Սուր միելոգեն կամ միելոբլաստային լեյկոզի բուժումը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ հիվանդության ենթատեսակից, ձեր տարիքից, ընդհանուր առողջությունից և ձեր նախապատվությունից:
Ընդհանուր առմամբ, սուր միելոգեն լեյկոզի (ՍՄԼ) բուժումը բաժանվում է երկու փուլի:
- Ախտադադարի մեկնարկային (ռեմիսիայի ինդուկցիոն) թերապիա. բուժման առաջին փուլի նպատակն է ոչնչացնել արյան և ոսկրածուծի լեյկոզային բջիջները: Այնուամենայնիվ, ռեմիսիայի ինդուկցիան սովորաբար չի վերացնում բոլոր լեյկոզային բջիջները, ուստի ձեզ անհրաժեշտ է հետագա բուժում՝ հիվանդության կրկնությունը և ախտանիշների վերադարձը` ախտադարձը (ռեցեդիվ) կանխելու համար:
- Համակցման (կոնսոլիդացիոն) թերապիա. սա նաև կոչվում է հետռեմիսիայի թերապիա կամ պահպանողական թերապիա, և ուղղված է մնացած լեյկոզային բջիջների ոչնչացմանը: Սա համարվում է վճռորոշ՝ ռեցիդիվների ռիսկը նվազեցնելու համար:
Այս փուլերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ բուժումներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան ռեմիսիայի ինդուկցիոն թերապիայի հիմնական ձևն է, սակայն նաև կարող է օգտագործվել կոնսոլիդացիոն թերապիայի համար: Քիմիոթերապիան օգտագործում է քիմիական նյութեր՝ ձեր օրգանիզմի քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: ՍՄԼ ունեցող մարդիկ սովորաբար քիմիոթերապիա ստանալիս մնում են հիվանդանոցում, քանի որ դեղամիջոցները ոչնչացնում են ոչ միայն լեյկոզի, այլև բազմաթիվ նորմալ բջիջներ և կարող են ուղեկցվել տարբեր աստիճանի ծանրության բարդություններով: Եթե քիմիոթերապիայի առաջին ցիկլը ռեմիսիա չի առաջացնում, կարող է կրկնվել:
- Թիրախային թերապիա. թիրախային դեղորայքային բուժումը կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ առանձնահատկությունների՝ թույլ կետերի վրա: Արգելափակելով այս ոչ նորմալ կետերը՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղային բջիջների ոչնչացման: Ձեր լեյկոզային բջիջները կփորձարկվեն՝ պարզելու, թե արդյոք թիրախային թերապիան կարող է արդյունավետ լինել ձեզ համար: Թիրախային թերապիան կարող է օգտագործվել միայնակ կամ քիմիոթերապիայի հետ միասին՝ ինչպես ինդուկցիոն, այնպես էլ կոնսոլիդացիոն թերապիայի փուլերում:
- Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև կոչվում է ցողունային բջիջների փոխպատվաստում, կարող է օգտագործվել որպես կոնսոլիդացիոն թերապիա: Ոսկրածուծի փոխպատվաստումն օգնում է վերականգնելու առողջ ցողունային բջիջները՝ փոխարինելով անառողջ ոսկրածուծը լեյկոզից զերծ ցողունային բջիջներով, որոնք կվերականգնեն առողջ ոսկրածուծը: Ոսկրածուծի փոխպատվաստումից առաջ դուք ստանում եք քիմիոթերապիայի կամ ճառագայթային թերապիայի շատ մեծ չափաբաժիններ՝ լեյկոզ արտադրող ոսկրածուծը ոչնչացնելու համար: Այնուհետև, դուք ստանում եք ցողունային բջիջների ներարկումներ համատեղելի դոնորից (ալոգեն փոխպատվաստում): Դուք նաև կարող եք ստանալ ձեր սեփական ցողունային բջիջները (աուտոլոգ փոխպատվաստում), եթե նախկինում եղել եք ռեմիսիայի մեջ և ձեր առողջ ցողունային բջիջները վերցվել և պահպանվել են ապագա փոխպատվաստման համար:
- Կլինիկական փորձարկումներ. լեյկոզով հիվանդ որոշ մարդիկ որոշում են մասնակցել կլինիկական փորձարկումներին, որոնց նպատակը փորձարարական բուժումներ կամ հայտնի բուժումների նոր համակցության փորձարկումն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024