Հակակորիզային (անտինուկլեար) հակամարմինների թեստը հայտնաբերում է ձեր արյան մեջ համանուն հակամարմինները:
Ի՞նչն են հետազոտում
Իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք ձեր օրգանիզմը պաշտպանում են վարակներից: Հակառակ դրան, հակակորիզային հակամարմինները (ANA) հաճախ գրոհում և ախտահարում են ձեր սեփական հյուսվածքները՝ թիրախավորելով բջիջների կորիզը:
Դեպքերի մեծ մասում դրական ANA թեստը վկայում է, որ ձեր իմունային համակարգը մեկնարկել է սխալ ուղղությամբ գրոհ սեփական հյուսվածքների դեմ, որին բժիշկներն անվանում են աուտոիմուն ռեակցիա: Սակայն որոշ մարդիկ կարող են ունենալ դրական ANA թեստ՝ լինելով գործնականում առողջ:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Ձեր բժիշկը կարող է նշանակել ANA թեստ, եթե ձեզ մոտ կասկածում է որևէ աուտոիմուն խանգարման առկայություն, ինչպիսիք են՝
- համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)
- ռևմատոիդ արթրիտ
- սկլերոդերմիա:
Բազմաթիվ բորբոքային հիվանդություններ ունեն միանման գանգատներ և ախտանիշներ՝ հոդացավ, թուլություն և ջերմություն: ANA թեստը չի կարող հաստատել որևէ ախտորոշում, սակայն կարող է բացառել այլ՝ ոչ բորբոքային հիվանդությունները: Եթե ձեր ANA թեստը դրական է, ապա բժիշկը կարող է նշանակել առանձնահատուկ հակակորիզային հակամարմինների առկայության թեստ, որոնցից որոշներն ի հայտ են գալիս միայն կոնկրետ հիվանդությունների ժամանակ:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
ANA թեստը պահանջում է ձեր երակային արյան քիչ քանակությամբ նմուշ (մինչև 2-3 մլ): Եթե պատրաստվում եք հանձնել միայն այս թեստը, ապա կարող եք մինչև լաբորատորիա այցելելը նորմալ սնունդ կամ հեղուկներ ընդունել՝ առանց հատուկ նախապատրաստվելու:
Որոշ դեղամիջոցներ կարող են ազդել թեստի ճշգրտության վրա, ուստի տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ընդունել եք որևէ դեղ, այդ թվում՝ դեղատոմս չպահանջող:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Ձեր արյան մեջ հակակորիզային հակամարմինների առկայությունը մեկնաբանվում է որպես դրական թեստ, իսկ բացակայությունը՝ բացասական թեստ: Դրական թեստ ստանալը դեռ չի նշանակում, որ դուք ունեք որևէ հիվանդություն: Բազմաթիվ առողջ մարդկանց, հատկապես`65-ն անց կանանց մոտ կարող է ստացվել դրական ANA թեստ:
Որոշ վարակային հիվանդություններ և քաղցկեղներ, ինչպես նաև որոշ դեղերի օգտագործումը կարող են առաջացնել հակակորիզային հակամարմիններ: Եթե ձեր բժիշկը կասկածում է որևէ աուտոիմուն խանգարման առկայություն, ձեզ կնշանակի լրացուցիչ թեստեր:
Լրացուցիչ տեղեկատվություն
ANA թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք ANA-ի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024