Լաբ թեստեր
Ասկարիդի IgG հակամարմիններ

Ընդհանուր նկարագրություն
Ասկարիդի (Ascaris lumbricoides) նկատմամբ IgG դասի հակամարմինները հանդիսանում են ասկարիդոզի շճաբանական մարկերը:
Ասկարիդոզը հելմիթոզ կամ ճիճվային վարակ է, որը հարուցվում է կլոր որդ ասկարիդներից (Ascaris lumbricoides):
Մարդը, ում աղիներում մակաբուծվում են արու և էգ ասկարիդները, հանդիսանում է այս վարակի միակ աղբյուրը: Չափահաս ասկարիդները բնակվում են բարակ աղիներում, որտեղ էգերը բեղմնավորվելուց հետո օրական արտադրում են շուրջ 200 հազար ձվիկներ: Կղանքի հետ հայտնվելով արտաքին միջավայրում, ասկարիդի ձվիկները բարենպաստ պայմաններում (ջերմաստիճանը՝ 12-36°, լավագույնը՝ 24-26°, բավարար խոնավություն և թթվածին) զարգանում են 10-15 օր և ավելի ժամանակաշրջանի ընթացքում: Մարդու կողմից ասկարիդի հասունացած ձվերը կուլ տալուց հետո բարակ աղիների վերին հատվածներում դրանցից դուրս են գալիս թրթուրները, որոնք աղիքի պատից թափանցում են դեպի ստորին սիներակի ավազան և հետագայում՝ լյարդ ու թոքեր, որտեղից էլ անցնում են ալվեոլներ ու բրոնխներ: Թոքերում դրանք շնչուղիների էպիթելով բարձրանում են մինչև ըմպան և դարձյալ կուլ տրվելով՝ երկրորդ անգամ հայտնվում ստամոքսաղիքային խողովակում: Բարակ աղիներում կրկին հայտնվելուց հետ 70-75 օրվա ընթացքում թրթուրները վերաճում են հասուն որդերի, որոնք կարող են արտադրել ձվիկներ:
Չափահաս ասկարիդի կյաքի տևողությունը հասնում է մինչև մեկ տարվա, որից հետո այն սատկում է և կղանքի հետ հեռացվում օրգանիզմից: Ահա թե ինչու նույն անձի մոտ մի քանի տարվա ընթացքում ասկարիդոզի առկայությունը կարող է բացատրվել միայն կրկնակի վարակմամբ:
Ասկարիդով մարդու վարակումն ընթանւմ է կղանք-բերանային (ֆեկալ-օրալ) մեխանիզմով, փոխանցման ուղիներն են՝ հասուն ձվերիով վարակված սնունդ, ջուր և կենցաղային ճանապարհ (վարակված մակերևույթներ): Ասկարիդոզի տարածմանը նպաստում են չախտահանված ֆեկալիաներով պարարտացված հողում աճեցված բանջարեղենների, հատապտուղների և կանաչեղենի օգտագործումը:
Ասկարիդոզի կլինիկական ընթացքում առանձնացնում են երկու փուլ՝ վաղ (միգրացիոն) և ուշ (աղիքային): Առաջին փուլը համընկնում է թրթուրների՝ դեպի թոքեր տեղաշարժի հետ, մինչդեռ երկրորդ փուլը պայմանավորված է հասուն որդերի՝ բարակ աղիներում մակաբուծվելով և հնարավոր բարդություններով:
Ասկարիդոզի հիմնական կլինիկական նշանները պայմանավորված են թոքերի ախտահարմամբ (չոր հազ, հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում), սուբֆեբրիլ տենդով, մաշկի ցանավորմամբ և քորով, ընդհանուր թուլությամբ, գլխացավերով, մինչև 20-30% էոզինոֆիլիայով, հիպերլեյկոցիտոզով: Ասկարիդոզի քրոնիկ փուլում ի հայտ են գալիս սրտխառնոցը, աղիների գործունեության խանգարումները, որովայնային ցավերը, քնի խանգարումները: Ասկարիդոզի հնարավոր բարդություններն են՝ պանկրեատիտ, ապենդիցիտ, աղիքային անացանելիություն:
Ասկարիդոզի աղիքային փուլի լաբորատոր ախտորոշումը հիմնված է կղանքի քննությամբ ասկարիդի ձվիկների կամ ախտորոշիչ դեհելմինթիզացիայից հետո կղանքում ասկարիդի հասուն ձևերի հայտնաբերման վրա: Սակայն, արդեն իսկ վաղ (միգրացիոն կամ թրթուրային) փուլում ասկարիդոզը կարելի է ախտորոշել իմունոլոգիական հետազոտությունների շնորհիվ՝ ասկարիդների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերման միջոցով: Չնայած ախտորոշումը չի կարող հաստատվել միայն շճաբանական հետազոտության միջոցով, այս հետազոտության արդյունքների համադրումն անամնեզի և կլինիկական նշանների հետ թույլ է տալիս վաղ ախտորոշել և սկսել բուժումը մինչև հիվանդության կլինիկական նշանների ծաղկելը և բարդությունների զարգացումը:
Իմունադեֆիցիտային վիճակներում և նորածինների մոտ ասկարիդի շճաբանական ախտորոշման դերը սահմանափակ է:
Հետազոտության ցուցումներ
- ասկարիդոզի առկայության կլինիկական կասկած
Կենսանմուշ
«Ասկարիդի IgG հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Գործակից (ինդեքս)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Բացասական (ասկարիդոզը բացակայում է)՝ գործակիցը < 0,9
- Սահմանային (կասկածելի, գորշ զոնա)՝ գործակիցը գտնվում է 0,9-1,0 միջակայքում
- Դրական (ասկարիդոզը մեծ հավանականությամբ առկա է)՝ գործակիցը 1,0-ից բարձր է
Արդյունքների մեկնաբանություն
Դրական պատասխան (առկա է)
- ասկարիդոզ, միգրացիոն փուլ
- կեղծ-դրական պատասխաններ (թեստի սպեցիֆիկությունը՝ 90%)
Բացասական պատասխան (բացակայում է)
- ճիճվային ինվազիայի բացակայություն
- ասկարիդի նկատմամբ IgG հակամարմինների ցածր մակարդակ (վաղ կամ ուշ փուլեր, թույլ արտահայտված իմունային պատասխան)
Կասկածելի պատասխան
- խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 2-4 շաբաթվա ընթացքում, և, եթե կրկնակի հետազոտությամբ դարձյալ ստացվում է սահմանային մակարդակ, հետազոտության արդյունքը պետք է մեկնաբանել որպես բացասական:
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Ascaris Lumbricoides IgG
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Asc IgG
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: