Առողջական խնդիրներ
Ապլաստիկ անեմիա

3 րոպե
Ապլաստիկ անեմիան հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը դադարում է բավարար քանակով նոր արյան բջիջներ արտադրել:
Այս հիվանդությունը բերում է ընդհանուր թուլության, վարակների նկատմամբ բարձր հակման և անկառավարելի արյունահոսության:
Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում (տարեկան 2-3 դեպք մեկ միլիոն բնակչին): Այն կարող է սկսվել հանկարծակի, կամ ի հայտ գալ դանդաղորեն և ժամանակի ընթացքում վատթարանալ: Ապլաստիկ անեմիան կարող է լինել թեթև կամ ծանր:
Բուժումը ներառում է դեղերի նշանակում, արյան փոխներարկում կամ ցողունային բջիջների փոխպատվաստում: Վերջինս հայտնի է նաև որպես կարմիր ոսկրածուծի փոխպատվաստում:
Ապլաստիկ անեմիայի ախտանիշները
Ապլաստիկ անեմիան կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի: Երբ հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում են, ի հայտ են գալիս հետևյալ գանգատները և նշանները՝
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- օդի պակասի զգացում և հևոց
- հաճախացած կամ անկանոն սրտի ռիթմ
- մաշկի գունատություն
- հաճախակի կամ երկարատև ընթացքով վարակներ
- անհասկանալի կամ հեշտ առաջացող արյունազեղումներ
- քթային և լնդային արյունահոսություններ
- կտրված վերքերից արյունահոսության երկարացում
- մաշկային ցան
- գլխապտույտ
- գլխացավ
- ջերմության բարձրացում:
Ապլաստիկ անեմիան կարող է ունենալ կարճատև կամ քրոնիկ ընթացք: Հիվանդությունը կարող է ստանալ ծայրահեղ ծանր ընթացք և անգամ բերել մահվան:
Ապլաստիկ անեմիայի պատճառները
Ոսկրածուծի ցողունային բջիջներն արտադրում են արյան բջիջներ կամ ձևավոր տարրեր՝
- արյան կարմիր գնդիկներ կամ էրիթրոցիտներ
- արյան սպիտակ գնդիկներ կամ լեյկոցիտներ
- արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:
Ապլաստիկ անեմիայի ժամանակ ցողունային բջիջներն ախտահարված են, որի արդյունքում ոսկրածուծը կամ դատարկ է (ապլաստիկ) կամ պարունակում է սակավաթիվ արյան բջիջներ (հիպոպլաստիկ):
Ապլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառն իմունային համակարգի կողմից սեփական ցողունային բջիջները վնասելն է (կոչվում է «աուտոիմուն խանգարում»): Ցողունային բջիջները վնասող և հիվանդության զարգացմանը նպաստող այլ գործոններից են՝
- ճառագայթային բուժում և քիմիոթերապիա
- թունավոր քիմիական նյութերի ազդեցություն (միջատասպաններ, բենզին և այլն)
- որոշ դեղերի ընդունում (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի բուժման դեղեր, հակաբիոտիկներ և այլն)
- աուտոիմուն հիվանդություններ
- վիրուսային վարակներ (հեպատիտներ, Էպշտեյն-Բարի վիրուս, ցիտոմեգալովիրուս, B19 պարվովիրուս, ՄԻԱՎ և այլն)
- հղիություն
- անհայտ գործոններ` մոտ 50% դեպքերում (իդիոպաթիկ ապլաստիկ անեմիա):
Ապլաստիկ անեմիայով որոշ մարդկանց մոտ կարող է լինել մեկ այլ հազվադեպ հիվանդություն, օրինակ՝ պարօքսիզալ նոկտուրնալ հեմոգլոբինուրիա կամ Ֆանկոնիի անեմիա:
Ապլաստիկ անեմիայի ախտորոշումը
Ապլաստիկ անեմիան ախտորոշվում է հետևյալ հետազոտությունների օգնությամբ՝
- արյան հետազոտություններ, հատկապես ՝ արյան ընդհանուր հետազոտություն, որով հայտնաբերվում է արյան ձևավոր տարրերի բոլոր երեք տեսակների քանակի կտրուկ կրճատում
- ոսկրածուծի բիոպսիա:
Ապլաստիկ անեմիայի բուժումը
Ապլաստիկա անեմիայի բուժումը կախված է հիվանդության ծանրության աստիճանից և ձեր տարիքից: Ծանր դեպքերում բժիշկը կարող են առաջարկել հիվանդանոցային բուժում:
Բուժման հիմնական մեթոդներն են՝
- արյան փոխներարկում (օրինակ՝ էրիթրոցիտների կամ թրոմբոցիտների փոխներարկում)
- ոսկրածուծի փոխպատվաստում
- իմունային համակարգը ճնշող դեղեր (օրինակ՝ Ցիկլոսպորին և հակաթիմոցիտային գլոբուլին, կորտիկոստերոիդներից՝ Մեթիլպրեդնիզոլոն)
- ոսկրածուծի խթանիչներ (օրինակ՝ գաղութ-խթանող գործոններից Սարգրամոսիմ, Ֆիլգրաստիմ և Պեգֆիլգրաստիմ, Էպոետին ալֆա և Էլտրոմբոպագ)
- հակաբիոտիկներ և հակավիրուսային դեղեր (ուղեկցող վարակների բուժում)
- այլ բուժումներ:
Ապլաստիկ անեմիայի կանխարգելումը
Ապլաստիկա անեմիայի դեպքերի մեծ մասի համար որևէ կանխարգելում չկա: Այս հիվանդության նկատմամբ ձեր ռիսկը կարող է նվազել քիմիական նյութերի հետ շփումը սահմանափակելիս:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2020 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: