծերի փոփոխության պատճառի ախտորոշում։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Լաբորատորիա պետք է այցելել սննդի վերջին ընդունումից առնվազն 6-8 ժամ հետո։
Արդյունքների մեկնաբանումը
Նորմայից ցածր վիտամին B12-ի մակարդակը նշանակում է, որ ձեր օրգանիզմում կա այս վիտամինի անբավարարություն։ Սակայն այս պատասխանը վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառի և ծանրության աստիճանի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի պարունակում։
Վիտամին B12-ի դեֆիցիտ կարող է գրանցվել տարբեր հիվանդությունների և վիճակների ժամանակ։ Այն կարող է պատճառվել նաև խիստ բուսակերությամբ կամ հումակերությամբ։ Ուստի, ցանկացած պարագայում ներկայացրեք ձեր արդյունքները բժշկին, որ միասին քննարկեք այն։
Լրացուցիչ տեղեկատվություն
Վիտամին B12-ի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք վիտամին B12-ի և անեմիայի մյուս թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024