Խիստ կարևոր է սկսել ամբլիոպիայի բուժումը որքան հնարավոր է շուտ մանկության տարիներին, երբ աչքի և գլխուղեղի միջև ձևավորվում են բարդ կապեր:
Լավագույն արդյունքները ստացվում են, երբ բուժումը սկսվում է մինչև 7 տարեկանը, թեև 7-ից 17 տարեկան երեխաների կեսը արձագանքում է բուժմանը:
Բուժման տարբերակները կախված են «ծույլ աչքի» պատճառներից և այն բանից, թե որքանով է այդ վիճակը ազդում ձեր երեխայի տեսողության վրա: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ մոտեցումներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Շտկող ակնոց. ակնոցները կամ կոնտակտային լինզաները կարող են շտկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կարճատեսությունը, հեռատեսությունը կամ աստիգմատիզմը, որոնք հանգեցնում են ամբլիոպիայի:
- Աչքի ծածկում. ավելի թույլ աչքի գործունեությունը խթանելու համար ձեր երեխան օրական երկու-վեց կամ ավելի երկար տևողությամբ ավելի ուժեղ տեսողությամբ աչքի վրա կրում է աչքի ծածկոց: Հազվադեպ, չափազանց երկար ժամանակով ակնածածկոց կրելը կարող է առաջացնել ամբլիոպիա նույն աչքում: Այնուամենայնիվ, դա սովորաբար ետզարգացող է:
- Բանգերտերի ֆիլտր. այս հատուկ ֆիլտրը տեղադրվում է ավելի ուժեղ տեսնող աչքի ակնոցի ոսպնյակի վրա։ Ֆիլտրը մշուշացնում է ուժեղ աչքով տեսողությունը և, ինչպես աչքի ծածկոցը, խթանում է ավելի թույլ աչքի գործունեությունը:
- Աչքի կաթիլներ. Ատրոպին (Իզոպտո Ատրոպին) կոչվող դեղամիջոցի մեկ կաթիլը կարող է ժամանակավորապես վատացնել-աղավաղել ուժեղ աչքի տեսողությունը: Սովորաբար, աչքի կաթիլները նախատեսված են հանգստյան օրերին կամ ամենօրյա օգտագործման համար: Աչքի կաթիլների օգտագործումը խրախուսում է ձեր երեխային, որ նա օգտագործի ավելի թույլ աչքը և կարող է օգտագործվել որպես աչքը ծածկելուն այլընտրանք: Կողմնակի ազդեցություններից են լույսի նկատմամբ զգայունութան բարձրացումը և կաթիլներ ստացող աչքի գրգռվածությունը:
- Վիրահատություն. ձեր երեխան կարող է վիրահատության կարիք ունենալ, եթե ունի կախված կոպեր կամ կատարակտ, որոնք առաջացնում են դեպրիվացիոն ամբլիոպիա: Եթե ձեր երեխայի աչքերը համապատասխան ակնոց կրելուց հետո շարունակում են շլանալ կամ «լողալ», ձեր բժիշկը կարող է ի լրումն ամբլիոպիայի այլ բուժումների խորհուրդ տալ աչքերն ուղղող վիրաբուժական վերականգնում:
Այլ թերապիաներին գործունեության վրա հիմնված բուժումներ ավելացնելու արդյունավետությունը, ինչպիսիք են նկարելը, փազլներ հավաքելը կամ համակարգչային խաղեր խաղալը, ապացուցված չէ: Նոր բուժումների հետազոտությունները շարունակվում են:
Ամբլիոպիա ունեցող երեխաների մեծամասնության համար պատշաճ բուժումը բարելավում է տեսողությունը շաբաթների կամ ամիսների ընթացքում: Բուժումը կարող է տևել վեց ամսից մինչև երկու տարի։
Կարևոր է, որ ձեր երեխան վերահսկվի «ծույլ աչքի» կրկնության համար, ինչը կարող է առաջանալ այս հիվանդություն ունեցող երեխաների մինչև 25 տոկոսի մոտ: Եթե ամբլիոպիան կրկնվի, բուժումը պետք է նորից մեկնարկել:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024