Միջազգային անվանում (հապավում). Тoxoplasma Gondii IgG (Тoxo IgG)
Նկարագրություն
Тoxoplasma Gondii-ի նկատմամբ տեսակ-սպեցիֆիկ IgG դասի հակամարմինները հանդիսանում են տարած կամ ընթացիկ տոքսոպլազմոզային վարակի մարկերը:
Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgG դասի հակամարմիններն արտադրվում են տոքսոպլազմոզի սուր, ենթասուր, քրոնիկ և լատենտ ձևերի դեպքում՝ վարակման պահից 3-4 շաբաթ անց: IgG դասի հակամարմինները սովորաբար արյան մեջ մնում են ողջ կյանքի ընթացքում՝ ունենալով պաշտպանական դեր և մեծամասամբ կանխարգելելով կրկնակի վարակումը:
Toxoplasma Gondii-ն պատկանում է պարզագույններին: Կենսական ցիկլն անցում է տիրոջ օրգանիզմի բջիջների ներսում: Մակաբույծի վերջնական տերը վարակված կատուներն են և այլ կատվազգիները, որոնց արտաթորանքները պարունակում են տոքսոպլազմի հատուկ ձևերը՝ օոցիստերը: Վերջիններս կայուն են արտաքին միջավայրում: Միջանկյալ տիրոջ օրգանիզմ հայտնվելով (կրծողներ, թռչուններ, եղջերավոր կենդանիներ, մարդ) օոցիստերի կենսական ցիկլը շարունակվում է մկանային և այլ հյուսվածքներում, որտեղ առաջանում են կեղծ և իսկական ցիստեր:
Մարդու վարակման ուղիներն են՝
- սննդում ոչ բավարար կամ ընդհանրապես ջերմային մշակման չենթարկված մսամթերքներ, այդ թվում՝ մսային հում ֆարշի համտեսում (կեղծ և իսկական ցիտեր)
- ոչ բավարար լվացած բանջարեղենների օգտագործում և տնային կենդանիների հետ շփվելիս տարրական սանիտարա-հիգիենիկ նորմերի արհամարհում (օոցիստեր)
- մորից պտղին, տվյալ հղիության ընթացքում կնոջ վարակման դեպքում (տախիզոիտներ, որոնք մակաբուծվում են արյան մակրոֆագերում), հաջորդ հղիությունների ժամանակ պտուղը չի վարակվում:
Վարակված մարդուց դեպի առողջին վարակումը բացառվում է, քանի որ տոքսոլազման իր ոչ մի ձևերից և ոչ մեկով մարդու օրգանիզմից չի արտաթորվում կամ հեռանում:
Հղիության առաջին եռամսյակում վարակվելիս հնարավոր է հղիության ինքնաբուխ ընդհատումը: Պտղի վարակման ռիսկը չի անցնում 15%-ը, սակայն նևրոլոգիական դեֆեկտների ծանրության աստիճանը և պտղի մոտ խորիոռետինիտի զարգացման ռիսկն ավելի բարձր է: Վարակված նորածնի մոտ բնածին տոքսոպլազմոզը հաճախ դրսևորվում է գեներալիզացված ախտահարման տեսքով: Հղիության երրորդ եռամսյակում վարակվելիս պտղի վարակման հավանականությունը բարձրանում է մինչև 65%, իսկ բնածին տոքսոպլազմոզը զարգանում է ավելի ուշ:
Նորմալ իմունիտետով անձանց մոտ տոքսոպլազմոզը սովորաբար ընթանում է առանց կլինիկական նշանների (լատենտ ձև): Իմունիտետի ընկճման պայմաններում հիվանդությունը կարող է ստանալ սուր (ամենածանր ձևն է), ենթասուր կամ քրոնիկ (ամենաթեթև ձևն է) ընթացք: Տոքսոպլազմոզին բնորոշ է՝ լիմֆադենոպաթիա (հատկապես պարանոցային ավշագեղձերի), տենդ, միալգիա, գլխացավ, ավելի հազվադեպ՝ հեպատոմեգալիա և սպլենոմեգալիա: Գործնականում հնարավոր է ցանկացած օրգան-համակարգի ախտահարում: Ծայրամասային արյան մեջ հայտնաբերվում է անեմիա, լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, էոզինոֆիլիա: Ընկճված իմունիտետով անձանց մոտ տոքսոպլազմոզի սուր ընթացքը կարող է բարդանալ էնցեֆալիտով, մենինգոէնցեֆալիտով, բազալ արախնոիդիտով:
Տոքսոպլազմոզի ախտորոշման մեջ լաբորատոր հետազոտությունը գերկարևոր է: Հղի կանանց հետազոտելիս առաջնային վարակն ախտորոշվում է սպեցիֆիկ հակամարմինների տիտրի 3 և ավելի անգամ բարձրացման պայմաններում: Հղիի արյան մեջ IgM-ի հայտնաբերումը և IgG-ի տիտրի բարձրացումը հաստատում է տոքսոպլազմոզով առաջնային վարակումը: Նման հղիները, անկախ կլինիկական նշանների առկայության կամ բացակայության, պտղի վարակումը կանխարգելելու համար ենթակա են անհետաձգելի բուժման:
Արյան մեջ Toxoplasma Gondii-ի նկատմամբ IgM-ի հետազոտությունը նորածինների մոտ տոքսոպլազմոզի ախտորոշման մեջ ունի որոշիչ նշանակություն, քանի որ IgG-ն, ի տարբերություն IgM-ի, կարող է պտղին անցնել մորից: Հետազոտության բարձր զգայունությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդության վաղ ախտորոշում, որը կարևոր է հատկապես իմունոդեֆիցիտային վիճակների դեպքում և նորածինների մոտ, քանի որ հակամարմինների մակարդակը նրանց մոտ շատ ցածր է:
Toxoplasma Gondii վարակը մտնում է TORCH-վարակների խմբի մեջ (Toxoplasma, Rubella, Cytomegalovirus, Herpes), որոնք համարվում են պտղի զարգացման համար պոտենցիալ վտանգավոր վարակներ: Իդեալական պայմաններում բժշկի խորհրդատվություն անցնելը և TORCH-հետազոտությունը պետք է իրականացնել պլանավորված հղիությունից 2-3 ամիս առաջ՝ համապատասխան բուժական և կանխարգելիչ միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև հղիության ժամանակ իրականացված հետազոտությունների արդյունքների հետ համեմատելու համար:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- նախահղիության և հղիության ընթացքի սքրինինգային հետազոտություն
- հղիության ընթացքում լիմֆադենոպաթիա, եթե անցյալում տոքսոպլազմոզի նկատմամբ իմունիտետը չի հետազոտվել
- ՄԻԱՎ վարակ
- իմունադեֆիցիտային վիճակներ
- անհայտ ծագման լիմֆադենոպաթիա
- անհայտ ծագման հեպատոսպլենոմեգալիա
- անհայտ ծագման տենդ
- հղիության առաջնային հետազոտության ընթացքում կասկածելի պատասխաններ ստանալիս կրկնակի հետազոտություն
Կենսանմուշ
Тoxo IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- ոչ ռեակտիվ (բացասական)՝ < 9,0 ՄՄ/մլ
- միջանկյալ (կասկածելի, հակասական)՝ 9,0‑ 0,0 ՄՄ/մլ
- ռեակտիվ՝ ≥ 10,0 ՄՄ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Toxo G. IgG-ի դրական պատասխան
- Տոքսոպլազմոզի նկատմամբ իմունիտետ
- Կրկնակի հետազոտություններով IgG-ի տիտրի 30%-ից ավելի բարձրացումը վկայում է վարակի ակտիվացման մասին, իսկ տիտրի նվազեցումը՝ դրական ընթացքի մասին:
Toxo G. IgG-ի բացասական պատասխան (նորմա)
- Toxoplasma Gondii-ի նկատմամբ էքսպոզիցիա տեղի չի ունեցել
- Toxoplasma Gondii-ի նկատմամբ էքսպոզիցիայի պայմաններում հակամարմինների բավարար մակարդակ չկա
- վարակի վաղ փուլ (վարակումից հետո առաջին երկու շաբաթները)
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2023