Սուր միելոգեն կամ միելոբլաստային լեյկոզն առաջանում է, երբ ոսկրածուծի բջիջի գենետիկ նյութում կամ ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ):
Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք կանխորոշում են, թե բջիջն ինչ անի: Նորմայում, ԴՆԹ-ն բջիջին հրահանգում է, որ աճի սահմանված արագությամբ և մահանա սահմանված ժամկետում: Սուր միելոգեն լեյկոզի ժամանակ մուտացիաները հրահանգում են ոսկրածուծի բջջին շարունակել աճել և բաժանվել, երբ նորմալ բջիջներն ավարտել են իրենց կյանքի ցիկլը և մահացել են:
Երբ սա տեղի է ունենում, արյան բջիջների արտադրությունը դառնում է անվերահսկելի արագ: Նման իրավիճակում ոսկրածուծն արտադրում է ոչ հասուն բջիջներ, որոնցից զարգանում են լեյկոզային (լեյկեմիկ) արյան սպիտակ բջիջներ՝ միելոբլաստներ: Այս ոչ նորմալ բջիջները չեն կարողանում նորմալ գործել, և կարող են կուտակվել և դուրս մղել առողջ բջիջները:
Պարզ չէ, թե ինչն է առաջացնում ԴՆԹ-ի մուտացիաներ, որոնք հանգեցնում են լեյկոզի, սակայն բժիշկները հայտնաբերել են մի շարք գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության ռիսկը:
Ռիսկի գործոններ
Սուր միելոգեն լեյկոզի (ԱՄԼ) ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Մեծ տարիք. սուր միելոգեն լեյկոզի ռիսկն աճում է տարիքի հետ: Այն առավել հաճախ հանդիպում է 65 տարեկան և ավելի մեծահասակների մոտ:
- Սեռ. տղամարդկանց մոտ ավելի հավանական է սուր միելոգեն լեյկոզի զարգացումը, քան կանանց մոտ:
- Նախկինում քաղցկեղի բուժում. մարդիկ, ովքեր անցել են որոշակի տեսակի քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա, կարող են ունենալ ԱՄԼ-ի զարգացման ավելի մեծ ռիսկ:
- Ճառագայթման ազդեցություն. ճառագայթման շատ բարձր մակարդակի ենթարկված մարդիկ, ինչպիսիք են միջուկային ռեակտորի վթարից փրկվածները, ունեն ՍՄԼ-ի զարգացման ավելի բարձր ռիսկ:
- Վտանգավոր քիմիական ազդեցություն. որոշ քիմիական նյութերի ազդեցությունը, ինչպիսին է բենզոլը, կապված է ՍՄԼ-ի զարգացման ավելի մեծ ռիսկի հետ:
- Ծխելը. ՍՄԼ-ը կապված է ծխախոտի ծխի հետ, որը պարունակում է բենզոլ և քաղցկեղ առաջացնող այլ քիմիական նյութեր:
- Արյան այլ խանգարումներ. մարդիկ, ովքեր ունեցել են արյան այլ խանգարումներ, ինչպիսիք են միելոդիսպլազիան, միելոֆիբրոզը, վերայի պոլիցիտեմիան կամ թրոմբոցիտեմիան, ՍՄԼ-ի զարգացման ավելի մեծ ռիսկի տակ են:
- Գենետիկ (ժառանգական) խանգարումներ. որոշ գենետիկ խանգարումներ, ինչպիսին է Դաունի համախտանիշը, կապված են ՍՄԼ-ի բարձր ռիսկի հետ:
Այնուամենայնիվ, ՍՄԼ-ով բազմաթիվ մարդիկ չունեն հայտնի ռիսկի գործոններ, և շատ մարդիկ, ովքեր ունեն ռիսկի գործոններ, երբեք քաղցկեղի այս տեսակով չեն հիվանդանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024