Առողջական խնդիրներ

Ամբլիոպիա («ծույլ աչք»)

Ամբլիոպիա («ծույլ աչք»)

Time Read 3 րոպե

Ամբլիոպիան կամ «ծույլ աչքը» երեխաների մոտ բավականին տարածված տեսողության խանգարում է:

Վաղ ախտորոշումը և օպտիկական ակնոցով կամ կոնտակային լինզայով երեխայի տեսողության շտկումը, ինչպես նաև աչքը լավ ծածկելը կարող են կանխարգելել տեսողական հետագա խնդիրների զարգացումը:

Ի՞նչ է ամբլիոպիան

Ամբլիոպիան վիճակ է, երբ մանկական տարիքում աչքերից մեկնումեկը ոչ ճիշտ է զարգանում և արդյունքում աչքը և գլխուղեղը միմյանց հետ ներդաշնակ չեն համագործակցում: Խիստ հազվադեպ «ծույլ աչքի» խանգարումը կարող է ընդգրկել երկու աչքերը: Չբուժելու դեպքում ամբլիոպիան կարող է առաջացնել ախտահարված աչքում տեսողության կայուն կորուստ:

Ամբլիոպիան սովորաբար ի հայտ է տալիս երեխաների մոտ՝ սկսած ծնված օրվանից մինչև 7 տարեկան հասակը, ավելի հաճախ՝ 5 տարեկանում և հանդիսանում է երեխաների մոտ մեկ աչքում տեսողության թուլացման հիմնական պատճառը: Այն ավելի հաճախ զարգանում է թերհաս կշռով նորածինների կամ ընտանեկան (ժառանգական) նախատրամադրվածությամբ երեխաների մոտ:

Ամբլիոպիայի պատճառները

Ամբլիոպիան զարգանում է, երբ աչքերից մեկը վաղ տարիքում ստանում է ավելի թույլ տեսողական ազդանշաններ, քան մյուսը: Արդյունքում, ախտահարված աչքից ստանալով ավելի թույլ տեսողական ազդանշաններ, գլխուղեղն աստիճանաբար սկսում է անտեսել այդ աչքից եկող ազդակները:

Ամբլիոպիան կարող է զարգանալ երեխայի տեսողությունը խաթարող կամ շլության բերող որևէ պատճառից: Ավելի հաճախ ամբլիոպիայի պատճառ են հանդիսանում՝

  • աչքերի դիրքը ապահովող մկանների անհավասարակշռություն (շլություն)
  • աչքերի միջև տեսողության սրության տարբերություն (ռեֆրակտիվ անիզոմետրոպիա)
  • աչքի մակերևույթի (եղջերաթաղանթի կամ ոսպնյակի) կորության խախտում (աստիգմատիզմ)
  • մեկ աչքի հետ կապված որևէ խնդիր, օրինակ՝ ոսպնյակի որոշ շրջանների «պղտորություն» (բնածին կատարակտ):

Ամբլիոպիայի ախտանիշները

Ձեր երեխայի մոտ ամբլիոպիայի առկայության մասին հուշող նշաններից են՝

  • աչքերը կարծես թե միասին և ներդաշնակ չեն գործում
  • աչքերից մեկը կարծես թե «թափառում է» դեպի ներս կամ դուրս
  • տեսողությունը կենտրոնացնելիս երեխան մի աչքը կկոցում կամ փակում է
  • տեսողությունը լարելիս երեխան գլուխն առաջ է թեքում
  • տեսողական խոր ընկալման թուլության նշաններ:

Այցելեք բժշկին, եթե նկատում եք, որ ձեր մի քանի շաբաթական նորածին երեխայի աչքն անորոշ «թափառող» շարժում է անում: Կարևոր է նաև մինչև դպրոց հաճախելը երեխայի տեսողության կանխարգելիչ ստուգումը:

Ամբլիոպիայի ախտորոշումը

Ամբլիոպիան ախտորոշվում է օկուլիստի կամ ակնաբույժի կողմից երեխայի տեսողության հետազոտման միջոցով:

Ամբլիոպիայի բուժումը

Որքան վաղ է սկսվում ամբլիոպիայի բուժումը, այնքան ավելի լավ արդյունքներ կարելի է ակնկալել, քանի որ կարևոր է տեսողության այս խանգարումը շտկել, քանի դեռ գլխուղեղի և աչքերի միջև ներդաշնակ կապերը լիարժեքորեն չեն ձևավորվել:

Բուժման տեսակը կախված է ամբլիոպիայի պատճառից և երեխայի տեսողության խանգարման աստիճանից: Բուժական որոշ տարբերակներից են՝

  • երեխայի մոտ աստիգմատիզմի, կարճատեսության կամ հեռատեսության շտկում օպտիկական ակնոցի կամ կոնտակտային լինզաների միջոցով
  • ավելի ուժեղ տեսողությամբ աչքի ծածկում՝ խթանելու թույլ աչքի տեսողությունը
  • նույն նպատակով, ավելի ուժեղ տեսողությամբ աչքի համար տեսողությունը ժամանակավորապես վատացնող-աղավաղող տեղային կաթիլների (օրինակ՝ ատրոպին) կամ այլ միջոցների կիրառում
  • ըստ ցուցման՝ երեխայի հիվանդ աչքի խնդրի վիրահատական բուժում (օրինակ՝ կատարակտի, կախ ընկած վերին կոպի, շլության դեպքում):

Բուժումը սովորաբար արդյունք է տալիս մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, թեև անհրաժեշտության դեպքում կարող է շարունակվել մինչև 2 տարի:

25 տոկոս դեպքերում ամբլիոպիան կարող է կրկնվել, ուստի կարևոր է, որպեսզի բուժումից հետո երեխան գտնվի ակնաբույժի պարբերական հսկողության ներքո:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-11-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով