Լաբ թեստեր
Պրոտեին S ազատ

Ընդհանուր նկարագրություն
Ազատ պրոտեին S-ը (PRO S Free) բնական հակամակարդիչ նյութ է, որը հանդիսանում է պրոտեին C-ի կոֆակտորը։
Հանդիսանալով պրոտեին C-ի կոֆակտոր, պրոտեին S-ը բարձրացնում է առաջինի հակամակարդիչ և պրոֆիբրինոլիտիկ ազդեցությունները։
Պրոտեին S-ը հանդիսանում է վիտամին K-կախյալ սպիտակուց, որն արտադրվում է լյարդում։ Արյան պլազմայում հանդիպում է երկու ձևով՝ ազատ և C4-BP-ի (C4b կոմպլիմենտ-կապող սպիտակուց) հետ կապված վիճակում։
Կենսաբանական ակտիվություն ցուցաբերում է միայն ազատ ձևը, ուստի ազատ պրոտեին S-ի որոշումն ավելի օգտակար տեղեկատվություն է պարունակում, քան ընդհանուրինը։
Պրոտեին S-ի քանակությունը կախված է սեռից, հորմոնային վիճակից և փոփոխվում է տարիքին զուգընթաց։
Ազատ պրոտեին S-ի դեֆիցիտը կարող է լինել բնածին և ձեռք բերովի։
Բնածին դեֆիցիտն իր հերթին լինում է երեք տեսակի՝
- I տիպ կամ դասական, երբ նվազում են ինչպես ընդհանուր, այնպես էլ ազատ ձևերը, որը բերում է պրոտեին S-ի ֆունկցիոնալ ակտիվության նվազեցման
- II տիպ, երբ ֆունկցիոնալ ակտիվությունը նվազում է երկու ձևերի անփոփոխ մակարդակների պայմաններում
- III տիպ կամ ընտրողական, երբ գրանցվում է ազատ ձևի մակարդակի ընտրողական նվազեցում:
Թրոմբոֆիլիաների մյուս տեսակների նման պրոտեին S-ի դեֆիցիտի հետերոզիգոտ տարբերակը թրոմբոէմբոլիաների ձևով դրսևորվում է չափահաս տարիքում։ Հոմոզիգոտ տարբերակները թրոմբոֆիլիաների այլ տեսակների հետ սովորաբար հայտնաբերվում են նորածնային տարիքում որպես ֆուլինանտային պուրպուրա։
Ձեռք բերովի դեֆիցիտը կարող է հայտնաբերվել հղիության ընթացքում, հակամակարդիչ կամ հակաբեղմնավորիչ օրալ հաբեր ընդունելիս, լյարդի ախտահարմամբ հիվանդների շրջանում, նորածինների մոտ և կլինիկական այլ վիճակներում։
Պրոտեին S-ի ազատ ֆրակցիայի մակարդակի նվազեցումը կարող է նաև կապված լինել բորբոքային պատասխանի սուր փուլի առկայության հետ (C4-BP մակարդակի բարձրացումը բերում է պրոտեին S-ի կապման և ազատ ֆրակցիայի մակարդակի նվազեցման)։
Ցանկալի է ազատ պրոտեին S-ի հետազոտությունից զերծ մնալ սուր թրոմբոտիկ դրվագների ժամանակ (թեև այս վիճակում պրոտեին S-ի նորմալ մակարդակն ըստ էությամբ թույլ է տալիս բացառել այս գործոնի դեֆիցիտը):
Հետազոտության ցուցումներ
- այլ հետազոտությունների հետ միասին՝ թրոմբոֆիլիայի կասկած, հատկապես երիտասարդ մարդկանց մոտ (դիտեք նաև հակաթրոմբին III, պրոտեին C, գայլախտային հակակոագուլյանտ, հոմոցիստեին, հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ, թրոմբոֆիլիայի նկատմամբ գենետիկ հետազոտություններ)
- երիտասարդ տարիքում խորանիստ երակների թրոմբոզ
- երիտասարդ տարիքում զարկերակային թրոմբոզներ
- հղիության ընդհատումներ
- հղիության նախատեսում և նախապատրաստում
Կենսանմուշ
«Պրոտեին S ազատ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը 8-14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Արյան կենսանմուշը կարելի է նաև հանձնել թեթև նախաճաշից 4 ժամ հետո։
Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել բարձրացած հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (վարժանքներ, մարզական պարապմունքներ) և ալկոհոլի ընդունումը։
Խորհուրդ չի տրվում հետազոտությունն անցկացնել հիվանդության սուր փուլերում, ինչպես նաև հակամակարդիչ բուժման առկայության ընթացքում (պետք է հետազոտվել բուժման ավարտից առնվազն 30 օր անց, Վարֆարինի ավարտից՝ 2 շաբաթ անց)։
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Տոկոս (%)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործման միջակայքեր
Տարիք | Արական | Իգական |
1-89 օրական | 15-55% | 15-55% |
90-179 օրական | 35-92% | 35-92% |
180-364 օրական | 45-115% | 45-115% |
1-5 տարեկան | 62-120% | 62-120% |
6-9 տարեկան | 62-130% | 62-130% |
10-17 տարեկան | 60-140% | 60-140% |
> 18 տարեկան | 74-147% | 55-123% |
Արդյունքների մեկնաբանություն
Պրոտեին S ազատի մակարդակի նվազեցում
- պրոտեին S-ի բնածին դեֆիցիտ կամ դեֆեկտ
- լյարդի սինթետիկ գործունեության նվազեցում
- հղիություն
- բորբոքային հիվանդությունների սուր փուլ
- որոշ դեղերի ընդունում (հակամակարդիչներ, հակաբեղմնավորիչ օրալ հաբեր)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Protein S Free, Antigen
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PRO S Free
Հոդվածը տեղադրվել է՝ 06-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: