Skip to main content

Բուժում - Ապլաստիկ անեմիա

Ապլաստիկ անեմիայի բուժումը, որը կախված կլինի ձեր վիճակի ծանրության աստիճանից և ձեր տարիքից, կարող է ներառել հսկողությունը, արյան փոխներարկումը, դեղամիջոցները կամ ոսկրածուծի փոխպատվաստումը:

Ծանր ապլաստիկ անեմիան, երբ ձեր արյան բջիջների քանակը չափազանց ցածր է, կյանքին վտանգ է սպառնում և պահանջում է անհապաղ հոսպիտալացում և հիվանդանոցային բուժում:

Արյան փոխներարկումներ

Արյան փոխներարկումը չի բուժում ապլաստիկ անեմիան, սակայն կարող է վերահսկելի դարձնել արյունահոսությունը և թեթևացնել ախտանիշները՝ ապահովելով արյան բջիջներ, որոնք ձեր ոսկրածուծը չեն արտադրում: Դուք կարող եք ստանալ՝

  • արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), որոնք բարձրացնում են արյան կարմիր բջիջների քանակը և օգնում են սակավարյունության (անեմիայի) և հոգնածության մեղմացմանը
  • արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք օգնում են կանխելու առատ արյունահոսությունը:

Արյան փոխներարկման քանակի սահմանափակումներ չկան, սակայն երբեմն բազմակի փոխներարկման դեպքում կարող են զարգանալ բարդություններ: Փոխներարկված արյան կարմիր բջիջները պարունակում են երկաթ, որը կարող է կուտակվել ձեր օրգանիզմում և վնասել կենսական օրգանները, եթե երկաթի գերբեռնվածությունը չբուժվի: Դեղորայքը կարող է օգնել, որ ձեր օրգանիզմն ազատեք ավելորդ երկաթից:

Ժամանակի ընթացքում ձեր օրգանիզմը կարող է հակամարմիններ արտադրել փոխներարկված արյան բջիջների նկատմամբ, ինչը դրանց ավելի քիչ արդյունավետ է դարձնում ախտանիշները թեթևացնելու գործում: Իմունային համակարգը ճնշող դեղամիջոցների՝ իմունոսուպրեսորների օգտագործումն այս բարդության հավանականությունը դարձնում է ավելի քիչ հավանական:

Ցողունային բջիջների փոխպատվաստում

Ցողունային բջիջների փոխպատվաստումը դոնորի ցողունային բջիջներով ախտահարված ոսկրածուծը վերականգնելու համար կարող է լինել միակ հաջող բուժման տարբերակը ծանր ապլաստիկ անեմիա ունեցող մարդկանց համար: Ցողունային բջիջների փոխպատվաստումը, որը նաև կոչվում է ոսկրածուծի փոխպատվաստում, ընդհանուր առմամբ նախընտրելի բուժում է այն մարդկանց համար, ովքեր ավելի երիտասարդ են և ունեն համապատասխան դոնոր, առավել հաճախ՝ քույր կամ եղբայր:

Եթե դոնորն ընտրվում է, ձեր հիվանդ ոսկրածուծը նախ ենթարկվում է հյուծման ճառագայթման կամ քիմիոթերապիայի միջոցով: Դոնորի առողջ ցողունային բջիջները զտվում են նրա արյունից։ Առողջ ցողունային բջիջները երակով ներարկվում են ձեր արյան մեջ, որտեղից արյան հունով տեղափոխվում են ոսկրածուծի խոռոչներ և սկսում են նոր արյան բջիջներ ստեղծել:

Միջամտությունը պահանջում է երկար ժամանակ հիվանդանոցային հսկողություն: Փոխպատվաստումից հետո դուք դեղեր կստանաք, որոնք կօգնեն կանխելու ձեր օրգանիզմի կողմից դոնորական ցողունային բջիջների մերժումը:

Ցողունային բջիջների փոխպատվաստումը զերծ չէ ռիսկերից: Օրինակ, ձեր օրգանիզմը կարող է չընդունել փոխպատվաստումը, ինչը կհանգեցնի կյանքին սպառնացող բարդությունների: Բացի այդ, ոչ բոլորն են փոխպատվաստման թեկնածու կամ կարող են գտնել համապատասխան դոնոր:

Իմունոսուպրեսորներ

Այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ոսկրածուծի փոխպատվաստում անցնել կամ նրանց համար, ում ապլաստիկ անեմիան պայմանավորված է աուտոիմուն խանգարմամբ, բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, որոնք փոփոխում կամ ճնշում են իմունային համակարգը:

Դեղամիջոցները, ինչպիսիք են Ցիկլոսպորինը (Գենգրաֆ, Նեօրալ, Սանդիմուն) և հակաթիմոցիտային գլոբուլինը, ճնշում են իմունային բջիջների ակտիվությունը, որոնք վնասում են ձեր ոսկրածուծը: Սա օգնում է ձեր ոսկրածուծին, որ վերականգնվի և արտադրի արյան նոր բջիջներ: Ցիկլոսպորինը և հակաթիմոցիտային գլոբուլինը հաճախ նշանակվում են միասին:

Այս դեղերի հետ հաճախ օգտագործվում են կորտիկոստերոիդներ, ինչպիսին է Մեթիլպրեդնիզոլոնը (Մեդրոլ, Սոլու-Մեդրոլ):

Թեև արդյունավետ լինելուն, այս դեղամիջոցներն ավելի են թուլացնում ձեր իմունային համակարգը: Հնարավոր է նաև, որ անեմիան վերականգնվի այս դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո:

Ոսկրածուծի խթանիչներ

Որոշ դեղամիջոցներ, ներառյալ գաղութները խթանող գործոնները, ինչպիսիք են Սարգրամոստիմը (Լեյկին), Ֆիլգրաստիմը (Նեուպոգեն) և Պեգֆիլգրաստիմը (Նեուլաստա), Էպոետին ալֆան (Էպոգեն/Պրոկրիտ) և Էլտրոմբոպատը (Պրոմակտա), օգնում են ոսկրածուծի խթանմանը, որ վերինս սկսի արտադրել արյան նոր բջիջներ: Աճի գործոնները հաճախ օգտագործվում են իմունիտետը ճնշող դեղամիջոցների հետ միասին:

Հակաբիոտիկներ և հակավիրուսային միջոցներ

Ապլաստիկ անեմիա ունենալը թուլացնում է ձեր իմունային համակարգը, ինչը ձեզ ավելի խոցելի է դարձնում վարակների նկատմամբ:

Եթե ունեք ապլաստիկ անեմիա, դիմեք ձեր բժշկին վարակի առաջին նշանների, օրինակ՝ ջերմության դեպքում: Անհրաժեշտ է կանխել վարակի զարգացում, քանի դեռ այն ձեր կյանքին վտանգ չի ներկայացնում: Եթե ունեք ծանր ապլաստիկ անեմիա, ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կօգնեն կանխելու վարակները:

Այլ բուժումներ

Քաղցկեղի բուժման դեպքում ճառագայթման և քիմիոթերապիայի հետևանքով առաջացած ապլաստիկ անեմիան սովորաբար բարելավվում է այդ բուժումների դադարեցումից հետո: Նույնը վերաբերում է բազմաթիվ այլ դեղամիջոցների, որոնք հրահրում են ապլաստիկ անեմիայի զարգացումը:

Ապլաստիկ անեմիա ունեցող հղիները բուժվում են արյան փոխներարկումով: Բազմաթիվ կանանց մոտ հղիության հետ կապված ապլաստիկ անեմիան բարելավվում է հղիության ավարտից հետո: Եթե դա տեղի չունենա, անհրաժեշտ է լրացուցիչ բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024