Թարախակույտի (աբսցեսի) բացահատում և դրենավորում
04-06-2020
3 րոպե

Այս էջում ձեզ կներկայացվի թարախակույտերի բացահատման և դրենավորման վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:
Ի՞նչ է թարախակույտը
Թարախակույտը կամ աբսցեսը հյուսվածքային պատով շրջապատված թարախի կուտակում է: Այն առաջացնում է ցավոտ ուռածություն և կարող է բերել ձեր ինքնազգացողության վատթարացման:
Թարախակույտն առաջանում է, երբ ձեր մարմինը փորձում է կառավարել վարակը՝ վարակված շրջանի շուրջ ձևավորելով պաշտպանական պատնեշ: Թարախակույտ կարող է առաջանալ ձեր մարմնի գրեթե ցանկացած շրջանում:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Ձեր թարախակույտը հեռացվում է և ձեր ցավերը կտրուկ մեղմանում են: Վիրահատությունը նաև կանխարգելում է թարախակույտի հնարավոր ծանր բարդությունները:
Կա՞ն արդյոք վիրահատությանն այլընտրանքներ
Եթե թարախակույտը փոքր է, հակաբիոտիկները կարող են ազդել, սակայն դեպքերի մեծ մասի համար դրանք դառնում են ոչ արդյունավետ: Երբեմն թարախի դատարկումն ասեղով կարող է օգնել, սակայն թարախակույտը կարող է կրկնվել:
Ի՞նչ է տեղի ունենում միջամտության ընթացքում
Փոքր թարախակույտը կարող է դատարկվել տեղային անզգայացման ներքո, սակայն ավելի հաճախ անհրաժեշտ է լինում կարճատև ընդհանուր անզգայացում: Վիրահատությունը սովորաբար տևնում է 10-20 րոպե:
Ձեր վիրաբույժը կկատարի թարախակույտի շրջանի մաշկի կտրվածք (կոչվում է «բացահատում»): Սա թույլ է տալիս դատարկել թարախը:
Երբ թարախն ամբողջովին դատարկված է, առաջացած խոռոչը կարիք ունի լավացման՝ դրսից դեպի ներս, ուստի մաշկի կտրվածքը թողնվում է բաց:
Եթե խոռոչը խորն է, ձեր բժիշկը այս տարածության մեջ կթողնի ստերիլ մառլյաե դրենաժ, որը թույլ կտա շարունակաբար և լիարժեքորեն դատարկել-չորացնել խոռոչը և վիրահատական վերքը (կոչվում է «դրենավորում»):
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ
Որոշ բարդություններ կարող են լինել ծանր և նույնիսկ ունենալ մահացու ելք:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- արյունահոսություն
- ձեր մաշկի սպիական տգեղացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- թարախակույտի շարունակաբար կրկնություն
- դանդաղ լավացում, եթե ձեր վերքը դրենավորված է:
Որքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք պետք է ի վիճակի լինեք տուն վերադառնալ նույն կամ հաջորդ օրը:
Բժիշկը կտեղեկացնի ձեզ, թե երբ կկարողանաք վերադառնալ աշխատանքի:
Բազմաթիվ մարդիկ լիարժեք վերականգնվում և վերադառնում են իրենց առօրյա գործերին:
Ամփոփում
Թարախակույտը թարախի կուտակումն է, որը կարող է առաջ բերել ինքնազգացողության վատացում: Վիրահատությունը կանխարգելում է թարախակույտի հնարավոր լուրջ բարդությունները:
Լրացուցիչ տեղեկատվություն
Թարախակույտի մասին
Այցելե՛ք Մեդեքսի թարախակույտեր (աբսցեսներ) էջը, որպեսզի ծանոթանաք այս առողջական խնդիրի մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
- ի՞նչ հարցեր դուք կարող եք տալ մինչև վիրահատվելը
- ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
- ինչպե՞ս գտնել ճիշտ մասնագետ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021