Skip to main content

Բուժում - Լսողական նևրոմա

Լսողական նյարդի կամ ակուստիկ նևրոմայի (նևրինոմայի) բուժումը կարող է տարբերվել:

Ընդհանուր առմամբ, բուժումը կախված է հետևյալ գործոններից՝

  • ձեր լսողական նևրոմայի չափы և աճի տեմպы
  • ձեր ընդհանուր առողջական վիճակы
  • ձեր ախտանիշները և դրանց ծանրության աստիճանը:

Գոյություն ունի լսողական նևրոմայի բուժման երեք մոտեցում՝ հսկողություն (մոնիտորինգ), վիրահատություն կամ ճառագայթային թերապիա:

Հսկողություն (մոնիտորինգ)

Դուք և ձեր բժիշկները կարող եք սպասողական մոտեցում և հիվանդության վերահսկում, եթե ուռուցքը չափերով փոքր է և չի աճում կամ եթե դանդաղ է աճում: Սա կարող է տարբերակ լինել, եթե լսողական նևրոման ընթանում է անախտանիշ կամ առաջացնում է թեթև ախտանիշներ: Վերահսկում նաև կարող է առաջարկվել, եթե ունեք բավականին մեծ տարիք կամ լավ թեկնածու չեք ավելի ագրեսիվ բուժման համար:

Վերահսկման և մշտադիտարկման ընթացքում ձեզ հարկավոր են կանոնավոր պատկերային և լսողության հետազոտություններ, սովորաբար՝ յուրաքանչյուր 6-12 ամիսը մեկ: Այս հետազոտությունները կարող են որոշել, թե արդյոք ուռուցքը մեծանում է և, եթե այո, ապա ինչ արագությամբ: Եթե սքանավորումները ցույց են տալիս, որ ուռուցքը մեծանում է կամ եթե ուռուցքն ավելի ծանր ախտանիշներ կամ այլ խնդիրներ է առաջացնում, ձեզ կարող են ի վերջո առաջարկել վիրահատություն կամ ճառագայթային թերապիա:

Վիրահատություն

Ձեզ կարող է անհրաժեշտ լինել լսողական նևրոմայի վիրահատական հեռացում, մասնավորապես, եթե ունեք ուռուցք, որը՝

  • շարունակում է աճել
  • խիստ մեծ է
  • առաջացնում է լուրջ ախտանիշներ:

Ձեր վիրաբույժը կարող է օգտագործել լսողական նևրոմայի հեռացման մի քանի տարբերակներ: Վիրահատական տեխնիկան կախված է ուռուցքի չափից, լսողության վիճակից և այլ գործոններից:

Վիրահատության նպատակն է հեռացնել ուռուցքը և պահպանել դիմային նյարդը՝ դեմքի մկանների պարալիզը (կաթվածը) կանխելու համար: Միշտ չէ, որ հնարավոր է հեռացնել ամբողջական ուռուցքը: Օրինակ, եթե ուռուցքը շատ մոտ է գլխուղեղի կամ դիմային նյարդի կարևոր մասերին, կարող է հեռացվել ուռուցքի միայն մի հատվածը:

Լսողական նևրոմայի վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում: Վիրահատությունը ներառում է ուռուցքի հեռացում ներքին ականջի կամ ձեր գանգի վրա բացված «պատուհանի» միջոցով:

Երբեմն ուռուցքի հեռացումը կարող է վատթարացնել ախտանիշները, եթե վիրահատության ընթացքում լսողական, հավասարակշռության կամ դիմային նյարդերը գրգռված կամ վնասվում են: Լսողությունը կարող է կորել այն կողմում, որտեղ կատարվում է վիրահատությունը: Հավասարակշռության խանգարումը սովորաբար ունի ժամանակավոր բնույթ:

Վիրահատական բուժման հնարավոր բարդություններից են՝

  • գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկի արտահոսք, որը հայտնի է որպես ողնուղեղային հեղուկ կամ լիքվոր (նաև՝ վերքից)
  • լսողության կորուստ
  • դիմային թուլություն կամ թմրածություն
  • ականջում զնգոց (տինիտուս)
  • հավասարակշռության խնդիրներ
  • մշտական գլխացավ
  • հազվադեպ՝ ողնուղեղային հեղուկի վարակ, որը հայտնի է որպես մենինգիտ
  • խիստ հազվադեպ՝ ինսուլտ կամ ներուղեղային արյունազեղում:

Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)

Լսողական նևրոմայի բուժման համար կարող են օգտագործվել ճառագայթային թերապիայի մի քանի տեսակներ:

  • Ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն. ռադիոթերապիայի այս մեթոդը հաճախ ցուցված է, եթե ուռուցքը փոքր է՝ մինչև 2,5 սմ տրամագծով: Ռադիոթերապիա նաև կարող է առաջարկվել, եթե ունեք մեծ տարիք կամ ունեք վիրահատական բուժումը ռիսկային դարձնող այլ առողջական խնդիրներ: Ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը, ինչպիսիք են գամա-դանակը և կիբեր-դանակը, օգտագործում է բազմաթիվ խիստ ֆոկուսացված գամա-ճառագայթներ՝ ուռուցքին տրվող ճառագայթման չափը ճշգրիտ թիրախավորելու համար: Սա կարող է օգնել ուռուցքի հարակից հյուսվածքների վնասումից խուսափելուն: Ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժության նպատակն ուռուցքի աճն արգելակելն է, դիմային նյարդի գործառույթի պահպանումը և հնարավորության դեպքում լսողության պահպանումը: Այս բուժման արդյունքները կարող են դրսևորվել շաբաթների, ամիսների և անգամ տարիների ընթացքում: Ձեր բժիշկները վերահսկում են բուժման արդյունքները կրկնակի պատկերային և լսողության հետազոտությունների օգնությամբ: Ռադիովիրահատության ռիսկերից են՝
    • լսողության կորուստ
    • ականջում զնգոց (տինիտուս)
    • դիմային թուլություն կամ թմրածություն
    • հավասարակշռության խնդիրներ
    • ուռուցքի աճի շարունակություն:
  • Ֆրակցիոնալ ստերեոտաքսիկ ռադիոթերապիա. այս դեպքում ուռուցքը ճառագայթվում է փոքր չափաբաժիններով և մի քանի բուժման սեսիաներով: Այն առաջարկվում է՝ դանդաղեցնելու ուռուցքի աճը՝ առանց շրջակա ուղեղային հյուսվածքի հնարավոր վնասման:
  • Պրոտոնային փնջային թերապիա. ճառագայթային թերապիայի այս տեսակն օգտագործում է դրական լիցքով մասնիկների` պրոտոնների բարձր էներգիա պարունակող, սակայն՝ վերահսկելի չափաբաժիններով ճառագայթում: Այն թույլ է տալիս կրճատել շրջակա հյուսվածքների ճառագայթային վնասումը:

Օժանդակող թերապիա

Ուռուցքի աճը դադարեցնելու կամ ուռուցքի հեռացման բուժումներից բացի, օժանդակ բուժումները կարող են օգնել ախտանիշների թեթևացմանը կամ բարդությունների բուժմանը, ինչպիսիք են գլխապտույտը կամ հավասարակշռության խնդիրները:

Լսողության կորստի դեպքում կարող են օգտագործվել կոխլեար իմպլանտներ կամ այլ բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2024
Վերջին վերանայում՝ 21-05-2024