Եթե ունեք սուր միելոգեն կամ միելոբլաստային լեյկոզի գանգատներ կամ ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեզ անցնել որոշ ախտորոշիչ հետազոտություններ:
- Արյան թեստեր. սուր միելոգեն լեյկոզով (ՍՄԼ) հիվանդ մարդկանց մեծամասնության մոտ արյան ընդհանուր քննությամբ (CBC) գրանցվում է չափազանց շատ սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ) և ոչ բավարար քանակի արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ) և արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ): Սակայն, երբեմն սպիտակ արյան բջիջների (լեյկոցիտների) մակարդակը կարող է չափազանց ցածր լինել: Բլաստային բջիջների առկայությունը՝ ոչ հասուն բջիջներ, որոնք սովորաբար հայտնաբերվում են ոսկրածուծում և չեն շրջանառվում արյան մեջ, սուր միելոգեն լեյկեմիայի մեկ այլ ցուցանիշ է:
- Ոսկրածուծի թեստ. արյան թեստը կարող է վկայել լեյկոզի մասին, սակայն սովորաբար պահանջվում է ոսկրածուծի թեստ՝ ախտորոշումը հաստատելու (լեյկոզի տեսակը որոշելու) համար: Ոսկրածուծի բիոպսիայի ժամանակ օգտագործվում է ասեղ՝ ձեր ոսկրածուծից նմուշ վերցնելու համար: Սովորաբար, նմուշը վերցվում է ձեր զստոսկրից և ուղարկվում է լաբորատորիա՝ մանրադիտակային հետազոտման:
- Գոտկատեղի պունկցիա. որոշ իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել վերցնել ձեր ողնուղեղը շրջապատող հեղուկից (ողնուղեղային հեղուկ կամ լիքվոր) փոքր քանակի նմուշ՝ լեյկոզի բջիջների առկայությունը ստուգելու համար: Բժիշկը հավաքում է այս հեղուկը՝ գոտկային շրջանից ձեր ողնաշարային խողովակի մեջ ներմուծելով բարակ ասեղ:
- Լաբորատորիայում քաղցկեղային բջիջների հետազոտություն. լաբորատորիայում բժիշկները հետազոտում են ձեր լեյկոզի բջիջները՝ ավելի լավ հասկանալու, թե որ գենային մուտացիաներն են առկա: Սա կարող է օգնել որոշելու ձեր պրոգնոզը և համապատասխանեցնելու ձեր բուժումը:
Եթե բժիշկը ձեզ մոտ լեյկոզ է կասկածում, ձեզ կարող է ուղեգրել արյան քաղցկեղի ոլորտում մասնագիտացած բժշկի խորհրդատվության (արյունաբան կամ ուռուցքաբան):
Ձեր ՍՄԼ-ի ենթատեսակի որոշում
Եթե բժիշկը որոշի, որ ունեք ՍՄԼ, ձեզ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ հետազոտություններ՝ որոշելու քաղցկեղի տարածվածությունը և դասակարգելու այն ՍՄԼ-ի ավելի կոնկրետ ենթատեսակի մեջ:
Ձեր ՍՄԼ-ի ենթատեսակը հիմնված է այն բանի վրա, թե ինչպիսի տեսք ունեն ձեր բջիջները մանրադիտակի տակ դիտելիս: Կարող է նաև օգտագործվել հատուկ լաբորատոր թեստեր՝ լեյկոզային բջիջների այլ կարևոր առանձնահատկությունները բացահայտելու համար:
Ձեր ՍՄԼ-ի ենթատեսակն օգնում է որոշելու, թե որ բուժումը կարող է առավելագույն օգտակար լինել ձեզ համար: Բժիշկ-գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես են քաղցկեղի բուժման տարբեր տեսակներ ազդում ՍՄԼ-ի տարբեր ենթատեսակներ ունեցող մարդկանց վրա:
Ձեր պրոգնոզի (կանխատեսման) որոշում
Ձեր բժիշկն օգտագործում է ձեր ՍՄԼ-ի ենթատեսակը և այլ տվյալներ՝ ձեր պրոգնոզը և ձեր բուժման տարբերակները որոշելու համար: Քաղցկեղի այլ տեսակների դեպքում բժիշկներն օգտվում են թվային ցուցանիշներից, որոնց միջոցով ներկայացվում է հիվանդության զարգացման փուլը: Հիվանդության փուլը կանխորոշում է հիվանդության պրոգնոզը և քաղցկեղի տարածման աստիճանը: Սակայն, սուր միելոգեն լեյկեմիայի համար փուլեր չեն օգտագործվում:
Դրա փոխարեն, ձեր վիճակի ծանրության աստիճանը որոշվում հետևյալ տվյալների հիման վրա՝
- ՍՄԼ-ի ենթատեսակ
- ձեր տարիքը
- ձեր ընդհանուր առողջական վիճակը
- այլ հետազոտությունների և միջամտությունների արդյունքները, օրինակ՝ արյան նմուշում արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) թվաքանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024