Հասանելի են կնճիռների բուժման մի քանի տարբերակներ, որոնք կօգնեն հարթեցնել կնճիռները կամ դրանք ավելի քիչ նկատելի դարձնել:
Դեղամիջոցներ
- Տեղային ռետինոիդներ. մաշկի վրա կիրառվող ռետինոիդները, որոնք ստացվում են վիտամին A-ից, կարող են նվազեցնել նուրբ կնճիռները, բծերը և կոշտությունը: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օգտագործել այսպիսի արտադրանքը մի քանի շաբաթ կամ ամիս՝ նախքան բարելավումը նկատելը: Նման միջոցներից են Տրետինոինը (Ռենովա, Ռետին-A), Տազարոտենը (Ավագե, Տազորակ) և Ադապալեն կոչվող սինթետիկ տարբերակը: Ռետինոիդները կարող են առաջացնել ժամանակավոր քոր, կարմրություն, այրոց կամ չորություն: Ռետինոիդները կարող են հեշտացնել արևայրուքը, ուստի դուք պետք է ամեն օր օգտագործեք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 արևապաշտպան գործոնով (SPF) և կրեք պաշտպանիչ հագուստ:
- Հակակնճիռային սովորական նրբաքսուքներ (կրեմներ). հակակնճիռային նրբաքսուքների արդյունավետությունը մասամբ կախված է ակտիվ բաղադրիչներից։ Ռետինոլը, հակաօքսիդանտները և որոշ պեպտիդներ կարող են հանգեցնել կնճիռների չնչին կամ թեթև բարելավմանը: Ապրանքատեսակները, որոնք պարունակում են ալֆա հիդրօքսիթթուներ, ինչպիսիք են գլիկոլաթթուն և կաթնաթթուն, կարող են օգնել մահացած մաշկի վերին շերտի հեռացմանը և խթանել նոր մաշկի աճը: Այս նրբաքսուքների դեպքում ձեր արդյունքները, եթե այդպիսիք կան, սահմանափակ են և սովորաբար կարճատև են, քանի որ դրանք պարունակում են ավելի քիչ ակտիվ բաղադրիչներ, քան ավելի ուժեղ նրբաքսուքները:
Վիրահատական միջամտություններ և այլ մեթոդներ
Կնճիռները հարթեցնելու համար կիրառվում են մի շարք միջամտություններ։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տարբեր բուժումների զուգակցումը կարող է առավել գոհացուցիչ արդյունքներ տալ: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչն է ձեզ համար կարևոր, և որ մոտեցումը լավագույնս կբավարարի ձեր կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հարցրեք վերականգնման ժամանակի ու արդյունքների մասին:
- Լազերային հարթեցում. աբլատիվ լազերային հարթեցման ժամանակ լազերային ճառագայթը քայքայում է մաշկի արտաքին շերտը (էպիդերմիսը) և տաքացնում դրա տակ ընկած բուն մաշկը (դերման): Սա խթանում է նոր կոլագենային մանրաթելերի աճը: Երբ վերքը լավանում է, մաշկը դառնում է ավելի հարթ և ձիգ: Լազերային հարթեցումը չի կարող վերացնել ավելորդ կամ թուլացած մաշկը: Լազերային հարթեցումը կարող է իրականացվել որպես ամբուլատոր միջամտություն, սովորաբար՝ տեղային անզգայացման ներքո: Ձեզ կարող են հանգստացնող դեղամիջոցներ տալ, եթե նախատեսվում է լայնածավալ հարթեցում: Կարող է մի քանի ամիս տևել, մինչև աբլատիվ լազերային մակերևույթն ամբողջական ապաքինվի: Ֆրակցիոն լազերների օգտագործմամբ ավելի նոր մեթոդը վերականգնման ավելի կարճ ժամանակ է պահանջում: Ռիսկերը ներառում են սպիներ և մաշկի գույնի բացացում կամ մգացում: Ոչ աբլատիվ լազերային ֆրակցիոն հարթեցում կոչվող տեխնիկան ունի ավելի կարճ ապաքինման ժամանակ և ավելի քիչ ռիսկեր, քան աբլատիվը: Ոչ աբլատիվ լազերներն ավելի հարմար են չափավոր կնճիռներ ունեցող մարդկանց համար, քանի որ արդյունքներն ավելի թեթև են: Այս բուժումը պետք է կրկնվի ավելի հաճախ, քան աբլատիվ բուժումը: Այս մեթոդը կարող է իրականացվել նաև ֆրակցիոն լազերով:
- Ֆոտոդինամիկ երիտասարդացում. ֆոտոդինամիկ թերապիան (PDT) կարող է բուժել արևի ազդեցության հետևանքով առաջացած նուրբ կնճիռները: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել կրկնակի բուժում, սակայն PDT-ից հետո վերականգնումն ավելի կարճատև է, քան լազերային բուժման դեպքում:
- Քիմիական պիլինգ. ձեր բժիշկը քիմիական լուծույթ է կիրառում ձեր մաշկի վրա՝ վերին շերտերը հեռացնելու համար: Քիմիական պիլինգից հետո նորից աճող մաշկն ավելի հարթ է։ Կախված պիլինգի խորությունից՝ ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի քանի բուժման սեանս՝ մինչև ձեր մաշկի տարբերությունը նկատելը: Կարմրությունը տևում է մինչև մի քանի շաբաթ։ Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են սպի, վարակ և մաշկի գույնի բացացում կամ մգացում:
- Դերմաբրազիա. դերմաբրազիան արագ պտտվող խոզանակով մաքրում է մաշկի մակերեսային շերտը: Նույն տեղում նոր մաշկ է աճում։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկից ավելի անգամ անցնել այս միջոցառումը: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են ժամանակավոր կարմրություն, թեփուկներ և այտուցներ: Գրգռման թուլացումը և արդյունքները կարող եք տեսնել մի քանի ամսվա ընթացքում:
- Միկրոդերմաբրազիա. դերմաբրազիայի նման, այս տեխնիկան հեռացնում է մաշկի միայն նուրբ շերտը: Թեթև, ժամանակավոր արդյունքներ ստանալու համար ձեզ հարկավոր կլինի մի շարք բուժում ամիսների ընթացքում: Եթե ձեր դեմքին կան ռոզացեա կամ փոքրիկ կարմիր երակներ, այս տեխնիկան կարող է վատթարացնել վիճակը: Դուք կարող եք բուժվող հատվածներում նկատել մի փոքր կարմրություն կամ ծակոցներ:
- Բոտուլինային տոքսին A (Բոտոքս). փոքր դեղաչափով կոնկրետ մկանների մեջ ներարկվելիս Բոտոքսը կանխում է մկանների կծկումը: Երբ մկանները չեն կարողանում ձգվել, մաշկը դառնում է ավելի հարթ և ավելի քիչ կնճռոտ: Բոտոքսը լավ է աշխատում հոնքերի և ճակատի միջև ընկած կնճռոտ գծերի վրա և աչքերի անկյուններում գտնվող «ագռավի ոտքերի» վրա: Արդյունքները տեսնելու համար պահանջվում է մեկից երեք օր: Ազդեցությունը սովորաբար տևում է մի քանի ամիս: Արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ են կրկնակի ներարկումներ:
- Փափուկ հյուսվածքների լցոնիչներ. փափուկ հյուսվածքների լցոնիչները, որոնք ներառում են ճարպ, կոլագեն և հիալուրոնաթթու (Ռեստիլան, Յուվեդերմ և այլն), կարող են ներարկվել ձեր դեմքի կնճիռների մեջ: Դրանք լցնում ու հարթեցնում են կնճիռներն ու ակոսները։ Դուք կարող եք բուժվող տարածքում ունենալ ժամանակավոր այտուց, կարմրություն և կապտուկ: Առաջարկվող արտադրանքների մեծ մասի ազդեցությունը ժամանակավոր է:
- Դեմքի բարձրացում (ձգում). դեմքի բարձրացման միջամտությունը ներառում է մաշկի տակ ընկած մկանների և հյուսվածքների ձգում: Այն կարող է իրականացվել հիվանդանոցում կամ ամբուլատոր վիրաբուժական հաստատությունում՝ տեղային անզգայացման, հանգստացնող կամ ընդհանուր անզգայացման միջոցով: Միջամտությունից հետո ապաքինման ժամանակները կարող են երկար տևել: Կապտուկը և այտուցը սովորաբար տեսանելի են վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում: Դեմքի բարձրացման արդյունքները մշտական չեն: Դուք կարող եք մի քանի տարի անց կրկին կատարել նույն միջամտությունը:
Հիշեք, որ արդյունքները տարբերվում են՝ կախված ձեր կնճիռների գտնվելու վայրից և խորությունից: Ոչինչ չի կանգնեցնում մաշկի ծերացման գործընթացը, ուստի, ամենայն հավանականությամբ, ձեզ անհրաժեշտ կլինեն կրկնակի բուժումներ՝ արդյուքները պահպանելու համար:
Այս միջամտությունները սովորաբար չեն փոխհատուցվում ապահովագրությամբ: Բացի այդ, ցանկացած միջամտություն կարող է ունենալ կողմնակի բարդություններ, այնպես որ անպայման քննարկեք դրանք ձեր բժշկի հետ: Համոզվեք, որ ձեր մաշկաբանը կամ պլաստիկ վիրաբույժը հատուկ պատրաստված և փորձառու է ձեր դիտարկած տեխնիկայի մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024