Մեզնից շատերն ապրում են ժամանակային սղության պայմաններում, երբ մշտական շտապողականությունը և չհասցնելու զգացողությունը, միաժամանակ տարբեր գործերով զբաղվելն ու լարվածությունը դարձել են մեր առօրյա ռեժիմը։
Նման պայմաններում խիստ դժվարանում է աշխատանքի և աշխատանքից դուրս կյանքի միջև առողջ հավասարակշռություն պահպանելը։
Lավ կամ առողջ աշխատանք-կյանք հավասարակշռությունը նշանակում է, որ կյանքի բոլոր ոլորտների միջև ստեղծել եք կայուն ներդաշնակություն, որտեղ յուրաքանչյուր ոլորտ շահում է և կարող է օգնել և նպաստել մյուս ոլորտների հաջողությանը։
Աշխատանք-կյանք փոխհարաբերությունը ուսումնասիրության և քննարկման համեմատաբար նոր առարկա է, որի նպատակը կյանքի տարբեր կողմերի միջև լավագույն հավասարակշռությունների ստեղծումն է։
Իմացե՛ք ավելին ձեր աշխատանք-կյանք հավասարակշռությունը բարելավելու հմտությունների մասին։
Ովքե՞ր են ավելի շատ տուժում
Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում աշխատաժամերը կազմում են օրվա շուրջ մեկ երրորդը: Բազմաթիվ մարդիկ աշխատում են առանց հանգստյան օրերի կամ համատեղում են մի քանի աշխատանք։ Նման դեպքերում գրեթե ժամանակ չի մնում զբաղվելու այլ գործերով կամ անձնական կյանքով։
Երկար աշխատաժամերը նշանակում են նաև ավելցուկային սթրես, անբավարար հանգիստ և աշխատանք-կյանք հավասարակշռության շեղում՝ հօգուտ աշխատանքի և ի վնաս՝ անձնական, ընտանեկան ու հանրային կյանքի ու հանգստի։
Մյուս կողմից, բազմաթիվ մարդիկ ունեն միայն մասնակի կամ ոչ կայուն աշխատանք և ցածր աշխատավարձ։ Նման դեպքերում աշխատանք-կյանք հավասարակշռությունը շեղվում է՝ ի վնաս աշխատանքի, թեև ոչ հազվադեպ նույն մարդիկ ստիպված են աշխատել երկար կամ մի քանի տեղ՝ նույն հավասարակշռությունը դարձնելով հօգուտ աշխատանքի։
Հետազոտությունները վկայում են, որ ինչպես շատ երկար, այնպես էլ անձնական կարիքները չբավարարող կարճ աշխատաժամերը բացասաբար են ազդում աշխատանք-կյանք հավասարակշռության, որի հետևանքով՝ ընդհանուր առողջության վրա։
Այն, որ աշխատանքն ինքնին կարող է նպաստել հոգեկան և ֆիզիկական առողջության բարելավմանը, ապացուցված է տարիներ շարունակ անցկացված հետազոտություններով։ Աշխատանքի օգուտներից են՝
- հանդիսանում է ֆիզիկական ակտիվության աղբյուր կամ միջոց
- օրվան տալիս է կառուցվածք
- զարգացնում է նպատակասլացության և պատասխանատվության զգացումները
- օգնում է տարատեսակ միջանձնային փոխհարաբերությունների ու հաղորդակցման զարգացմանը, ինչպես նաև հմտությունների ձեռք բերմանը
- զարգացնում է համայնքային կյանքի հմտությունները
- ապահովում է եկամուտներ և ֆինանսական անկախություն։
Այնուամենայնիվ, աշխատանքի որոշ կողմեր կարող են բացասաբար ազդել հոգեկան առողջության վրա։ Աշխատանքային սթրեսը, մեկուսացած աշխատանքային պայմանները, ֆիզիոլոգիական պահանջները, ջանքերի համար վարձատրության անհամաչափությունը, անբավարար անվտանգությունը և վերահսկողության ոչ պատշաճ մակարդակը բարձրացնում են հոգեկան առողջության խնդիրների ռիսկը։
Սթրես և «հյուծում»
Սթրեսը մարդու բնական պատասխանն է խնդրահարույց կամ վտանգավոր իրավիճակներին։ Սթրեսի քիչ «չափաբաժինները», օրինակ՝ աշխատանքը սահմանված վերջնաժամկետին ավարտելը, իրականում կարող է լինել օգտակար և թույլ տալ, որպեսզի բարելավենք մեր զգոնությունը, ներուժը և արդյունավետ աշխատունակությունը։
Այուամենայնիվ, «ադրենալինով ապրելը» կարող է արդյունավետ լինել միայն ժամանակի կարճ հատվածի համար։ Եթե լարվածություններն ու ճնշումները շարունակվում են երկար ժամանակ կամ դառնում են ավելի հզոր, քան դրանք դիմակայելու ունակություններն ու հնարավորությունները, ստեղծվում է անցանկալի մի իրավիճակ, երբ սթրեսը սկսում է հյուծել ֆիզիկական և հոգեկան ուժերը։ Երկարատև կամ, ինչպես ընդունված է ասել, քրոնիկ սթրեսը կարող է բացասաբար ազդել ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության, փոխհարաբերությունների, աշխատանքի և բարեկեցության վրա։
Իմացե՛ք ավելին աշխատանքային սթրեսի մասին:
«Այրումը» կամ «հուզական այրումը» կամ «սպառումը» (burnout) երկարատև ավելցուկային կամ սթրեսով լի, լարված օրակարգով աշխատանքի հետևանքով զարգացող հուզական և ֆիզիկական հյուծման վիճակն է։
Այրման երեք կարևոր առանձնահատկություններն են՝
- հուզական հյուծում
- աշխատանքի և դրա հետ կապված ամեն ինչի նկատմամբ աճող անտարբերության զգացում
- արդյունավետության նվազում կամ աշխատանքի արդյունքներով չբավարարվելու զգացում։
Հուզական այրումը ներառում է նաև «հոգատարության հոգնածությունը», երբ աշխատողը կորցնում է իր գործընկերների մասին հոգ տանելու հուզական ունակությունները և սկսում է բացասական կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել ինչպես հաճախորդների, այնպես էլ մյուս աշխատակիցների նկատմամբ։ Նման վիճակն ավելի հաճախ հանդիպում է բժիշկների, հոգեբանների, մանկավարժների, սոցիալական ծառայությունների աշխատակիցների և մյուս բոլոր այն մասնագետների շրջանում, ում աշխատանքը կապված է խնամքի և հոգատարության հետ։
Իմացե՛ք ավելին հուզական այրման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024