Սուր լիմֆոցիտային լեյկոզն առաջանում է, երբ ոսկրածուծի բջիջներում զարգանում են գենետիկ նյութի կամ ԴՆԹ-ի փոփոխություններ (մուտացիաներ):
Յուրաքանչյուր բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ այն մասին, թե ինչ պետք է անի այդ բջիջը: Նորմայում ԴՆԹ-ն հրահանգում է բջջին, որ աճի սահմանված արագությամբ և մահանա սահմանված ժամկետում: Սուր լիմֆոցիտային լեյկոզի դեպքում մուտացիաները հրահանգում են ոսկրածուծի բջիջներին, որ շարունակաբար աճեն ու բազմանան:
Արդյունքում արյան բջիջների արտադրությունը դառնում է անկառավարելի: Ոսկրածուծը սկսում է արտադրել ոչ հասուն բջիջներ, որոնք վերածվում են լիմֆոբլաստներ կոչվող լեյկոզային արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների): Այս ոչ նորմալ բջիջները չեն կարող պատշաճ կերպով գործել և կուտակվելով դուրս են մղում առողջ բջիջներին:
Դեռևս պարզ չէ, թե ինչ պատճառներով են զարգանում ԴՆԹ-ի մուտացիաները, որոնք հանգեցնում են սուր լիմֆոցիտային լեյկոզի առաջացմանը:
Ռիսկի գործոններ
Կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել սուր լիմֆոցիտային լեյկոզի առաջացման ռիսկը:
- Նախկինում քաղցկեղի բուժում. այն երեխաները և չափահասները, ովքեր մեկ այլ տեսակի քաղցկեղի կապակցությամբ ստացել են քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա, ենթարկվում են սուր լիմֆոցիտային լեյկոզի զարգացման ավելի բարձր ռիսկի:
- Ճառագայթման ազդեցություն. ճառագայթման խիստ բարձր մակարդակներին ենթարկված, օրինակ՝ ատոմային ռեակտորի վթարներից տուժած անձանց մոտ բարձրանում է սուր լիմֆոցիտային լեյկոզի զարգացման ռիսկը:
- Գենետիկ խանգարումներ. որոշ ժառանգական (գենետիկ) խանգարումներ, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, կապված են սուր լիմֆոցիտային լեյկոզի բարձրացած ռիսկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-09-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024