Թարախակույտեր (աբսցես)
28-05-2020
3 րոպե

Թարախակույտը կամ աբսցեսը մարմնի հյուսվածքներում թարախկի կուտակումն է, որի պատճառը, որպես կանոն, բակտերիալ, հատկապես՝ ստաֆիլոկոկային վարակն է:
Թարախակույտեր կարող են զարգանալ ձեր մարմնի ցանկացած մասում և լինել ցավոտ: Հաճախ զգացվում է բուժման կարիք, որպեսզի աբսցեսը լավանա, իսկ վարակի տարածումը՝ դադարի: Ուստի, եթե կարծում եք, որ ունեք թարախակույտ, ապա դիմեք ձեր բժշկին:
Ի՞նչ է թարախակույտը
Թարախակույտը թարախի կուտակումն է մաշկի տակ, որևէ օրգանի մեջ կամ օրգանների միջև: Հաճախ այն ցավոտ է: Եթե թարախը կուտակվում է մաշկի տակ և ներառում մազարմատը, ապա կոչվում է «ֆուրունկուլ» (թարախաբշտիկ կամ չիբան), որի ավելի մեծ տեսակը՝ կազմված միմյանց միաձուլված մի շարք մազարմատների թարախակույտից, կոչվում է «կարբունկուլ»:
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ թարախակույտերի առանձնահատկությունների մասին:
Թարախակույտի պատճառները
Թարախակուլտը սովորաբար առաջանում է, երբ դուք ունեք որևէ բակտերիալ վարակ, որի դեմ ձեր իմունային համակարգը փորձում է պայքարել՝ ախտահարման օջախ ուղարկելով արյան սպիտակ գնդիկներ (լեյկոցիտներ): Երբ այս բջիջնեը գրոհում են բակտերիաների վրա, վնասվում և մահանում են (ստաֆիլոկոկային բակտերիայի որոշ տեսակներ արտադրում են «Պանտոն-Վալենտին լեյկոցիդին» կոչվող թույնը, որը սպանում է արյան սպիտակ գնդիկները, և օրգանիզմն էլ ավելի շատ է այս բջիջների ուղարկում ախտահարման շրջան:) նաև որոշ հարակից հյուսվածքներ՝ առաջացնելով խոռոչ, որը լցվում է թարախով և ձևավորվում է թարախակույտ: Ձեր օրգանիզմի այսպիսի դիմակայության արդյունքում էլ առաջանում է թարախ, որն արյան սպիտակ գնդիկների, բակտերիաների և մեռուկացած բջիջների հեղուկ կամ կիսահեղուկ խառնուրդ է:
Ներքին թարախակույտերը հաճախ զարգանում են որպես առկա հիվանդության վարակային բարդություն: Օրինակ, երբ ձեր կույր աղիքի որդանման ելունն ապենդիցիտի պատճառով պատռվում է, բակտերիաները կարող են տարածվել ձեր որովայնի խոռոչում և կարող են առաջացնել թարախակույտեր:
Թարախակույտի այլ պատճառներից են ոչ բակտերիալ վարակները, ներաճող մազերը, խցանված գեղձերը կամ դրանց ծորանները:
Ռիսկի գործոններ
- թուլացած իմունային համակարգ, օրինակ՝ ՄԻԱՎ կամ քիմոթերապիայի ընդունում
- դիաբետ
- երկար ընթաքով բորբոքային հիվանդություններ
- ստաֆիլոկոկային բակտերիայի կրում:
Այնուամենայնիվ, թարախակույտի բազմաթիվ դեպքեր առաջանում են իրենց առողջ համարող մարդկանց մոտ:
Թարախակույտի տեսակները
Կան թարախակույտի տարբեր տեսակներ, այդ թվում՝
- մաշկի թարախակույտեր, որոնք հաճախ առաջանում են դեմքի, պարանոցի, թևատակերի կամ աճուկների շրջանում
- ատամի թարախակույտեր՝ ատամի կամ լնդի մեջ
- հարնշագեղձային թարախակույտեր՝ նշագեղձերի միջև կամ ըմպանի պատին
- պոչուկային կամ մազաբունոցային (պիլոնիդալ) թարախակույտեր՝ հետույքի ուղղահայաց ծալքում
- հետանցքային (անալ) կամ հետանցք-ուղիղաղիքային (անոռեկտալ) թարախակույտեր՝ հետանցքի մեջ կամ շուրջը
- կրծքագեղձի թարախակույտեր, որոնք առաջանում են որպես վաղ չբուժված կրծքագեղձի բորբոքման հետևանք (մաստիտ)
- հեշտոցային թարախակույտեր (կոչվում է նաև Բարթոլինյան կիստա (բուշտ)):
Թարախակույտեր կարող են առաջանալ նաև մարմնի այլ շրջաններում և ներքին օրգաններում, օրինակ՝ գլխուղեղ, երիկամներ կամ այլ օրգաններ, սովորաբար, որպես առկա հիվանդության բարդացում:
Թարախակույտի ախտանիշները
Որևէ թարախակույտի գանգատները և նշանները կախված են առաջացման տեղից:
Եթե թարախակույտն առաջացել է մաշկի տակ կամ բերանի խոռոչում, ապա կարող է ի հայտ գալ տվյալ շրջանի այտուցվածություն և կարմրություն: Կուտակվող թարախը կարող է առաջացնել ցավեր: Դուք կարող եք նշել նաև հարակից ավշային գեղձերի (հանգույcներ) մեծացում, ինչպես նաև ջերմության բարձրացում, որն ուղեկցվում է դողով և սարսուռով:
Ներքին թարախակույտերը կարող են առաջանել ախտահարված շրջանի ցավ, ջերմության բարձրացում և ընդհանուր ինքնազգացողության վատացում: Ներքին թարախակույտերի այլ նշաններից են՝
- ախտահարված շրջանում անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ
- բարձրացած քրտնարտադրություն
- ընդհանուր ինքնազգացողության կտրուկ վատացում
- դող և սարսուռ
- ախորժակի անկում և քաշի կորուստ:
Նման դեպքերում խնդիրը կարող է հայտնաբերվել գերձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա):
Թարախակույտերի բուժումը և կանխարգելումը
Փոքր թարախաբշտերը երբեմն պատռվում և ինքնուրույն լավանում են: Սակայն, ավելի մեծ կամ ներքին թարախակույտերը պետք է դրենավորվեն (երբեմն՝ վիրահատությամբ): Դրենավորում է կոչվում թարախակույտի դատարկումը և չորացումը: Բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ:
Դրենավորվելուց (դատարկելուց) հետո թարախակույտը սովորաբար արագորեն լավանում է առանց երկարատև հետևանքների:
Դուք կարող եք կանխարգելել թարախակույտի առաջացումը հետևյալ ուղիներով՝
- պահեք ձեր մաշկը մաքուր և առողջ, օրինակ՝ պարբերաբար լվացեք ձեր ձեռքերը և խուսափեք ընդհանուր օգտագործման սրբիչներից և բաղնիքի այլ պարագաներից
- խուսափեք ձեր մաշկի քերծվածքներից կամ այլ բաց վնասվածքներից
- անցեք առողջ սննդակարգի, որպեսզի պահեք ձեր իմունային համակարգը ուժեղ, ինչպես նաև պահպանեք առողջ քաշ
- խուսափեք ծխելուց:
Մի փորձեք սեղմել կամ ինքնուրույն դատարկել թարախակույտերը, քանի որ կարող եք նպաստել վարակի՝ մաշկի այլ շրջաններ տարածումը:
Իմացե՛ք ավելին թարախակույտի բացահատման և դրենավորման մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 26-02-2021