Աորտան մեր օրգանիզմի «մայր» զարկերակն է՝ արյան շրջանառության ամենախոշոր անոթը:
Աորտան սկսվում է սրտի ձախ փորոքից և հանդիսանում է արյան մեծ շրջանառության առաջին արյունատար «խողովակը»: Այն ունի մոտավորապես այգեգործական խողովակի հաստություն և ձգվում է սկսած կրծքավանդակի կենտրոնում գտնվող սրտից մինչև որովայնի խոռոչ:
Անատոմիորեն տարբերում են աորտայի հետևյալ շրջանները կամ հատվածները՝
- վերել աորտա
- աորտայի աղեղ
- վայրէջ աորտա
Վերել աորտայի սկզբնական լայնացումից (կոճղեզ) դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին։ Հենց այս անոթների աթերոսկլերոտիկ ախտահարմամբ է պայմանավորված սրտի իշեմիկ (պսակային) հիվանդության զարգացումը, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտ և կրծքահեղձուկ (ստենոկարդիա):
Աորտայի աղեղից աջից դեպի ձախ դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները, որոնք արյուն են հասցնում դեպի գլուխ և վերջին վերջույթներ:
Վայրէջ աորտան մինչև ստոծանին անվանվում է կրծքային, իսկ ստոծանուց ցած՝ որովայնային աորտա։ Աորտայի այս շրջանից դուրս են գալիս մեր իրանում տեղակայված բոլոր օրգաններն արյունամատակարարող զարկերակները: Որովայնային աորտան գոտկային 4-րդ ողնի մակարդակում բաժանվում է մեր կոնքի օրգաններն ու վերջույթներն արյունամատակարարող աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների։
Աորտայի հետ կապված հիվանդություններ կամ ախտանիշներ
Աթերոսկլերոզ
Չափահաս տարիքում աորտայի ամենատարածված ախտահարումն այս անոթի պատի աթերոսկլերոզն է: Աթերոսկլերոզը զարգանում է, երբ ձեր սրտից դեպի մյուս օրգաններն ու հյուսվածքները թթվածին և սննդանյութեր պարունակող արյուն տեղափոխող զարկերակները, այդ թվում՝ աորտան հաստանում և կարծրանում-պնդանում են, երբեմն առաջացնելով արյունամատակարարվող օրգանների և հյուսվածքների արյան հոսքի նվազեցում: Առողջ զարկերակները ճկուն և էլաստիկ են, սակայն, տարիքի հետ, դրանց պատը կարող է կարծրանալ (անվանում են «զարկերակների կարծրացում»):
Աորտայի անևրիզմաներ
Երբ աորտայի պատի մի մասը թուլանում և արտափքվում է, ապա զարգանում է աորտայի անևրիզմա: Ավելի հաճախ հանդիպում է որովայնային աորտայի, իսկ շատ ավելի հազվադեպ՝ որովայնային աորտայի անևրիզման: Աորտայի անևրիզմաները սովորաբար սկզբում փոքր են լինում, սակայն բարձր ճնշման տալ աճելով կարող են հասնել մեծ չափերի: Սովորաբար աորտայի անևրիզման մեծանում է շատ դանդաղորեն:
Երբեմն անևրիզման կարող է պատռվել՝ առաջացնելով տեղային արյունահոսություն: Աորտան ամենամեծ զարկերակն է, ուստի աորտային անևրիզմայի շերտազատումն ու պատռումը խիստ վտանգավոր է և վայրկյանների ընթացքում կարող է առաջացնել արյան մեծ կորուստ և մահ:
Աորտայի բնածին արատներ
Աորտայի կոարկտացիան գլխավորապես նորածին երեխաների մոտ հայտնաբերվող սրտային բնածին հիվանդություն է, որը բնորոշվում է այս անոթի նեղացմամբ, ինչն էլ բերում է զարկերակային գերճնշման, երեխայի աճի հապաղման և մարմնի վերին և ստորին մասերի (վերջույթների) միջև արյունահոսքի կտրուկ տարբերության: Բուժումը վիրահատական է:
Ինչպե՞ս ձեր աորտան պահել առողջ
Դուք կարող եք կրճատել ձեր սրտանոթային հիվանդությունների ռիսկը ամենօրյա կանոնավոր վարժանքներով, պահպանելով առողջ մարմնի կշիռ, կրճատելով սթրեսը, հետևելով առողջ սննդակարգին և, եթե ծխող եք՝ հրաժարվելով ծխախոտից:
Կարևոր է նաև հսկել ձեր արյան ճնշումը և արյան խոլեսթերինի մակարդակը, իսկ եթե ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ), ապա նաև՝ կառավարել ձեր արյան գլյուկոզի մակարդակը:
Եթե մտահոգված եք ձեր աորտայի վիճակով, դիմեք ձեր բժշկին: Եթե կասկածում եք, որ ունեք սրտանոթային որևէ սուր հիվանդություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: