Ոսկրածուծի ցողունային բջիջներն արտադրում են արյան բջիջներ կամ ձևավոր տարրեր:
Դրանք են՝
- արյան կարմիր բջիջներ կամ էրիթրոցիտներ
- արյան սպիտակ բջիջներ կամ լեյկոցիտներ
- արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:
Ապլաստիկ անեմիայի ժամանակ ցողունային բջիջներն ախտահարված են, որի հետևանքով ոսկրածուծը կամ «դատարկ» է (ապլաստիկ) կամ էլ պարունակում է սակավաթիվ արյան բջիջներ (հիպոպլաստիկ):
Ապլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառն իմունային համակարգի կողմից սեփական ցողունային բջիջները վնասելն է (աուտոիմուն խանգարում): Ցողունային բջիջները վնասող և արյան բջիջների արտադրությունը խաթարող գործոնները ներառում են հետևյալը:
- Ճառագայթային թերապիա և քիմիոթերապիա. քաղցկեղի դեմ նախատեսված այս թերապիաները ոչնչացնում են քաղցկեղային բջիջները, սակայն դրանք նաև կարող են վնասել առողջ բջիջները, այդ թվում՝ ոսկրածուծի ցողունային բջիջները: Ապլաստիկ անեմիան կարող է լինել այս բուժումների ժամանակավոր կողմնակի ազդեցությունը:
- Թունավոր քիմիական նյութերի ազդեցություն. թունավոր (տոքսիկ) քիմիական նյութերը, ինչպիսիք են թունաքիմիկատների և միջատասպանների մեջ օգտագործվողները, և բենզոլը, որը բենզինի բաղադրիչ է, կապված են ապլաստիկ անեմիայի հետ: Անեմիայի այս տեսակը կարող է բարելավվել, եթե խուսափեք քիմիական նյութերի կրկնակի ազդեցությունից, որոնք առաջացրել են ձեր հիվանդությունը:
- Որոշակի դեղամիջոցների օգտագործում. որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտի բուժման համար օգտագործվողները և որոշ հակաբիոտիկներ, կարող են առաջացնել ապլաստիկ անեմիա:
- Աուտոիմուն խանգարումներ. աուտոիմուն խանգարումը, որի դեպքում ձեր իմունային համակարգը վնասում է առողջ բջիջները, կարող է ներառել ձեր ոսկրածուծի ցողունային բջիջները:
- Վիրուսային վարակ. վիրուսային վարակները, որոնք ազդում են ոսկրածուծի վրա, կարող են դեր խաղալ ապլաստիկ անեմիայի զարգացման մեջ: Վիրուսները, որոնք կապված են Ապլաստիկ անեմիայի հետ կապված վիրուսներից են հեպատիտը, Էպշտեյն-Բարը, ցիտոմեգալովիրուսը, պարվովիրուս B19-ը և ՄԻԱՎ-ը:
- Հղիություն. ձեր իմունային համակարգը կարող է գրոհել և ախտահարել ձեր ոսկրածուծը հղիության ընթացքում:
- Անհայտ գործոններ. շատ դեպքերում բժիշկները չեն կարողանում գտնել ապլաստիկ անեմիայի պատճառը (իդիոպաթիկ ապլաստիկ անեմիա):
Կապն այլ հազվադեպ խանգարումների հետ
Ապլաստիկ անեմիայով որոշ մարդկանց մոտ կարող է լինել մեկ այլ հազվադեպ հիվանդություն՝ պարօքսիզալ նոկտուրնալ հեմոգլոբինուրիա, որն առաջացնում է արյան կարմիր բջիջների շատ վաղ քայքայում: Այս վիճակը կարող է հանգեցնել ապլաստիկ անեմիայի, կամ ապլաստիկ անեմիան կարող է վերածվել պարօքսիզալ նոկտուրնալ հեմոգլոբինուրիայի:
Ֆանկոնիի անեմիան հազվադեպ, ժառանգական հիվանդություն է, որը հանգեցնում է ապլաստիկ անեմիայի: Այս հիվանդությամբ ծնված երեխաները հակված են լինելու ավելի փոքրամարմին, քան նույն տարիքի այլ երեխաները և ունենալու արատներ, ինչպիսին է թերզարգացած վերջույթները: Հիվանդությունն ախտորոշվում է արյան թեստերի օգնությամբ:
Ռիսկի գործոններ
Ապլաստիկ անեմիան հազվադեպ հիվանդություն է, որի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Քաղցկեղի կապակցությամբ բուժում բարձր չափաբաժնի ճառագայթմամբ կամ քիմիոթերապիայով:
- Թունավոր միացությունների ազդեցություն:
- Որոշ դեղամիջոցների օգտագործում, ինչպիսիք են Քլորամֆենիկոլը, որն օգտագործվում է բակտերիալ վարակների բուժման մեջ և ոսկու բաղադրիչները, որոնք օգտագործվում են ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ:
- Որոշակի արյան հիվանդություններ, աուտոիմուն խանգարումներ և ծանր վարակներ:
- Խիստ հազվադեպ՝ հղիություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024