Օրգազմի ուշացման, պակասի կամ բացակայության բուժումը կախված է նրանից, թե ինչն է նպաստում ձեր խնդրին:
Հնարավոր բուժումները ներառում են՝ ապրելակերպի փոփոխություններ, թերապիա և դեղորայք: Եթե ունեք որևէ հիվանդություն կամ առողջական վիճակ, որը նպաստում է ձեր անօրգազմիային, ձեր բժիշկը խորհուրդ կտա համապատասխան բուժում՝ ուղղված տվյալ պատճառի վերացմանը:
Ապրելակերպի փոփոխություններ և թերապիա (ոչ դեղորայքային բուժում)
Անօրգազմիայի բուժումը սովորաբար սկսվում է մեկ կամ մի քանի մոտեցումներով, որոնց նպատակը ձեր մարմինն ավելի լավ ճանաչելն է, հասկանալը, թե որ մեթոդը կարող է ձեզ համար ավելի արդյունավետ լինել, ինչպես նաև ձեր վարքագծերը փոփոխելը: Այս բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Կրթություն. ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, ձեզ հետ կքննարկի կանանց սեռական անատոմիան և այն, թե ինչպես են ձեր մարմնի տարբեր կառուցվածքներ արձագանքում սեռական խթանմանը: Այս զրույցը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալու ձեր խնդրի էությունը, ձեր մտքից ջնջելու թյուր կարծրատիպերը, ինչպես նաև ճիշտ ըմբռնելու ձեզ առաջարկվող բուժման նպատակները: Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել ուսումնական և տեղեկատվական–կրթական նյութեր:
- Ուղղորդված ձեռնաշարժություն. որոշ միջոցների տիրապետման և տնային վարժությունների այս ծրագիրը օգնում է ձեզ ծանոթանալ ձեր սեփական մարմնին և ուսումնասիրել ինքնակառավարվող սեռական խթանումը: Այն բանից հետո, երբ դուք սովորեցիք ինքներդ ձեզ հասցնել օրգազմի, կարող եք ձեր գիտելիքներն ու հմտությունները փորձարկել ձեր զուգընկերոջ հետ:
- Զգայական կենտրոնացում. այս մոտեցումը զույգերի համար տրամադրում է ուսուցում և տնային վարժություններ: Այն սկսվում է ոչ էրոտիկ հպումից և աստիճանաբար փոխարինվում է ավելի մտերմիկ շոյանքներով և սեռական խթանման այլ միջոցներով: Նպատակն այն է, որ յուրաքանչյուր զուգընկեր հասկանա դիմացինի կարիքները և սովորի, թե ինչպես հաղորդակցվել և ուղղորդել միմյանց օրգազմի հասնելու համար:
- Սեռական դիրքերի փոփոխություններ. ձեր բժիշկը կարող է առաջարկել փոփոխություններ ձեր սեռական դիրքերում, որոնք մեծացնում են հեշտոցային հարաբերության ժամանակ ծլիկի (կլիտորի) խթանումը:
- Սեռական խթանման սարքեր. սեռական խթանումն ուժեղացնող սարքերը կարող են օգնել ձեզ օրգազմի հասնելու համար: Դրանք ներառում են՝ վիբրատորներ և օդը պուլսացնող սարքեր, որոնք խթանում են ծլիկը: Մեկ այլ սարք, որը պահվում է ծլիկի վրա, թույլ արտածծում է այն՝ արյան հոսքը մեծացնելու համար: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ այդ սարքերը փորձեք միայնակ՝ հասկանալու, թե ինչն է ձեզ համար արդյունավետ, իսկ հետո փորձել դրանք ձեր զուգընկերոջ հետ:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա. անհատական կամ զույգերի թերապիան կարող է օգնել ձեզ լուծելու սեռական հարաբերությունների մասին ձեր պատկերացումներն ընդհանուր առմամբ և ձեր զուգընկերոջ հետ՝ որպես մասնավոր դեպք: Թերապիան կարող է օգնել այն վարքագծերին, որոնք կարող են նպաստել լավ սեռական հարաբերություններին։ Օրինակ, դուք կարող եք սովորել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության մասին խոսելու կամ սեռական հարաբերության ընթացքում ձեր կարիքները հայտնելու եղանակները:
Դեղորայքային բուժում
Որոշ դեղամիջոցներ փորձարկվել են անօրգազմիայի բուժման համար, սակայն չկան բավարար ապացույցներ դրանց օգտագործումը հաստատելու համար: Հորմոնային փոխարինող բուժումները կարող են որոշակի օգուտներ ունենալ, սակայն դրանք ունեն ռիսկեր, որոնք պահանջում են ուշադիր վերահսկում: Դրանք ներառում են հետևյալը:
- էստրոգենային բուժում. եթե դուք բուժում եք ստանում դաշտանադադարի ախտանիշների համար, բուժումը կարող է նաև որոշակի ազդեցություն ունենալ սեռական փորձի բարելավման վրա: Նույն կերպ, ցածր չափաբաժիններով տեղային՝ հեշտոցային էստրոգենային բուժումը, ինչպիսին է նրբաքսուքը (կրեմ) կամ մոմիկը, կարող է բարելավել արյան հոսքը դեպի սեռական օրգաններ և բարելավել հեշտոցի խոնավությունն ու բնական քսանյութերի արտադրությունը: Էստրոգենի հաբերի երկարատև օգտագործումը կապված է կրծքագեղձի քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ:
- Տեստոստերոնային բուժում. հետդաշտանադադարում գտնվող որոշ կանանց համար, ովքեր ունեն տեստոստերոնի ավելի ցածր մակարդակ, քան բնորոշ է նույն տարիքի կանանց համար, տեստոստերոնի փոխարինող բուժումը կարող է բարելավել սեռական գրգռումը և օրգազմը: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ ակնե (պզուկներ), մարմնի հավելյան մազակալում (հիրսուտիզմ), բարձր խտության լիպոպրոտեիդների կամ «լավ» խոլեստերինի նվազում և էստրոգեն փոխարինող բուժման նմանվող ռիսկեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024