Լաբ թեստեր

Մեզում բիլիռուբին

UB

Միջազգային անվանում (հապավում). Urine Bilirubin (UB)

Նկարագրություն

Մեզում բիլիռուբինի առկայությունը արյան մեջ կապված բիլիռուբինի մակարդակի բարձրացման անուղղակի ցուցանիշ է:

Բիլիռուբինը պորֆիրինների նյութափոխանակության հիմնական վերջնական արգասիքն է: Արյան մեջ ազատ (չկոնյուգացված բիլիռուբինը) շրջանառում է ալբումինների հետ կապված վիճակում: Այս տեսքով այն երիկամային կծիկներով չի ֆիլտրացվում: Լյարդում բիլիռուբինը միանում է գլյուկորոնաթթվի հետ (առաջացնելով բիլիռուբինի ջրալուծ՝ կապված ձևը) և լեղու կազմության մեջ հասնում ստամոքսաղիքային ուղի:

Արյան մեջ կապված բիլիռուբինի մակարդակը բարձրանալիս այն սկսում է արտազատվել երիկամներով և հայտնվում է մեզում:

Առողջ մարդու մեզում բիլիռուբինի քանակները նվազագույն են և ստանդարտ մեթոդներով ոչ հայտնաբերելի: Այնուամենայնիվ, լյարդի պարենխիմայի վնասման կամ լեղու արտահոսքի մեխանիկական դժվարացման պայմաններում դիտարկվում է բիլիռուբինուրիա: Հեմոլիտիկ դեղնուկի դեպքում մեզում բիլիռուբինը լինում է բացասական:

Ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

UB թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական` մինչև 17 մկմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում բիլիռուբինի առկայություն (բիլիռուբինուրիա)

  • մեխանիկական դեղնուկ
  • վիրուսային հեպատիտ
  • լյարդի ցիռոզ
  • լյարդի մետաստատիկ ախտահարում

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: