Skip to main content

Տոքսոպլազմայի IgM հակամարմիններ - Վարակներ

Միջազգային անվանում (հապավում). Тoxoplasma Gondii IgM (Toxo IgM)

Նկարագրություն

Тoxoplasma Gondii-ի նկատմամբ տեսակ-սպեցիֆիկ IgM դասի հակամարմինը հանդիսանում է սուր տոքսոպլազմոզային վարակի մարկեր:

Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgM դասի հակամարմիններն արտադրվում են տոքսոպլազմոզով վարակվելու առաջին 2 շաբաթվա ընթացքում և արյան մեջ կարող են պահպանվել մինչև 1 տարի և ավելի երկար: Այսպիսով, արյան մեջ IgM-ի առկայությունը հանդիսանում է սուր վարակի առկայության չափորոշիչ: Սակայն, նախկինում շճաբացասական կանանց արյան մեջ հղիության ընթացքում Тoxoplasma Gondii-ի նկատմամբ IgM-ի հայտնվելը վկայում է թարմ վարակի մասին, որը կարող է հանգեցնել բնածին տոքսոպլազմոզի:

Toxoplasma Gondii-ն պատկանում է պարզագույններին: Կենսական ցիկլն անցում է տիրոջ օրգանիզմի բջիջների ներսում: Մակաբույծի վերջնական տերը վարակված կատուներն են և այլ կատվազգիները, որոնց արտաթորանքները պարունակում են տոքսոպլազմի հատուկ ձևերը՝ օոցիստերը: Վերջիններս կայուն են արտաքին միջավայրում: Միջանկյալ տիրոջ օրգանիզմ հայտնվելով (կրծողներ, թռչուններ, եղջերավոր կենդանիներ, մարդ) օոցիստերի կենսական ցիկլը շարունակվում է մկանային և այլ հյուսվածքներում, որտեղ առաջանում են կեղծ և իսկական ցիստեր:

Մարդու վարակման ուղիներն են՝

  • սննդում ոչ բավարար կամ ընդհանրապես ջերմային մշակման չենթարկված մսամթերքներ, այդ թվում՝ մսային հում ֆարշի համտեսում (կեղծ և իսկական ցիտեր)
  • ոչ բավարար լվացած բանջարեղենների օգտագործում և տնային կենդանիների հետ շփվելիս տարրական սանիտարա-հիգիենիկ նորմերի արհամարհում (օոցիստեր)
  • մորից պտղին, տվյալ հղիության ընթացքում կնոջ վարակման դեպքում (տախիզոիտներ, որոնք մակաբուծվում են արյան մակրոֆագերում), հաջորդ հղիությունների ժամանակ պտուղը չի վարակվում:

Վարակված մարդուց դեպի առողջին վարակումը բացառվում է, քանի որ տոքսոլազման իր ոչ մի ձևերից և ոչ մեկով մարդու օրգանիզմից չի արտաթորվում կամ հեռանում:

Հղիության առաջին եռամսյակում վարակվելիս հնարավոր է հղիության ինքնաբուխ ընդհատումը: Պտղի վարակման ռիսկը չի անցնում 15%-ը, սակայն նևրոլոգիական դեֆեկտների ծանրության աստիճանը և պտղի մոտ խորիոռետինիտի զարգացման ռիսկն ավելի բարձր է: Վարակված նորածնի մոտ բնածին տոքսոպլազմոզը հաճախ դրսևորվում է գեներալիզացված ախտահարման տեսքով: Հղիության երրորդ եռամսյակում վարակվելիս պտղի վարակման հավանականությունը բարձրանում է մինչև 65%, իսկ բնածին տոքսոպլազմոզը զարգանում է ավելի ուշ:

Նորմալ իմունիտետով անձանց մոտ տոքսոպլազմոզը սովորաբար ընթանում է առանց կլինիկական նշանների (լատենտ ձև): Իմունիտետի ընկճման պայմաններում հիվանդությունը կարող է ստանալ սուր (ամենածանր ձևն է), ենթասուր կամ քրոնիկ (ամենաթեթև ձևն է) ընթացք: Տոքսոպլազմոզին բնորոշ է՝ լիմֆադենոպաթիա (հատկապես պարանոցային ավշագեղձերի), տենդ, միալգիա, գլխացավ, ավելի հազվադեպ՝ հեպատոմեգալիա և սպլենոմեգալիա: Գործնականում հնարավոր է ցանկացած օրգան-համակարգի ախտահարում: Ծայրամասային արյան մեջ հայտնաբերվում է անեմիա, լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, էոզինոֆիլիա: Ընկճված իմունիտետով անձանց մոտ տոքսոպլազմոզի սուր ընթացքը կարող է բարդանալ էնցեֆալիտով, մենինգոէնցեֆալիտով, բազալ արախնոիդիտով:

Տոքսոպլազմոզի ախտորոշման մեջ լաբորատոր հետազոտությունը գերկարևոր է: Հղի կանանց հետազոտելիս առաջնային վարակն ախտորոշվում է սպեցիֆիկ հակամարմինների տիտրի 3 և ավելի անգամ բարձրացման պայմաններում: Հղիի արյան մեջ IgM-ի հայտնաբերումը և IgG-ի տիտրի բարձրացումը հաստատում է տոքսոպլազմոզով առաջնային վարակումը: Նման հղիները, անկախ կլինիկական նշանների առկայության կամ բացակայության, պտղի վարակումը կանխարգելելու համար ենթակա են անհետաձգելի բուժման:

Արյան մեջ Toxoplasma Gondii-ի նկատմամբ IgM-ի հետազոտությունը նորածինների մոտ տոքսոպլազմոզի ախտորոշման մեջ ունի որոշիչ նշանակություն, քանի որ IgG-ն, ի տարբերություն IgM-ի, կարող է պտղին անցնել մորից: Հետազոտության բարձր զգայունությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդության վաղ ախտորոշում, որը կարևոր է հատկապես իմունոդեֆիցիտային վիճակների դեպքում և նորածինների մոտ, քանի որ հակամարմինների մակարդակը նրանց մոտ շատ ցածր է:

Toxoplasma Gondii վարակը մտնում է TORCH-վարակների խմբի մեջ (Toxoplasma, Rubella, Cytomegalovirus, Herpes), որոնք համարվում են պտղի զարգացման համար պոտենցիալ վտանգավոր վարակներ: Իդեալական պայմաններում բժշկի խորհրդատվություն անցնելը և TORCH-հետազոտությունը պետք է իրականացնել պլանավորված հղիությունից 2-3 ամիս առաջ՝ համապատասխան բուժական և կանխարգելիչ միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև հղիության ժամանակ իրականացված հետազոտությունների արդյունքների հետ համեմատելու համար:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • նախահղիության և հղիության ընթացքի սքրինինգային հետազոտություն
  • հղիության ընթացքում լիմֆադենոպաթիա, եթե անցյալում տոքսոպլազմոզի նկատմամբ իմունիտետը չի հետազոտվել
  • ներարգանդային վարակի նշաններ, ֆետո-պլացենտար անբավարարություն
  • էնցեֆալիտ/մենինգոէնցեֆալիտ ՄԻԱՎ վարակի, նեոպլաստիկ հիվանդությունների, ցիտոստատիկ դեղերի ընդունման, այլ իմունոդեֆիցիտային վիճակների դեպքում
  • անհայտ ծագման լիմֆադենոպաթիա
  • անհայտ ծագման հեպատոսպլենոմեգալիա
  • անհայտ ծագման տենդ
  • բնածին տոքսոպլազմոզի կասկած

Կենսանմուշ

Toxo IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Գործակից (ինդեքս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգագործվող միջակայքեր

Բացասական

Արդյունքների մեկնաբանություն

Toxo IgM դրական պատասխան

  • տոքսոպլազմոզային սուր վարակ
  • IgM հակամարմինների պերսիստենցիա (անորոշ ժամկետով վարակ)
  • բնածին տոքսոպլազմոզ

Toxo IgM բացասական պատասխան

  • տոքսոպլազմոզով վարակման բացակայություն
  • տոքսոպլազմոզով վարակումը տեղի է ունեցել 3-4 շաբաթ առաջ
  • բնածին տոքսոպլազմոզը բացառվում է (հետազոտությունը կատարվել է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 27-03-2024