Հարվահանաձև գեղձերը 4 հատ փոքր, յուրաքանչյուրը ցորենի կամ բրնձի չափ գեղձեր են, որոնք տեղակայված են պարանոցի վրա, մեկ այլ ներզատական՝ վահանաձև գեղձի ետևում, յուրաքանչյուր կողմից՝ երկուական:
Ի՞նչ են անում հարվահանաձև գեղձերը
Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն (PTH), որն օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը: Մասնավորապես, այն հսկում է, թե ինչ քանակի կալցիում է՝
- ներծծվում ձեր մարսողական համակարգից
- տեղափոխվում ձեր արյան միջոցով
- պահեստավորվում ձեր ոսկորներում:
Կալցիումը կարևոր դեր ունի ձեր նյարդերի, մկանների և ոսկրերի նորմալ գործունեությունն ապահովելու մեջ:
Ինչպիսի՞ հիվանդություններ են կապված հարվահանաձև գեղձի հետ
Երբեմն հարվահանաձև գեղձն արտադրում է չափից դուրս շատ պարաթիրոիդ հորմոն: Նման վիճակը կոչվում է հիպերպարաթիրոդիզմ, որի պատճառը սովորաբար գեղձի ոչ քաղցկեղային աճն է կամ գերաճը: Խիստ հազվադեպ այս վիճակը կարող է զարգանալ հարվահանաձև գեղձի քաղցկեղի պատճառով:
Երբ պարաթիրոիդ հորմոնի մակարդակը նորմայից բարձր է, ձեր օրգանիզմը սկսում է ոսկրերից դեպի արյան հուն հեռացնել ավելի շատ կալցիում, որի արդյունքում ձեր արյան կալցիումի մակարդակը դառնում է նորմայից խիստ բարձր:
Ձեր ոսկրերի կալցիումազրկումը բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, որի հիմնական նշաններն են ոսկրերի թուլացումը, փխրունացումը և ավելի հեշտությամբ կոտրվելը: Սակայն միայն հարվահանաձև գեղձերի խնդիրը չէ, որ կարող է հանգեցնել օստեոպորոզի: Այլ կերպ ասած, եթե դուք ունեք օստեոպորոզ, դեռ չի նշանակում, որ ունեք այս գեղձերի հետ կապված խնդիրներ:
Իմացե՛ք ավելին օստեոպորոզի մասին:
Հարվահանաձև գեղձերի խնդիրները կարող են առաջացնել նաև ընդհանուր հոգնածության զգացում, նպաստել երիկամային քարերի առաջացմանը, ուղեկցվել ստամոքսի կամ հոդերի ցավերով:
Եթե հարվահանաձև գեղձի խնդիրները առաջացնում են վերոնշյալ վիճակները կամ դրանցից մեկնումեկը, բժիշկը կարող է առաջարկել մեկ կամ մի քանի գեղձերի հեռացման վիրահատություն: Զրուցեք այս մասին ձեր բժշկի կամ հավանական վիրաբույժի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Իմացե՛ք ավելին ներզատական համակարգի և ներզատական գեղձերի կողմից արտադրվող հորմոնների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023