Սուր լիմֆոցիտային լեյկոզն ախտորոշելիս բժիշկը կամ արյունաբանը կարող են օգտագործել մի շարք թեստեր և միջոցառումներ:
- Արյան թեստեր. արյան լաբորատոր անալիզով կարող են հայտնաբերվել խիստ շատացած կամ պակասած արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ), անբավարար քանակով արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ) և անբավարար քանակով արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ): Արյան թեստը նաև կարող է հայտնաբերել բլաստային բջիջներ՝ ոչ հասուն բջիջներ, որոնք նորմայում առկա են ոսկրածուծում, բայց ոչ՝ արյան մեջ:
- Ոսկրածուծի թեստեր. ասեղի միջոցով ոսկրածուծի ասպիրացիայի և բիոպսիայի ընթացքում ազդրի կամ կրծոսկրի ոսկրածուծից վերցվում է նմուշ, որն ուղարկվում է լաբորատորիա՝ հայտնաբերելու լեյկոզային բջիջներ: Բջջաբաններն արյան բջիջները դասակարգում են ըստ դրանց չափսի, ձևի, գենետիկ և մոլեկուլյար այլ առանձնահատկությունների: Նրանք նաև որոշում են, թե արդյոք լեյկոզը սկիզբ է առել B կամ T լիմֆոցիտներից: Այս տվյալներն օգնում են ձեր բժշկին, որ ընտրի ձեր բուժման լավագույն տարբերակը:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները, ինչպիսիք են ռենտգեն հետազոտությունը, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կարող են օգնել որոշելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է դեպի գլխուղեղ, ողնուղեղ կամ այլ շրջաններ:
- Ողնուղեղային հեղուկի թեստ. գոտկային պունկցիայով ստացվում է գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող ողնուղեղաղային հեղուկի նմուշ: Վերջինս կարող է ենթարկվել մանրադիտակային հետազոտության՝ պարզելու, թե արդյոք քաղցկեղային բջիջները տարածվելով հասել են ողնուղեղային հեղուկ:
Հիվանդության ելքի (պրոգնոզի) գնահատում
Վերոնշյալ հետազոտություններով ստացված տվյալները կարող են բժշկին օգնել, որ գնահատի հիվանդության ելքը և որոշի բուժման ամենահարմար տարբերակը: Քաղցկեղների այլ տեսակների դեպքում բժիշկներն օգտվում են քաղցկեղի տարածման չափը սահմանող փուլերից, սակայն սուր լիմֆոցիտային լեյկոզի ժամանակ փուլային դասկարգում չկա:
Դրա փոխարեն ձեր բժիշկը կարող է գնահատել հիվանդության ընթացքը՝ ելնելով հետևյալ ցուցանիշներից՝
- հիվանդության մեջ ընդգրկված լիմֆոցիտների տեսակ՝ B-բջջային կամ T-բջջային
- լեյկոզային բջիջներում առկա գենետիկ փոփոխությունների առանձնահատկություններ
- տարիք
- լաբորատոր թեստերի արդյունքներ, օրինակ՝ արյան նմուշում սպիտակ արյան բջիջների (լեյկոցիտների) քանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-09-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024