Առողջական խնդիրներ

Ցավ ձեռքերում

Ցավ ձեռքերում

Time Read 3 րոպե

Ձեր վերջին վերջուկթը կարող է ցավել բազմաթիվ տարբեր պատճառներով՝ սկսած հոդերի վնասվածքներից մինչև նյարդերի ճնշում:

Կախված պատճառից, ձեռքերից մեկնումեկի կամ երկուսի որևէ շրջանում կամ ամբողջ վերջույթով տարածվող ցավը կարող է սկսվել հանկարծակի կամ զարգանալ աստիճանաբար:

Բազմաթիվ դեպքերում ձեռքի ցավը կարող է իրականում առաջանալ ոչ թե տվյալ վերջույթում, այլ՝ պարանոցում կամ թիկունքում առկա խնդիրների պատճառով: Պետք է նաև նկատի ունենալ, որ ձեռքի ցավը, մասնավորապես, դեպի ձեր ձախ վերին վերջույթ ճառագայթվող և ընդհանուր թուլությամբ ուղեկցվող ցավերը կարող են լինել սրտամկանի ինֆարկտի նշաններից մեկը:

Պատճառներ

Ձեռքի ցավերի հնարավոր պատճառներից են՝

  • կրծքահեղձուկ (ստենոկարդիա, երբ նվազում է սրտի արյունամատակարարումը)
  • բազկային հյուսվածքի վնասվածք
  • ձեռքի և դաստակի կոտրվածքներ
  • բուրսիտներ (հոդի ձուսպապարկի բորբոքում)
  • կարպալ թունելի համախտանիշ
  • պարանոցային ողնաշարի սկավառակի ճողվածք
  • Դե Քվերվեյնի տենդոսինովիտ
  • արմնկային հոդաբորբ
  • ֆիբրոմիալգիա
  • սրտամկանի ինֆարկտ
  • ռևմատոիդ արթրիտ (հոդերի քրոնիկ աուտոիմուն բորբոքային հիվանդություն)
  • բազկի պտտական մանժետի վնասվածք
  • ձգվածություն (растяжения)
  • տենդոնիտ (ջլի բորբոքում)
  • կրծքային ելքի համախտանիշ
  • արմնկային նյարդի ճմլում:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝

  • հանկարծակի սկսված և անսովոր սաստիկ ցավեր ձեռքերի, ուսագոտու կամ թիկունքի շրջանում կամ ձեռքի ցավեր, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի կամ կրծոսկրի շրջանում սեղմող-ճնշող կամ ծանրության զգացումներով (սա կարող է ահազանգել սրտամկանի ինֆարկտի մասին)
  • ձեռքի կամ դաստակի շրջանի ցայտուն ձևափոխում կամ դուրս ցցված ոսկոր, հատկապես, եթե ունեք արյունահոսություն կամ այլ վնասվածքներ:

Անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե ունեք՝

  • ձեռքի, ուսագոտու կամ թիկունքի ցավեր, որոնք առաջանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ և մեղմանում հանգիստ վիճակում, որը կարող է լինել սրտամկանի անբավարար արյունամատակարարման նշան
  • ձեռքի սուր վնասվածք, հատկապես, եթե լսում եք կոտրվածքի ձայն (խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ տրավմատիկ շոկ)
  • ձեռքի շրջանի ուժեղ ցավեր և այտուցվածություն
  • ձեռքի ախտաբանական շարժունություն կամ նորմալ շարժունակության կորուստ:

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝

  • ձեռքի ցավեր, որոնք տնային խնամքից հետո չեն բարելավվում
  • վնասված շրջանի կարմրություն, այտուցվածություն կամ ցավ:

Ինքնօգնություն

Նույնիսկ ձեռքի լուրջ վնասվածքների ժամանակ տնային խնամքի միջոցառումները կարող են որոշակիորեն օգտակար լինել: Եթե կարծում եք, որ ունեք ձեռքի կամ դաստակի կոտրվածք, ապա վնասված շրջանում կիրառված սառեցնող միջոցառումները և նույն ձեռքի որոշակի անշարժացումը կարող են մեղմացնել ցավերը՝ մինչև կայցելեք բժշկական կենտրոն:

Ձեռքի վնասվածքների դեպքում օգտակար կարող են հետևյալ միջոցառումները, որոնք անգլերենով ըստ սկզբնատառերի ստացել են «R.I.C.E.» հապավումը: Դրանք են՝

  • հանգիստ (Rest). խուսափեք ֆիզիկական ակտիվությունից, հատկապես վնասված ձեռքն օգտագործելուց կամ շարժելուց
  • սառույց (Ice). օրական 3 անգամ 15-20 րոպե վնասված շրջանի վրա դրեք սառցեպարկ
  • սեղմող վիրակապ (Compression). օգտագործեք սեղմող վիրակապ՝ ուղղված ձեռքի այտուցի նվազեցմանը
  • ձեռքի բարձր դիրք (Elevation). հնարավորության դեպքում ձեռքին տվեք բարձր դիրք, որպեսզի մեղմացնեք այտուցը:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2021 վերանայվել է՝ 26-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: