Աորտայի անևրիզմա
24-03-2020
4 րոպե

Անևրիզման անոթի պատի մի մասի փքումը կամ թուլացումն է: Երբ սա տեղի է ունենում աորտայի վրա, կոչվում է աորտայի անևրիզմա:
Աորտայի փոքր անևրիզմաների ժամանակ սովորաբար որևէ բուժման կարիք չի առաջանում, սակայն մեծ անևրիզմաների, դրանց պատռման կամ պատռման մեծ վտանգի դեպքում կարող է առաջանալ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն:
Աորտաի անևրիզմայի տեսակները
Աորտան մեր գլխավոր և ամենամեծ զարկերակն է, որն արյունը տեղափոխում է սրտից դեպի մարմնի մյուս բոլոր շրջաններ: Այն ունի մոտավորապես այգեգործական խողովակի հաստություն և ձգվում է սկսած կրծքավանդակի կենտրոնում գտնվող սրտից մինչև որովայնի խոռոչ:
Աորտայի անևրիզմաները կարող են առաջանել այս անոթի երկայնքով ցանկացած շրջանում, սակայն ավելի հաճախ հանդիպում են ստորին՝ որովայնային աորտայի վրա: Այսպիսի անևրիզմաները կոչվում են «որովայնային աորտայի անևրիզմա»: Շատ ավելի հազվադեպ անևրիզմա կարող է ձևավորվել նաև աորտայի ավելի բարձր՝ կրծքավանդակային հատվածներում, որը կոչվում է «կրծքային աորտայի անևրիզմա»:
Աորտայի վրա անևրիզման առաջանում է, երբ անոթի տվյալ հատվածը թուլանում է և արյան ճնշումը հաղթահարելիս դեպի դուրս փքվում: Աորտայի անևրիզմաները սովորաբար սկզբում փոքր են լինում, սակայն բարձր ճնշման տալ աճելով կարող են հասնել մեծ չափերի: Սովորաբար աորտայի անևրիզման մեծանում է շատ դանդաղորեն:
Երբեմն անևրիզման կարող է պատռվել՝ առաջացնելով տեղային արյունահոսություն: Աորտան ամենամեծ զարկերակն է, ուստի աորտային անևրիզմայի պատռումը խիստ վտանգավոր է և վայրկյանների ընթացքում կարող է առաջացնել արյան մեծ կորուստ և մահ:
Աորտային անևրիզմայի ախտանիշները
Աորտայի անևրիզման մինչև պատռվելը սովորաբար որևէ գանգատ կամ նշան չի առաջացնում և կարող է հայտնաբերվել պատահաբար:
Կրծքային աորտայի անևրիզմայի հնարավոր նշաններից են՝
- կրծքավանդակի կամ թիկունքի շրջանի ցավեր
- կլման ակտի դժվարացում (դիսֆագիա)
- շնչառության դժվարացում
- չոր հազ կամ ձայնի խռպոտում:
Երբ անևրիզման ձեր որովայնային աորտայի վրա է, ապա կարող են զարգանալ հետևյալ նշանները՝
- մեջքի կամ գոտկատեղի շրջանի ցավեր
- որովայնի շրջանի խոր ընկած ցավեր
- պորտի շրջանում պուլսացման զգացողություն:
Աորտայի անևրիզմայի ախտորոշումը
Բազմաթիվ երկրներում արոտային անևրիզմայի համընդհանուր սքրինինգ չի կատարվում, ուստի հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է պատահաբար, օրինակ՝ շագանակագեղձի խնդիրների կամ լեղաքարային հիվանդության կապակցությամբ բժշկին դիմելիս:
Եթե ունեք աորտայի անևրիզմայի նկատմամբ բարձր ռիսկ (օրինակ՝ տղամարդ եք, 60-ն անց եք, ծխող եք, ունեք բարձր ճնշում, անոթային հիվանդություններ, ընտանեկան անամնեզ և այլն), բժիշկը կարող է նշանակել սոնոգրաֆիկ հետազոտություն:
Աորտայի անևրիզմայի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար ձեզ կարող են ուղեգրել նաև համակարգչային շերտագիր (ՀՇ կամ CT) կամ մագնիսա-ռեզոնանսային պատկերման (ՄՌՏ կամ MRI):
Աորտայի անևրիզմայի բուժումը
Մինչև 5,5 սմ չափի փոքր անևրիզմաները բուժման կարիք չունեն: Սակայն դուք պետք է գտնվեք բժշկի մշտական հսկողության ներքո և պարբերաբար անցնեք սոնոգրաֆիկ հետազոտություն:
5,5 սմ և ավելի մեծ անևրիզմայի դեպքում ձեզ ամենայն հավանականությամբ կառաջարկեն վիրահատական բուժում, քանի որ մեծ չափի անևրիզմաների պատռվելու հավանականությունը բարձր է: Ձեզ կարող են վիրահատություն առաջարկել նաև այն դեպքում, երբ անևրիզման փոքր է, սակայն արագորեն մեծանում է կամ պատճառում է այլ գանգատներ կամ խնդիրներ:
Մինչև վերջերս աորտայի անևրիզմայի դեպքում իրականացվում էր «բաց» վիրահատություն և աորտայի վնասված հատվածի փոխարինում արհեստական խողովակով (աորտային պրոթեզավորում): Նման դեպքերում հիվանդները հետվիրահատական առաջին մի քանի օրն անցկացնում են վերակենդանացման բաժանմունքում և հիվանդանոցից դուրս գրվում 7-10-րդ օրերին:
Որոշ դեպքերում վիրաբույժը կարող է առաջարկել աորտայի ախտահարված հատվածի ստենտավորում, որն աորտայի լուսանցք է ներմուծվում աճուկային փոքրիկ կտրվածքով: Սա կոչվում է ներանոթային (էնդովասկուլյար) վիրաբուժություն, որը ցուցված է որովայնային աորտայի անևրիզմայի ոչ բոլոր դեպքերի համար:
Ձեզ կարող են նաև նշանակել դեղեր՝ ուղղված անևրիզմայի պատռման ռիսկի նվազեցմանը:
Աորտայի անևրիզմայի կանխարգելումը
Աորտային անևրիզման հնարավոր չէ կանխարգելել, սակայն հնարավոր է դանդաղեցնել կամ դադարեցնել դրա մեծացումը: Եթե ունեք աորտայի անևրիզմա, հրաժարվեք ծխելուց և հետևեք զարկերակային ճնշման կարգավորման և անոթների պատի առողջության բարելավման վերաբերյալ ձեր բժշկի խորհուրդներին:
Ե՞րբ դիմել օգնության
Աորտայի անևրիզմայի պատռումը հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է: Աորտայի անևրիզմայի պատռումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝
- կրծքավանդակի սուր ցավեր
- որովայնում պուլսացիայի զգացողություն
- մեջքի, կողքերի կամ որովայնի սուր ցավեր
- սրտխառնոց և փսխում
- առատ քրտնարտադրություն և գլխապտույտ:
Այս նշաններից մեկնումեկի զարգագանալու դեպքում զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021