Լաբ թեստեր

Հակամյուլլերյան հորմոն

AMH

Ընդհանուր նկարագրություն

Հակամլյուլերյան հորմոնը (ՀՄՀ) հանդիսանում է վերարտադրողական տարիքի կանանց ձվարանային ռեզերվի մարկերը, իսկ նախասեռահասունացման տարիքի տղամարդկանց մոտ՝ տեստիկուլյար ֆունկցիայի մարկերը:

ՀՄՀ հանդիսանում է աճի ձևափոխման գործոններից մեկը, որը մասնակցում է հյուսվածքների աճի և տարբերակման գործընթացներին:

Տղամարդիկ

Տղմարդկանց մոտ ՀՄՀ արտադրվում է սերմնածորանի Սերտոլի բջիջների կողմից: Դեռևս սաղմնային զարգացման շրջանում ՀՄՀ-ը տեստոստերոնի հետ միասին անհրաժեշտ է ներքին սեռական օրգանների ձևավորման համար, օրինակ, այս հորմոնի ազդեցությամբ են արական սաղմի Մյուլերյան ծորանները ետաճում:

ՀՄՀ սեկրեցիան արական սեռի մոտ սկսվում է էմբրիոգենեզի շրջանում և շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Նորմայում ՀՄՀ մակարդակն արյան մեջ զգալիորեն բարձրանում է նախասեռահասունացման փուլում, այնուհետև նվազում սեռահասունացման շրջանում և հետագա տարիներին և ողջ կյանքի ընթացքում մնում ցածր թվերի վրա: Նորածնային տարիքից ավելի բարձր տարիքում ՀՄՀ-ի և տեստոստերոնի մակարդակները հակադարձ համեմատական են:

Անդրոգենները և զարգացող սպերմատոցիտներն արգելակում են ՀՄՀ արտադրությունը: Անդրոգենների և հերմինատիվ բջիջների բացակայության պայմաններում ի հայտ են գալիս ՖՀ-ի՝ ՀՄՀ-ի էքսպերսիան ուժեղացնող ազդեցությեւնները:

ՀՄՀ-ի հետազոտությունը կարող են օգտակար լինել ներսեռական (ինտերսեքսուալ) խանգարումների տարբերակիչ ախտորոշման մեջ, ինչպես նաև վաղաժամ (երբ ՀՄՀ տարիքային միջակայքից ավելի ցածր է) կամ, հակառակը, սեռահասունացման ուշացումը (երբ ՀՄՀ տարիքային միջակայքից ավելի բարձր է) և տեստիկուլյար գործունեությունը գնահատելիս: Մանկական տարիքի տղաների համար ՀՄՀ կարող է դառնալ տեստիկուլյար հյուսվածքի առկայության ռեալ մարկեր այն դեպքերում, երբ տեստոստերոնի մակարդակը խիստ ցածր է:

Կանայք

Կանանց մոտ ՀՄՀ արտադրվում է ձվարանների գրանուլյոզ բջիջների կողմից: Մինչև սեռահասունացումը կանանց ՀՄՀ, ի տարբերություն տղամարդկանց, խիստ ցածր է (գրեթե չհայտնաբերվող), սեռահասունացման փուլում աճում է, վերարտադրողական տարիքի ողջ ընթացքում՝ պահպանվում հարաբերական ցածր մակարդակի վրա, իսկ դաշտանադադարի փուլում սահուն իջնում է՝ հասնելով դարձյալ գրեթե չհայնաբերելի մակարդակի:

Հետազոտություններով ցույց է տրվել, որ ՀՄՀ էքսպրեսիան սկսվում է առաջնային ֆոլիկուլների գրանուլոզ բջիջներում, երբ դրանք սկսում են տարբերակվել պրիմորդիալ ֆոլիկուլների նախագրանուլյոզ բջիջներից, հասնում է առավելագույնի պերանտրալ և փոքր անտրալ ֆոլիկուլների գրանուլյոզ բջիջներում և այնուհետև աստիճանաբար նվազում է ֆոլիկուլների հետագա զարգացման փուլերում՝ գործնականում անհետանալաով ֆոլիկուների 8 մմ և ավելի մեծ չափերի հասնելիս: ՀՄՀ չի էքսպրեսացվում ֆոլիկուլների աճի ՖԽՀ-կախյալ փուլում:

Համարվում է, որ ՀՄՀ էքսպրեսիայի փոփոխությունները կարևոր դեր ունեն ֆոլիկուլների ռեկրուտացման և ընտրության մեխանիզմներում, քանի որ հորմոնի բացակայության պայմաններում ֆոլիկուլները ՖԽՀ-ի նկատմամբ դառնում են ավելի զգայուն: Տարբեր հետազոտություններով ցույց է տրվել, որ ՀՄՀ համարվում է ձվարանային ռեզերվի քանակական մարկերը և կարող է օգտագործվել օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում, երբ անհրաժեշտություն է առաջանում գնահատել ձվարանային պահուստները և կանխատեսել ձվազատման ստիմուլյացիայի պատասխանը: Մասնավորապես, կան հետազոտություններ, որոնց արդյունքներով վերոնշյալի համատեքստում ՀՄՀ ունի ավելի մեծ (հատկապես՝ բացասական կանխատեսող) պրոգնոստիկ նշանակություն, քան մյուս թեսթերը ՖԽՀ, ինհիբին B և էստրադիոլ: ՀՄՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է նաև ելնելով այն հանգամանքից, որ այս հորմոնը չի վերահսկվում գոնադոտրոպինների կողմից, այլ պարզապես արտացոլում է ֆոլիկուլների պոպուլյացիան: Այն, ի տարբերություն վերոնշյալ երեք հորմոնների, ներգրավված չէ հետադարձ կապի դասական ցիկլուն, կախված չէ դաշտանային ցիկլից և հանդիսանում է կարգավորման ոչ թե համակարգային, այլ որպես պարակրին գործոն:

ՀՄՀ մակարդակը բարձրանում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ժամանակ, որը թույլ է տալիս այս թեսթն օգտագործել տվյալ հիվանդության ախտորոշման գործընթացքում: ՀՄՀ հնարավոր օգտագործման մյուս ոլորտը ձվարանների գրանուլյոզաբջջային ուռուցքների հայտնաբերումն է, որոնց ժամանակ հորմոնի մակարդակը զգալի կերպով աճում է:

Հետազոտության ցուցումներ

  • օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում, ՖԽՀ-ի հետ միասին, ձվարանային ռեզերվի գնահատում, ձվազատման ինդուկցիայի պատասխանի կանխատեսում, ուշ վերարտադրողական տարիքի կանանց մոտ անպտղության բուժման տակտիկայի ընտրություն
  • ձվարանների գրանուլյոզաբջջային ուռուցքների հայտնաբերում՝ այլ հետազոտությունների հետ միասին (օրինակ՝ СА-125 և ինհիբին В)
  • ներսեռական (ինտերսեքսուալ) խանգարումների տարբերակիչ ախտորոշում
  • տղամարդկանց մոտ նախասեռահասունացման շրջանում տեստիկուլյար ֆունկցիայի գնահատում

Կենսանմուշ

«Հակամյուլլերյան հորմոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ալկոհոլի ընդունումը, հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (օրինակ՝ մարզական պարապմունքներ), իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի ընդունումը:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը 8-14 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Կանանց համար այս թեսթի հանձնման ժամկետը կախված չէ դաշտանային ցիկլից:

Չափման միավորներ

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Կանայք

  • նախասեռահասունացման տարիք՝ < 8,90 նգ/մլ
  • վերարտադրողական տարիք՝ < 12,60 նգ/մլ
  • ձվարանային ռեզերվի նվազում՝ < 1,00 նգ/մլ
  • հետմենոպաուզա՝ < 0,16 նգ/մլ

Տղամարդիկ

  • վերարտադրողական տարիք՝ (1,30-14,80) նգ/մլ
  • նախասեռահասունացման տարիք՝ (3,80-159,80) նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Հակամյուլերյան հորմոնի մակարդակի բարձրացում

Կանայք

Տղամարդիկ

  • սեռական զարգացման դանդաղում (ՀՄՀ բարձր կամ նորմալ մակարդակ)
  • հակաանդրոգենային բուժում
  • անդրոգենների արտադրության դեֆեկտ, անդրոգենների նկատմամբ կայունություն
  • հիպոգոնադոտրոպինային հիպոգոնադիզմ

Հակամյուլերյան հորմոնի մակարդակի նվազեցում

Կանայք

Տղամարդիկ

  • ՀՄՀ գենի մուտացիա (Մյուլերյան ծորանների պերսիստենցիայի համախտանիշ)
  • սեռահասունացման շրջանում՝ վաղաժամ սեռահասունացում
  • անդրոգենների մակարդակի բարձրացում
  • անորխիզմ
  • ոչ օբստրուկտիվ ազոսպերմիա

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Anti-Mullerian Hormone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ AMH

Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: