Լաբ թեստեր
Տրոպոնին T բ.զ.

Ընդհանուր նկարագրություն
Տրոպոնին T-ն սրտամկանի ախտահարման բարձրսպեցիֆիկ մարկեր է:
Տրոպոնինները ոչ մեծ սպիտակուցներ են, որոնք մասնակցում են մկանային կծկման կարգավորմանը: Կմախքային և սրտի մկաններում հայտնաբերվում են տրոպոնինների երկու տարատեսակներ՝ I և T, որոնք միմյանցից տարբերվում են նաև իրենց միկրոկառուցվածքներով: T տրոպոնինը (Troponin-T hs, TnT) ունի բացառապես սրտամկանային ծագում, ուստի այլ կերպ կոչվում է սրտային տրոպոնին: Այսպիսի բարձր կարդիոսպեցիֆիկության շնրհիվ, TnT-ն սրտամկանի վնասման նկատմամբ դրսևորում է բարձր զգայունություն:
Արյան շիճուկի սրտային T տրպոնինի մակարդակը բարձրանում է սրտամկանի սուր ինֆարկտից արդեն 3-4 ժամ անց և շուրջ 2 շաբաթ մնում բարձր մակարդակների վրա: Ի տարբերություն ST սեգմենտի բարձրացմամբ սրտամկանի ինֆարկտի դեպքերին, ոչ-ST սեգմենտի բարձրացմամբ ինֆարկտների ախտորոշման մեջ TnT-ն ստանում է մեծ կարևորություն և նման դեպքերում ախտորոշումը հիմնված է լինում հենց արյան բարձր TnT-ի վրա:
Սրտամկանի ինֆարկտի նոր ունիվերսալ ախտորոշման մեջ հիվանդությանը բնորոշ կլինիկական, ԷՍԳ նշանների հետ միասին ներառված է նաև TnT-ի մակարդակի բարձրացումը, և նման համակցումը թույլ է տալիս ինֆարկտի առկայությունը հայտնաբերել 99-րդ պերսենտիլից ավելի բարձր հաճախականությամբ: Ավելին, TnT-ի մակարդակը համարվում է նաև կանխորոշիչ գործոն վաղ և ուշ հետինֆարկտային բարդությունների համար:
TnT-ի որոշումը ցանկալի է զուգակցել գործիքային և լաբորատոր այլ ցուցանիշների, այդ թվում՝ CK-MB-ի հետ:
TnT-ի մեղմ բարձրացում կարող է գրանցվել նաև կլինիկորեն կայուն հիվանդների մոտ սրտի իշեմիկ և ոչ իշեմիկ բնույթի սրտային անբավարարության դեպքում:
Հետազոտության ցուցումներ
- սրտամկանի ինֆարկտի (այդ թվում՝ ոչ-ST բարձրացմամբ տեսակների) ախտորոշման հաստատում
- կրծքային ցավերով և ԷՍԳ-ով ինֆարկտի նշաններ չունեցող պացիենտների մոտ սրտամկանի ինֆարկտի ժխտում
- պրոգնոզի գնահատում, քանի որ տրոպոնինի բարձրացած մակարդակները կապված են մահացության բարձրացման հետ:
Կենսանմուշ
«Տրոպոնին T բ.զ.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նգ/լ (նանոգրամ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Միավորների փոխակերպում
պգ/մլ = նգ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ՝ < 14 նգ/լ (կամ պգ/մլ)
Արդյունքների մեկնաբանություն
TnT մակարդակի բարձրացում
- սրտամկանի ինֆարկտ (խիստ բարձրացում)
- սրտամկանի այլ՝ իշեմիկ և ոչ իշեմիկ բնույթի ախտահարումներ (մեղմ կամ չափավոր բարձրացում)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Troponin-T hs
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Tn-T h.s.
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 27-10-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: