Սեռական գրգռումը, վերելքը և օրգազմը (հեշտանքը) բարդ ռեակցիաներ են, որոնք ներառում են տարբեր ֆիզիկական (մարմնական), հուզական, զգայական և հոգեբանական գործոններ:
Այս ոլորտներից որևէ մեկի հետ կապված խնդիրները կարող են ազդել ցանկալի օրգազմին հասնելու ձեր ունակության վրա:
Անձնային և հոգեբանական գործոններ
Անցյալի փորձը, վարքագծերը, նախապատմությունը կամ հոգեկան վիճակը կարող են նպաստել օրգազմի հետ կապված խնդիրների առաջացմանը: Դրանք ներառում են՝
- անցյալում սեռական կամ հուզական բռնություն
- սեռական խթանման կամ փոխազդեցությունների մասին գիտելիքների պակաս
- վատ ինքնագնահատական
- սեռական հարաբերության հետ կապված մեղքի զգացում կամ ամոթ
- սեռական հարաբերության վերաբերյալ մշակութային կամ կրոնական համոզմունքներ
- սթրեսածին գործոններ, ինչպիսիք են ֆինանսական խնդիրները կամ սիրելիի կորուստը
- հոգեկան առողջության խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը կամ դեպրեսիան:
Փոխհարաբերությունների գործոններ
Ձեր սեռական զուգընկերոջ հետ ունեցած խնդիրները կարող են նպաստել օրգազմի հետ կապված խնդիրներին: Դրանք կարող են ներառել՝
- հուզական մտերմության պակաս կամ բացակայություն
- չլուծված հակասություններ
- սեռական կարիքների և նախասիրությունների վերաբերյալ վատ տեղեկացվածություն
- անհավատարմություն կամ վստահության չարաշահում
- ինտիմ զուգընկերոջ կողմից բռնություն
- զուգընկերոջ սեռական դիսֆունկցիա, օրինակ՝ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդ զուգընկեր:
Ֆիզիկական (մարմնական) պատճառներ
Հիվանդությունների լայն շրջանակը, արտաքին փոփոխությունները և դեղամիջոցները կարող են խանգարել օրգազմին:
- Առողջական խնդիրներ. երկարաժամկետ հիվանդությունները, ինչպիսիք են դիաբետը, գերակտիվ միզապարկը կամ ցրված սկլերոզը, կարող են նպաստել կամ բարդացնել օրգազմի խանգարման գործոնները:
- Գինեկոլոգիական բուժում. Հյուսվածքների վնասումը գինեկոլոգիական վիրահատություններից առաջացած հյուսվածների վնասումը, ինչպիսիք են հիստերէկտոմիան (արգանդի հեռացում) կամ քաղցկեղի վիրահատությունը, կարող են ազդել օրգազմ ունենալու ունակության վրա:
- Դեղորայք. դեղատոմս պահանջող և չպահանջող բազմաթիվ դեղեր կարող են արգելակել օրգազմը, ներառյալ արյան ճնշման դեղերը, հակափսիխոտիկ դեղամիջոցները, հակահիստամինները և հակադեպրեսանտները, մասնավորապես՝ սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչները (ինհիբիտորներ):
- Ալկոհոլը և ծխելը. ալկոհոլն ընկճում է նյարդային համակարգը և կարող է խանգարել օրգազմ ունենալու կարողությանը։ Ծխելը կարող է սահմանափակել արյան հոսքը դեպի սեռական օրգաններ՝ խանգարելով օրգազմի զարգացմանը։
- Մարմնի տարիքային փոփոխություններ. դաշտանադադարից հետո կամ ավելի ուշ կյանքում զարգացող օրգանիզմի փոփոխությունները կարող են նպաստել սեռական գործունեության տարբեր տեսակի խանգարումների առաջացմանը:
Փոխկապված սեռական խանգարումներ
Անօրգազմիայով տառապող կանայք կարող են ունենալ մեկ կամ մի քանի փոխկապված սեռական խնդիրներ: Սրանք կարող են նպաստել կամ բարդացնել օրգազմի հետ կապված խնդիրը: Այս վիճակները ներառում են՝
- սեռական գրգռման և վերելքի հետ կապված խնդիրներ
- սեռական հարաբերության քիչ ցանկություն կամ նման ցանկության բացակայություն
- սեռական հարաբերությունից կամ այլ սեռական խթանումից առաջացող ցավ
- հեշտոցի կամ ամոթույքի (վուլվայի) չորություն
- հեշտոցի ակամա կծկում (վագինիզմ):
Հոդվածը հրապարակվել է՝ 01-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024