Սև ականթոզը սովորաբար կապված է հետևյալ վիճակների և հիվանդությունների հետ:
- Ինսուլինակայունություն (ինսուլինառեզիստենտություն). մարդկանց մեծամասնությունը, ովքեր ունեն սև ականթոզ, նաև դրսևորում են ինսուլինի նկատմամբ կայունություն: Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող հորմոն է, որը թույլ է տալիս օրգանիզմին յուրացնել շաքարը (գլյուկոզը): Ինսուլինակայունությունն այն է, ինչը հանգեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի: Ինսուլինակայունությունը նաև կապված է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի հետ և կարող է հանդիսանալ սև ականթոզի առաջացման գործոն:
- Որոշակի դեղամիջոցներ և հավելումներ. բարձր դեղաչափերով Նիացինը, հակաբեղմնավորիչ հաբերը, Պրեդնիզոնը և այլ համակարգային (ընդհանուր ազդեցության) կորտիկոստերոիդները կարող են առաջացնել սև ականթոզ:
- Քաղցկեղ. քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնում են սև ականթոզ: Դրանցից են լիմֆոման և ստամոքսի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղը: Նման դեպքերում սև ականթոզն առաջանում է առանց որևէ ակնհայտ պատճառի և ուղեկցվում է քաշի անկումով, տարածուն քորով, ափերի և կամ լորձաթաղանթների ականթոզով:
Ռիսկի գործոններ
Սև ականթոզի առաջացման ռիսկն ավելի բարձր է գիրություն ունեցող մարդկանց մոտ: Գիրությունը մետաբոլիկ համախտանիշի առանցքային ախտանիշներից մեկն է, որը հաճախ կապված է ինսուլինակայունության հետ:
Ռիսկը նաև բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այս վիճակի վերաբերյալ ընտանեկան պատմություն (անամնեզ), հատկապես, երբ ընտանիքներում գիրությունը և 2-րդ տեսակի դիաբետը տարածված են:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024